Մակաղատեղի` անիծված քաղաքում

Մտորման համար 26.07.2020   21:30   891

Խրվել էր, էն էլ ինչպես… Առջևում թագադրությունն էր:

Ինչքան օրերը մոտենում էին,այնքան հավատն էր պակասում: Հաղթողի ժպիտ չկար դեմքին: Անասելի գունատ էր: Դողէրոցքը կանխելու միակ ձևը չհիշելն էր: 

Ողնուղեղով էր զգում`ինչ որ բան այն չէր: «Անթագակիր արքայի» դերն, անխոս, ավելի տպավորիչ էր: Եթե առաջ փորձում էին կռահել ու ամեն տեղ իր անտես ներկայությունը որոնել, ապա հիմա գլխի էին ընկել: Մերկությունը հապճեպ գոցելու խնդիր էր դրված: Տքնաջանորեն աշխատող միտքը ելքեր էր փնտրում: Պարտավոր էր վիճակից դուրս պրծնելու հնարը գտնել, ինչ էլ այն արժենար: 

Ու, վարժ կատվի պես, ինչպես միշտ`գտավ…

Իսկ անհուսորեն մթագնած միտքը «լուսավորվեց» խիստ հանկարծակի իրեն պաշարած կարոտից: Հիսուն տարի գիտակցաբար իրենից դեն վանված, բայց վերջին «հաղթարշավից» հետո չգիտես որտեղից հայտնված ու վայրագորեն իրեն պարուրած կարոտից: Ամեն նստել վեր կենալիս, աչքին իրենց գյուղի տունն էր գալիս`հին, պուճուրիկ ու կղմինդրածածկ… Ու դռան շեմին իրեն մեծացրած տատը: Զառամյալության «շնորհիվ» իր հերոսություններից ու նյութած դավերից անտեղյակ տատը` ջրալի աչքերով ու` բարի, բարի: Զուլալ`միանգամայն անհաղորդ «տրանսգեն» զարգացումներին:

Մի րոպե… «Եթե Մուհամեդը չի գնում սարի մոտ…»: Շարունակությունն էական չէր: Ոնց չէր կռահել, հը՞… Վերջ ինքնախաբեությանը: Կծիկը թարս փաթաթելուց հետո միայն գտավ կտրված հանգույցը, նույնն է թե`վիճակից դուրս գալու ելքը: Ու դրան մեծապես օգնեց անկեղծ խոստովանանքը:

Այս անիծված քաղաքի հետ հաշտվել այդպես էլ չէր կարողանում: Ամեն ինչ խորթ էր` մենթալիտետը, հագ ու կապը, արժեհամակարգը: Ամեն ինչ…

«Եթե միայն ես ունենայի այս անախորժ զգացողությունը, կմտածեի ինձնից է, բայց այս հիշաչար քաղաքից խորշում են գավառաբնակներից շատերը, ավելին` ատում: Այն էլ ինչպես… Գյուղ պետք է դարձնել այս անիծված քաղաքը: Արոտավայրը կա, ավելին`քվոտավորված է, հովիվներ ինքը կկարգի, մնում է ամենաբարդը`նախիրը»: Ու գործի լծվեց…

Վահան Զարյան



 Պիտակներ
         Վահան Զարյան


 Նմանատիպ նյութեր

 Մեկնաբանություններ 0
Copyright © 2018 ScanNEWS. Design created by Fon uWeb