Մահացել է լեգենդար հրամանատար Կոմանդոսը՝ Արկադի Տեր-Թադևոսյանը

31.03.2021   17:03   32

81 տարեկան հասակում այսօր՝ մարտի 31-ին, մահացել է Արցախի հերոս, Շուշիի ազատագրման ռազմագործողության հրամանատար, գեներալ մայոր Արկադի Տեր-Թադևոսյանը՝ Կոմանդոսը։ 

Արկադի Տեր-Թադևոսյանը ծնվել է 1939 թվականի մայիսի 22-ին Վրացական ԽՍՀ-ի մայրաքաղաք Թբիլիսիում, ավարտել է Բաքվի զինվորական ուսումնարանը, այնուհետև՝ Լենինգրադի տրանսպորտի և թիկունքի ռազմական ակադեմիան։

Արկադի Տեր-Թադևոսյանը Խորհրդային բանակի կազմում ծառայել է Աֆղանստանում, Գերմանիայում, Չեխոսլովակիայում, Բելառուսում։

1988 թվականից միացել է Արցախի ազատագրման պայքարին և ակտիվ մասնակցություն է ունեցել կամավորականների զինվորական մարզման գործում։

1990 թվականին դարձել է «Սասունցի Դավիթ» կամավորական ջոկատի անդամ։

1991 թվականին նշանակվել է ՀՀ պաշտպանության կոմիտեի արտազինվորական պատրաստության բաժնի պետ։

1991 թվականի հոկտեմբերի 30-ին Արցախի նորաստեղծ ինքնապաշտպանական ուժերը Տեր-Թադևոսյանի հրամանատարությամբ իրականացված ռազմագործողության շնորհիվ ազատագրեցին ռազմավարական մեծ կարևորություն ունեցող Հադրութի շրջանի Տող գյուղը։

1992 թվականի մայիսին ակտիվ մասնակցություն է ունեցել Շուշի քաղաքի ազատագրման ռազմագործողության նախապատրաստման աշխատանքներին։


 Պիտակներ
         Արկադի Տեր-Թադևոսյան


 Նմանատիպ նյութեր

 Մեկնաբանություններ 0
Copyright © 2018 ScanNEWS. Design created by Fon uWeb