Մա՛րդ եմ փնտրում

Մտորման համար 08.05.2020   21:00   582

Հույն մեծանուն փիլիսոփա Դիոգենեսը օրը ցերեկով լապտերով շրջելու սովորություն ուներ: Երբ նա նման կերպ քաղաքում շրջելով կանչում էր՝ «Մա՛րդ եմ փնտրում», և նրան մոտենում էր որևէ մեկն ու հարցնում, թե կոնկրետ ո՞ւմ է փնտրում փիլիսոփան, նա պատասխանում էր.

- Հաստատ ոչ քեզ, խոզի մեկը...

(կամ էշ, կամ շուն՝ կախված անցորդի տեսքից)

*  *  *

Մի անգամ, երբ Դիոգենեսը վերադառնում էր Օլիմպիայի հրապարակից, անցորդները հարցրին նրան.

-Դիոգենե՛ս, ժողովուրդ շա՞տ կար հրապարակում...

-Ժողովուրդ շատ կար, բայց այ մարդիկ չափազանց քիչ էին, - պատասխանեց Դիոգենեսը...

*  *  *

Մի օր Դիոգենեսը քաղաքային հրապարակում փիլիսոփայական ճառ սկսեց, բայց ոչ ոք ուշադրության չարժանացրեց այն: Այդ ժամանակ Դիոգենեսը սկսեց թռչնային ձայներ հանել, եւ իսկույն նրա շուրջը հավաքվեց մի քանի հարյուր հոգանոց թեթեւսոլիկների մի ամբոխ: Դիոգենեսը դառնացած ասաց.

- Ահա ա´յդ եք դուք, աթենացինե՛ր, բանական խոսքին ուշադրություն չեք դարձնում, իսկ կենդանական վայնասունը լսում եք հիացած...

*  *  *

Ասում են, թե Ալեքսանդր Մակեդոնացին իր արշավանքը սկսելուց առաջ այցելում է Դիոգենեսին: Զրույցի ժամանակ Մակեդոնացին ասում է.

- Նախանձում եմ քեզ, Դիոգենես, պառկած ես գետի ափին, վայելում ես արեւը, մտքերդ պայծառ են, ոչինչ անել պետք չէ...

- Դու էլ պառկիր իմ կողքին, մտածենք միասին,- առաջարկում է Դիոգենեսը:

- Ո´չ, ներիր, ես պետք է աշխարհը նվաճեմ...

- Եվ որքա՞ն ժամանակ դա կխլի քեզանից...

- Գուցե քսան տարի...

- Իսկ արշավանքդ ավարտին հասցնելուց հետո ի՞նչ պետք է անես...

- Երեւի քեզ պես կպառկեմ ափին...

- Բարեկամս, ուրեմն ինչո՞ւ հապաղել քսան տարի, կարող ես հենց հիմա էլ պառկել...

*  *  *

Դիոգենեսին հարցրին.

- Ի՞նչ ես անելու եթե կոտրվի այն տակառը, որում ապրում ես...

-Դա ինձ չի անհանգստացնում, չէ՞ որ այն տեղը, որ զբաղեցնում եմ, չի կարող կոտրվել,- պատասխանում է Դիոգենեսը:

*  *  *

Դիոգենեսը, մի անգամ տեսնելով, թե ինչպես է երեխան իր բռով աղբյուրից ջուր խմում, տխրելով դեն նետեց իր թասը եւ ասաց. «Այս երեխան գերազանցեց ինձ հասարակ կենցաղավարության մեջ»...

*  *  *

Ասում են, թե Դիոգենեսը ողորմություն էր խնդրում քաղաքի արձաններից... Ո՞րն է իմաստը... Փիլիսոփան ուզում էր վարժեցնել իրեն մերժում ստանալու մեջ, եւ դրանով իսկ ինքն էր մերժում իրեն իր ցանկությունների մեջ...



 Պիտակներ
         Դիոգենես


 Նմանատիպ նյութեր

 Մեկնաբանություններ 0
Copyright © 2018 ScanNEWS. Design created by Fon uWeb