Լրտեսն ու թագավորը․ Վիլյամ Սարոյան

Դասեր 27.01.2021   21:00   115

Լրտեսը գնում է թագավորի մոտ և ասում.

— Թագավորն ապրած կենա, հայերից բան չհասկացանք։ Նրանք ինչ ուզում, իրար ասում են՝ առանց խոսելու։
— Ի՞նչ ես հիմար-հիմար դուրս տալիս,— ասում է թագավորը։
— Աստված վկա, ճիշտ եմ ասում, երբ բարձրաձայն են խոսում, քիչումիչ հասկանում ենք։ Բայց նրանք կարողանում են իրար գաղտնիքներ հայտնել առանց մի հատիկ բառ ասելու։ Այստեղ է, որ մարդ լրիվ խենթանում է։ Ասենք, նրանց բարձրաձայն խոսելուց ո՞վ է գլուխ հանում, թագավորն ապրած կենա։ Այդ հայերը խոսում են, խոսում, մեկ էլ մի հայացք են փոխանակում, և մեր իմացածը լրիվ ոչինչ է դառնում։
— Դու էլ մի ամբողջ ժողովրդի մեջ մի երկու հոգու ես գտել, հիմա եկել անհանգստացնում ես ինձ։
— Ոչ, թագավորն ապրած կենա, ամբողջ ժողովուրդն է այդպիսին։ Այդ հայերն իրար հետ կարող են խոսել առանց ծպտուն հանելու։
— Շատ լավ,— ասում է թագավորը։— Մենք քո ասածները կստուգենք։ Գնա ինձ մոտ բեր հասարակ զբաղմունքի տեր երկու հայի, ասենք՝ մի վարսավիր ու մի մսագործ։
Լրտեսը գնում է վարսավիր Իսոյի մոտ ու ասում.
— Թագավորն ուզում է քեզ տեսնել։
Վարսավիրը մտածում է. «Թագավորն ի՞նչ գործ ունի ինձ նման հասարակ վարսավիրի հետ...»: Եվ վարսավիր Իսոն լրտեսի հետ գնում է թագավորի պալատ։ Թագավորը նայում է վարսավիրին, ոտից գլուխ զննում։
— Հիմա նա խոսո՞ւմ է,— զարմացած հարցնում է լրտեսին։

Իսկ վարսավիր Իսոն բոլորովին լուռ էր։ Թագավորն սպասում է, մինչև մսագործն էլ գա։ Որոշ ժամանակ հետո լրտեսը վերադառնում է մսագործ Պողոսի հետ, որ նույնպես շվարել մնացել է. ինչո՞ւ է թագավորն ուզում տեսնել իր նման հասարակ մսագործին։ Երբ Պողոսը թագավորի պալատում տեսնում է վարսավիր Իսոյին, իսկույն իմանում է, որ հայ է։ Թագավորին մոտենալիս հպանցիկ նայում է վարսավիրին, իսկ վերջինս էլ՝ նրան։ Թագավորն ասում է.

— Հիմա... հրամայում եմ. թող այս հայերը մեր բոլորի ներկայությամբ իրար հետ խոսեն՝ բոլորովին լուռ։
— Իսկ նրանք արդեն խոսել են,— ասում է լրտեսը։
— Ինչպես... Ի՞նչ են ասել։
— Ճիշտ է, նրանց չափազանց դժվար է հասկանալ, թագավորն ապրած կենա, բայց որքան տեսա, հազար ու մի բան ասացին իրար։ Մսագործը հարցրեց, «Հայրենակից, այս հիմարներն ի՞նչ են ուզում մեզանից...»։ Իսկ վարսավիրը պատասխանեց. «Չգիտեմ, հայրենակից, բայց այս ավանակները կարծում են, թե կարող են մեզնից խոսք քաշել...»։

Վիլյամ Սարոյան


 Պիտակներ
         Վիլյամ Սարոյան


 Նմանատիպ նյութեր

 Մեկնաբանություններ 0
Copyright © 2018 ScanNEWS. Design created by Fon uWeb