Լքված քաղաքներ․ Վարոշա, Կիպրոս

Art News 04.12.2020   22:00   1705

Մոլորակի դատարկված քաղաքների շարքում քիչ չեն ծովափնյա բնակավայրերը, որոնց թվում է Կիպրոսի Վարոշա քաղաքը։ Դեռ մի քանի տասնամյակ առաջ այն կղզու ամենահայտնի ու ծաղկուն ծովափնյա քաղաքներից էր։ Ամեն ինչ փոխվեց 1974 թվականին, երբ քաղաք մտավ թուրքական բանակը։ Տեղացիները ստիպված եղան արագ լքել իրենց տները, իսկ ծովափնյա հանգստյան այս քաղաքը արգելված գոտի հայտարարվեց։ Այդ օրվանից սկսած Վարոշան դատարկվում ու աստիճանաբար ավերվում է։

Համարձակ զբոսաշրջիկները, ում կհաջողվի մուտք գործել փակ քաղաքի տարածք, հնարավորություն կունենան տեսնել հին հյուրանոցները, ռեստորաններն ու զվարճանքի վայրերը, որոնցով հանգստավայրը ժամանակին հայտնի է եղել։ Շատ տներ ու հաստատություններ ամբողջությամբ թալանված են։ Դրանցից դուրս են տարել բոլոր արժեքավոր իրերը։ 1974 թվականին քաղաքում 16․000 մարդ էր ապրում։ Նրանք բոլորը լքել են իրենց տները մոտ ժամանակներս վերադառնալու հույսով։

Բայց լուսավոր երազանքներին վիճակված չէր իրականություն դառնալ։ Վարոշան հիմա էլ վիճելի տարածք է։ Բացի այդ, հանգստյան քաղաքի մի մասը հիմա թուրքական ռազմաբազան է զբաղեցնում։ Ինչպես վերը նշվեց, քաղաքը փակ տարածք է, որի մուտքն օտարների համար փակ է։ Զինվորականները հսկողության տակ են պահում այն, բայց նույնիսկ դա հետ չի պահում հետաքրքրասեր զբոսաշրջիկներին։ Հատկապես հետաքրքիր տեսք ունի քաղաքի ափամերձ հատվածը։ Այստեղ պահպանվել են 40 տարվա հնության անձրևանոցներն ու պառկելաթոռները։ Կարելի է տեսնել նաև կանգուն մնացած ռեստորանի տեռասներն ու հանգստի հարթակները։

Պատրաստեց Լուսինե Բրուտյանը


 Պիտակներ
         լքված քաղաքներ


 Նմանատիպ նյութեր

 Մեկնաբանություններ 0
Copyright © 2018 ScanNEWS. Design created by Fon uWeb