Լիսաբոնի կառքերի թանգարանը

Art News 15.05.2020   22:30   2147

Լիսաբոն այցելելիս անպայման այցելեք Պորտուգալիայի մայրաքաղաքի ամենահայտնի թանգարանը՝ «Կառքերի ազգային թանգարանը»։

Դեռ 1787 թվականին արքայազն Խուանը (Խուան 6-րդ) սկսել է Արքայական ձիավարժարանի կառուցումը։ Նոր դասական ոճի կառույցը նախագծել է Ջակոմո Ազոլինին, բայց արտաքին ու ներքին կահավորման աշխատանքները շարունակվել են ևս 40 ու ավելի տարիներ։

Ձիավարժարանը 17 մետր լայնություն ու 50 մետր երկարություն ունեցող սրահ է։ Նրա վերին հարկում տրիբունաներն են, որոնք կապված են նեղ սրահներով։ Շինության երկու ծայրերին դատավորների ու արաքայական ընտանիքի անդամների համար պատշգամբներ կան, որտեղից նրանք հետևել են մրցումներին։ Սրահի վերին հարկը զարդարում են պորտուգալացի նկարիչների գործերը։

1905 թվականին շինությունը վերափոխվել է կառքերի թանգարանի, իսկ 1910 թվականին հավաքածուն այնքան է մեծացել, որ այն ընդարձակելու անհրաժեշտություն է առաջացել, ինչն էլ 1944 թվականին իրականացրել է ճարտարապետ Ռաուլ Լինոն։ Հիմա Լիսաբոնի կառքերի հավաքածուն աշխարհում ամենալավերից մեկն է համարվում։

Հավաքածուի ամենահին ու ամենաարժեքավոր նմուշը Իսպանիայի արքա Ֆիլիպ 2-րդի կառքն է, որով նա 1619 թվականին եկել է Պորտուգալիա։

Կառքերի ավելի ուշ շրջանի նմուշները տոննա և ավելի են կշռում։ Վատիկանում Պորտուգալիայի դեսպանի համար պատրաստված 3 հսկայական կառքերը ոսկուց ու թավշից են պատրաստված և զարդարված են մարդու հասակ ունեցող արձաններով։ Այս կառքերը 5 տոննա են կշռում։

Սրահի վերին հատվածում ներկայացված են պոնիների սայլակառքեր, մանկասայլակներ և սայլակներ՝ նախատեսված տիկնիկների համար, ինչպես նաև ձիով զբոսանքի համար նախատեսված հագուստ, կոշկախթաններ ու թամբեր։

Սրահների պատերը զարդարված են արքայական ընտանիքի անդամներին պատկերող հիանալի գոբելեններով։

Պատրաստեց Լուսինե Բրուտյանը



 Պիտակներ
         անսովոր թանգարաններ


 Նմանատիպ նյութեր

 Մեկնաբանություններ 0
Copyright © 2018 ScanNEWS. Design created by Fon uWeb