ԼՂԻՄ տարածքի դեօկուպացիայի խնդիրը բանակցային հարց պետք է դառնա․ Փաշինյան

Քաղաքական 14.04.2021   11:22   40

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդգծում է ապագայի մասին խոսակցության անհրաժեշտությունը և շեշտում, որ այդ խոսակցության ամենակարևոր մասը Լեռնային Ղարաբաղի հարցի կարգավորումն է: Ազգային ժողովում ՀՀ կառավարության ծրագրի 2020 թվականի կատարման ընթացքի եւ արդյունքների մասին ելույթի ընթացքում ՀՀ վարչապետն ընդգծեց, որ որպես քաղաքական, բանակցային հարց պետք է դրվի Լեռնային Ղարաբաղի ինքնավար մարզի տարածքի դեօկուպացիայի խնդիրը:

«Ես ուզում եմ բոլորիս ուշադրությունը հրավիրել այն փաստի վրա, որ մենք պետք է խոսենք ապագայի մասին: Ապագայի մասին այդ խոսակցության ամենակարևոր մասը Լեռնային Ղարաբաղի հարցի կարգավորումն է: Ես ուզում եմ ընդգծել, որ մենք որպես քաղաքական հարց, բանակցային հարց պետք է դնենք Լեռնային Ղարաբաղի ինքնավար մարզի տարածքի դեօկուպացիայի խնդիրը: Բայց էլի եմ ասում՝ մենք սա պիտի ձևակերպենք ոչ թե որպես  ռազմական հարց, այլ որպես բանակցային քաղաքական հարց»,- «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ ասաց ՀՀ վարչապետը:

Նա հավելեց, որ  պետք է հետևողականորեն շարունակեն Լեռնային Ղարաբաղի համար  «անջատում հանուն փրկության» բանաձևի իրագործումը. «Դուք տեսաք, թե երեկ կամ նախօրեին ինչ իրադարձություններ տեղի ունեցան Ադրբեջանում, դա ուղղակի աներևակայելի մի բան է, և կարծում եմ, որ մենք բոլոր ամբիոններից, բոլոր հնարավոր տեղերից պետք է հրավիրենք բոլորի ուշադրությունը, որ կարող է պատերազմի տառապանքների և զոհերի թանգարան բացվել մի երկրում,  ինչը հայատյացության, ատելության ամենամեծ դրսևորումն է: Եվ սա ամենամեծ հիմքն է, որ մենք միջազգային հանրությանը ի ցույց դնենք Լեռնային Ղարաբաղի համար «անջատում հանուն փրկության» սկզբունքի կիրառելիությունը, որը մեր հետագա բանակցային գործընթացի առանցքը պիտի կազմի»,- ասաց Փաշինյանը:

Փաշինյանը նաև հայտարարեց, շարունակելու են  անմնացորդ ու նվիրական պայքարը հանուն ազատ, հզոր, երջանիկ Հայաստանի: «Ու մենք հենց հիմա Հայաստանի Հանրապետության ժողովրդին Հայաստանում, Արցախում և սփյուռքում ասում ենք ուղիղ՝ սիրելի ժողովուրդ, չհուսահատվեք, չվհատվեք, գլուխներդ բարձր, որովհետև, այո, Հայաստանում ապագա կա, Արցախում ապագա կա, հայ ժողովուրդն ունի ապագա, և մենք միասին կերտելու ենք ազատ, երջանիկ և հզոր այդ ապագան»,- ասաց վարչապետը:


 Պիտակներ



 Նմանատիպ նյութեր

 Մեկնաբանություններ 0
Copyright © 2018 ScanNEWS. Design created by Fon uWeb