Լեզվակռիվ ԱԺ-ում

Քաղաքական 16.01.2019   11:39   252

ԱԺ այսօրվա նիստում «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Արման Բաբաջանյանը խիստ քննադատության ենթարկեց Հայաստանի արտաքին քաղաքականությունը՝ սկսած Ռոբերտ Քոչարյանի ժամանակներից։ Իր խոսքում «Ժամանակ» թերթի նախկին  խմբագիրը հիշատակեց նաև Ուկրաինայում Հայաստանի նախկին դեսպան Անդրանիկ Մանուկյանի պաշտոնավարմանը:
«Անդրանիկ Մանուկյանը սպասարկել է ռուսական շահերը, համագործակցել է քրեական տարրերի հետ, նրա օրոք վատացել են հայ-ուկրաինական հարաբերությունները»,-հայտարարել է Բաբաջանյանը։
Ի պատասխան ելույթ ունեցավ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Արման Աբովյանը, որը 3 տարի եղել է Անդրանիկ Մանուկյանի խորհրդականը: Ըստ նրա՝ Բաբաջանյանի մեղադրանքներն ադրբեջանական քարոզչության թեզերն են:
«Ինչն է ձեզ ստիպում այս ամբիոնից ադրբեջանական թեզերն առաջ բրդել: Այստեղ բոլոր արտահայտությունները, որ եղան, Ուկրաինայում ՀՀ նախկին դեսպան Անդրանիկ Մանուկյանի հասցեին, բացառապես սուտ էին: Հիմնականում արտացոլում էին ադրբեջանական տեսակետը: Ես չգիտեմ՝ դուք ում ջրաղացին եք ջուր լցնում»,-հայտարարեց Աբովյանը։
Բանավեճը թեժացավ, երբ դրան միացան ԼՀԿ խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը և ԲՀԿ պատգամավորներից մեկը: Նրանք ոտքի ելան և սկսեցին բղավել։
Կրքերը հանգստացնելու համար ստիպված էին միջամտել ԱԺ աշխատակիցները և ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը: «Խնդրում եմ դահլիճում պահպանել լռություն: Հետայսու եթե հաշիվներ պարզելու կարիք կա, պարզեք դահլիճից դուրս»,-ասաց Միրզոյանը:



 Պիտակներ



 Նմանատիպ նյութեր

 Մեկնաբանություններ 0
avatar
Copyright © 2018 ScanNEWS. Design created by Fon