Լեոնարդո դա Վինչի. «Թուղթն ու թանաքը»

Դասեր 23.09.2020   21:45   131
Գրասեղանին դրված էր մաքուր, միատեսակ թղթերի կիտուկը: Օրերից մի օր այդ թղթերից մեկի վրա երևացին զանազան ծուռումուռ գծեր, խզբզված գրեր ու կետեր… Երևի ինչ-որ մեկը վերցրել էր գրիչը և, թաթախելով թանաքամանի մեջ, թերթիկը լցրել բառերով ու նախշազարդերով:

- Ո՞ր մեղքիս համար ինձ ենթարկեցիր այսպիսի չլսված ու չտեսնված անարգանքի,- տխուր ու սրտաբեկ հարցրեց թերթիկը սեղանին դրված թանաքամանին: - Քո անջնջելի թանաքը պղծեց իմ մաքրությունը և հավիտյանս հավիտենից անպետքական դարձրեց ինձ: Այսպիսի տեսքով ես էլ ո՞ւմ եմ պետք:

- Մի վշտանա,- սիրալիր պատասխանեց թանաքամանը: - Քեզ բնավ էլ չեն կամեցել ո՛չ նսեմացնել և ո՛չ էլ փչացնել, այլ պարզապես անհրաժեշտ գրառումներ են արել, ու հիմա դու արդեն հասարակ թղթի կտոր չես, այլ՝ փաստաթուղթ: Այսուհետ դու կպահպանես մարդու միտքը, և դա է քո իսկական կոչումն ու մեծագույն արժանիքը:
 
Պարզվեց, որ բարի թանաքամանն իրավացի էր: Մի առիթով գրասեղանի վրա ինչ-որ բան փնտրելիս մարդու աչքն ընկավ թափված, արդեն դեղնած ու խունացած թերթիկներին: Նա հավաքեց դրանք ու, այն է, ուզում էր գցել վառվող բուխարիկը, երբ մեկ էլ նկատեց հենց այն «խզբզված» թերթիկը:
 
Մի կողմ նետելով մնացած անպետք, փոշոտված թղթերը՝ մարդը խնամքով վերցրեց այն ու դրեց գրասեղանի դարակը՝ ի պահպանություն մարդկային բանականության ուղերձի:



 Պիտակներ
         Լեոնարդո դա Վինչի


 Նմանատիպ նյութեր

 Մեկնաբանություններ 0
Copyright © 2018 ScanNEWS. Design created by Fon uWeb