Լենա Նազարյան. «Տպավորություն է, թե վարակը քաղաքական-կուսակցական հարց է»

Տեսանկյուն 04.06.2020   13:11   151

«Երբ համավարակի մասին խոսում են կառավարող ուժի ներկայացուցիչները՝ վարչապետը, կառավարության անդամները, պատգամավորները, տպավորություն է, թե վարակը քաղաքական-կուսակցական հարց է։

Այնինչ բոլորիս առողջության ու կյանքի հարցերը քաղաքական-կուսակցական հարցեր չեն։ Որովհետև այստեղ չկա երկընտրանք։ Չկա այլընտրանք։ Չկա այլակարծություն։ Չկա բանավեճ»։

Այս մասին ֆեյսբուքի իր էջում գրել է ԱԺ փոխխոսնակ Լենա Նազարյանը: Գրառումն ամբողջությմաբ ներկայացնում ենք ստորեւ.

«Մարդկանց կյանքերը փրկելը, բժիշկների կյանքերը փրկելը, պետության առողջապահության համակարգը փրկելը Հայաստանում ապրող յուրաքանչյուրիս անելիքն է։

Հարգելի՛ լրագրողներ, խմբագիրներ, հրապարակախոսներ, երբ խոսում եք համավարակի ուժգնությունը մեղմացնելու համար դիմակը կարգապահ ու ճիշտ կրելու մասին, դա չի՛ նշանակում, որ պաշտպանում եք կառավարության դիրքորոշումը։

Դա նշանակում է, որ դուք հոգատար են հանրության հանդեպ ու ձեր խոսքն օգտագործում եք մարդկանց իրազեկելու, պաշտպանելու համար։

Քաղաքացիական հանրույթի հարգելի՛ գործիչներ, երբ կոչ եք անում պահպանել հեռավորություն, լինել պատասխանատու մեր երեխաների ու տարեց հարազատների հանդեպ, դա չի՛ նշանակում, որ քողարկում եք կառավարության սխալները։

Դա նշանակում է, որ դուք իսկապե՛ս ծառայում եք հանրային շահին։

Արվեստի ու մշակույթի հարգելի գործիչներ, երբ միանում եք իրար չվնասելու, իրար չվտանգելու արշավին ու կոչերին, դա չի՛ նշանակում, որ ծառայում եք կառավարությանը։

Դա նշանակում է, որ դուք սիրում եք մարդկանց, որոնց նվիրում եք ձեր երգերը, գրքերն ու ներկայացումները։

Հարգելի՛ գործընկերներ, քաղաքական գործիչներ ու կուսակցությունների ղեկավարներ, երբ խոսում եք իրար հանդեպ պատասխանատու վերաբերմունքի մասին, դա չի՛ նշանակում, որ այլևս չեք քննադատում կառավարությանը կամ դրանից ձեր ընդդիմադիր լինելը պակասում է։

Դա նշանակում է, որ դուք հանրային շահն եք գերակա համարում։

Ցավոք, այս օրերին բոլոր նշածս խմբերի մարդկանցից քչերի խոսքն ենք լսում՝ ուղղված հանրության իրազեկմանը, ուղղված մարդկանց փոխադարձ հոգատարությանը։

Եթե յուրաքանչյուրը մտածում է, որ համավարակից պաշտպանվելու արշավին աջակցող, օգնող, խրախուսող խոսքով կնույնականացվի կառավարության հետ կամ հանկարծ կպակասի քննադատությունը, ապա խնդրում եմ մտածել հետևյալի մասին․ իհարկե, կարող եք այս կառավարությանը թողնել ազատ անկման մեջ ու հետո ընտրել ուրիշ կառավարություն, բայց չե՛ք կարող ընտրել ուրիշ հարազատներ, ուրիշ բժիշկներ։

Ձեր հոդվածները, վիրտուալ ակցիաները, ստեղծագործությունները, քաղաքական ելույթներն այսօր առաջին հերթին մարդկանց համավարակից պաշտպանելու նպատակին կարող են ծառայել։

Այսօր կառավարությունը չէ որ քննություն է հանձնում, այսօր մեր հանրային համերաշխությունն ու փոխօգնությունը է քննություն հանձնում։

Քաղաքական հարցերի, սխալների ու բացթողումների մասին անպայման կբանավիճենք զուգահեռաբար և նույնքան թեժ, բայց ձեռքերը ծալել համընդհանուր պատուհասի դեմ պայքարում, մեզ թույլ տալ չենք կարող։

Այս հարցում բոլորից խնդրում եմ համագործակցություն ու համերաշխություն՝ ամենքս մեր գործի մեջ, ամենքս մեր խոսքի միջոցներով։

Միացե՛ք զանգվածային հակահամաճարակային շարժմանը»։



 Պիտակներ
         Լենա Նազարյան


 Նմանատիպ նյութեր

 Մեկնաբանություններ 0
Copyright © 2018 ScanNEWS. Design created by Fon uWeb