Լազուր երկինք՝ մղձավանջի փոխարեն…

Հարցազրույց 06.06.2019   17:24   52397
  • »»» Աջակցեք անկախ լրատվամիջոցների կայացմանը

    Աջակցեք մեզ՝ փոխանցում կատարելով հատևյալ հաշվեհամարներից Ձեզ համար տարբերակով.

    InecoBank 2050032180751001 ARMEN GEVORGYAN PE

    Mobi Dram  110190189022

    Idram  ID952381517 Web Money  R397182815590, Scrill  109516795

    Հետհեղափոխական Հայաստանում անկախ լրատվիմիջոցներ չլինելու պատճառը հովանավորներ չունենալն է։ Անկախ են այն լրատվամիջոցները, որոնք գործում են ինքնաֆինանսավորմամբ։ Միմիայն ընթերցողից կախում ունենալու և միմիայն հանուն ընթերցողի աշխատելու նպատակով առաջարկում ենք հանգանակությունների միջոցով աջակցել անկախ լրատվամիջոցների կայացմանը։

    Եթե իսկապես ցանկություն ունեցաք աջակցել կայքին, մի զսպեսք այդ ցանկությունը։

Հարգելի օգտատեր, քաղաքական փորձագետ, մոսկվաբնակ Արբակ Խաչատրյանի հետ անցկացված, ստորև ներկայացվող հարցազրույցը սահմանվածից ծավալուն է ստացվել՝ նյութում արտահայտված մտքերի տրամաբանական շղթան որևէ կերպ չխաթարելու պատճառով: Կարծում ենք հարցազրույցի ընթերցման ավարտից հետո մեր կողմից գործած «մեղքը»՝ մահացու չի համարվի:

Խմբագրություն

- Պարոն Խաչատրյան, մեր տարածաշրջանում կրկին որոշակի լարվածություն է առաջացել՝ գնալով սրվում են ԱՄՆ-Իրան հարաբերությունները։ Զարգացումների նման  հնարավորությունը Դուք  դեռ 3 տարի առաջ  էիք կանխատեսել, միաժամանակ նշելով աշխարհաքաղաքական զարգացումների պարունակած վտանգներն ու դրանցից խուսանավելու ճանապարհները։ Ինչպե՞ս եք գնահատում այսօրվա իրավիճակը, որքանո՞վ այն կարող է անդրադառնալ Հայաստանի վրա և կաշխատի՞  արդյոք գլոբալ խնդիրներից խուսափելու Ձեր առաջարկած մոդելը։

- Բնականաբար: Լայնածավալ ցանկացած ծրագրի հաջողության համար կարևորագույն նշանակություն ունեն նախապատրաստական աշխատանքները։ Երեք տարի առաջ արված իմ վերլուծությունն ու տրված գնահատականները ելնում էին տվյալ ժամանակահատվածից բխող իրողություններից։ Պատասխանատու միավորների կողմից դրանք պետք է որ հաշվի առնվեին։ Հարկ է հստակ գիտակցել, որ  Իրանի դեմ ուղղված ցանկացած պատժամիջոց վնասելու է նաև Հայաստանին։ Անցած երեք տարիների ընթացքում գոնե որոշակի քայլեր պետք է ձեռնարկվեին՝ հնարավորինս կանխելու  համար դրանց բացասական հետևանքները, այս առումով պետք է օգտագործվեր նաև աշխարհասփյուռ հայության ներուժը։

Հայաստանը որպես պետություն՝ միջազգային դատական ատյաններում պետք է հող նախապատրաստեր, հնարավոր շրջափակման դեպքում, փոխհատուցում ստանալու համար։ Կարծում եմ այսօր էլ հնարավոր է գործընթացը սկսել։ Դրա համար բազմակողմանի, առաջին հերթին տնտեսական հաշվարկներ են անհրաժեշտ. Իրանի դեմ կիրառվելիք պատժամիջոցների խստացման դեպքում Հայաստանի տնտեսությունն ինչ չափի վնասներ է կրելու, ինչպես է դա անդրադառնալու Հայաստանի բնակչության կենսամակարդակի վրա, էլ չեմ խոսում քաղաքական հնարավոր հետևանքների մասին։ Կրկնում եմ՝ այս ուղղությամբ ոչ մի քայլ չի կատարվել: 

Ինչ վերաբերում է Ռուսաստանի և Իրանի հարաբերություններին, ապա փաստացի ունենք երկու պետություն, որոնք համաշխարհային շուկայում լուրջ դերակատարում ունեն առաջին հերթին հենց իրենց էներգետիկ ռեսուրսների շնորհիվ (հատկապես Իրանը՝ նավթի արդյունահանման ցածր ինքնարժեքի հաշվին) ։ 

Մինչև ԱՄՆ նախագահի պաշտոնում Թրամփի ընտրվելը նավթի գինը 1 բարելի համար հասել էր 27 դոլարի։ Դա լուրջ սպառնալիք էր Ռուսաստանի տնտեսության համար։ Իսկ այսօր Իրանի, Վենեսուելայի նկատմամբ կիրառվող պատժամիջոցները Ռուսաստանին լիաթոք «շնչելու» հնարավորություն  են տվել։

Համեմատաբար էժան էներգակիրներ ունեցող Իրանի ազատ առևտուրը ԱՄՆ-ի, Եվրոպայի և մնացյալ աշխարհի հետ, ամենևին էլ չի բխում Ռուսաստանի տնտեսական շահերից։ Այսպիսով, ստացվում է, որ ներքուստ Ռուսաստանը կողմ է Իրանի դեմ իրականացվող պատժամիջոցներին։

- Հարցազրույցներից մեկում Դուք բավականին ուշագրավ դիտարկում էիք արել, թե Ռուսաստանի շահերից էր բխում ԱՄՆ նախագահի պաշտոնում «առևտրականի հոգեբանությամբ» Դոնալդ Թրամփի ընտրվելը։

- Այդ մասին ես խոսել եմ այն ժամանակ, երբ Թրամփը դեռևս ԱՄՆ նախագահի թեկնածու էր։ Առևտրականի հոգեբանությամբ անձը երբեք չի կարող ռազմավարական ուղղությամբ դատել։ Այո՛, լավագույն դեպքում նա կարող է մտածել ժողովրդի բարեկեցության, կյանքի որակի բարձրացման և այլնի մասին, բայց առևտրականը երբեք մի քանի քայլ այն կողմ տեսնել չի կարող, չի կարող ողջ խորությամբ գիտակցել ռազմավարական քայլերի կարևորությունը, որոնք անհրաժեշտ են սեփական երկրի ապագայի, նրա կայունության ապահովման համար։

Այսօր տեսնում ենք, թե Թրամփի գալով ինչ կատարվեց եվրոպական և ասիական շուկաներում։ Վերցնենք թեկուզ Մեքսիկայի հետ սահմանին պատ կառուցելու որոշումը։ Պատային այդ բաժանումը դրական, բայց խիստ կարճաժամկետ նշանակություն է ունենալու ԱՄՆ-ի համար՝ Կալիֆոռնիա նահանգում աշխատավարձերի բարձրացման, հանցագործությունների թվի նվազման դիտանկյունից: Բայց ակնառու է չէ՞, որ դա ի զորու չէ փակել թմրաբարոնների գործունեության ճանապարհը: Մինչդեռ  գլոբալ իմաստով Մեքսիկան վերածվելու է « հարևան » Միացյալ Նահանգների հանդեպ (չէ որ հայտնի է, որ նշված տարածքը նախկինում մեքսիկական է եղել) բացասաբար տրամադրված պետության՝ սրանից բխող անհայտ հետևանքներով: 

Ըստ իս, մոտեցման մեջ է խնդիրը։ Ռազմավարական հոտառությամբ օժտված ղեկավարն օրինակ, ունակ է հանուն երկրի բարեկեցության (թեկուզ 10-15 տարի հետո) կամովին գնալ հրաժարականի: Ավաղ, փոքրաթիվ  ղեկավարներ են ունակ նման զոհողության: Պատմության մեջ, ցավոք, առավել շատ են նեգատիվ օրինակները: Հին աշխարհի առաջնորդների կողմից՝ Կոստանդնուպոլսի հանձնումն, օրինակ: Քաղաքակրթության օրրան համարվող բյուզանդական կայսրությունը հենց այդպես «ավանդեց հոգին»: Ինչու այդքան հեռուն գնալ, բերեմ մեկ այլ օրինակ: Երբ սկսվեց ԽՍՀՄ փլուզումը, Ելցինը ուկրաինացի և բելառուս գործընկերների հետ Սևաստոպոլի և Ղրիմի վերաբերյալ համանման մի պայմանագիր ստորագրեց: Պայմանագիր, որի պատճառով ցայսօր էլ հազարավոր մարդիկ են զոհվում տարածաշրջանում: Երկրների այսօրվա ղեկավարներին այդպես էլ չի հաջողվում գտնել ճշմարիտ լուծման բանալին ու ճանապարհային քարտեզը: Սա հասարակ մարդկանց բացատրելը բավականին բարդ է: «Հաց հանապազօրյան» պահանջում է այսրոպեական լուծումներ: 

Ինչ վերաբերում է Ռուսաստանին, ապա նրա համար ԱՄՆ նախագահի անձը էական նշանակություն պիտի չունենա, այն պարզ պատճառով, քանի որ Ռուսաստանը մշակութային հարուստ ժառանգություն և մեծաքանակ գիտնականներ, մտավորականներ ու մշակույթի գործիչներ ունեցող տերություն է, որոնց ահռելի ներուժը պատրաստ է ծառայել հանուն մարդկության բարօրության: Ցավով պիտի նկատեմ,սակայն, որ ցանկալի փոփոխությունները աշխարհում՝ նկատելիորեն դանդաղ են ընթանում:

- Կարծում եք Ռուսաստանի տնտեսությունը փլուզվո՞ւմ է։

- Եվրոպան ավելի շուտ է քանդվում, քան Ռուսաստանը (ժպտում է - խմբ.): Դուք թերևս հասկանում եք, որ Ռուսաստանի տնտեսությունը համաշխարհային տնտեսության բաղադրիչն է… «Միջուկային ձմեռվա շեմին» (“На пороге ядерной зимы”) հոդվածում տարիներ առաջ ես փաստերով հիմնավորել էի, թե համաշխարհային ֆինանսական համակարգը վտանգավոր ինչ զարգացումների (ես կասեի՝ մուտացիայի) կարող է հանգեցնել։

Որտեղ էլ ծնունդ առած լինի դրամի կիրառման գաղափարը, լինի դա Կարթագենում, Փյունիկիայում, թե Միջագետքում, նրան հղացողը չարագործ տաղանդ է եղել։ Դրամի «հայտնագործումից» ի վեր ամբողջ մարդկությունը շարունակում է անառողջ կախվածության մեջ մնալ թղթի այդ կտորից։ Հարյուրամյակներ գոյություն ունեցող ֆինանսական համակարգը, սակայն, որի վրա խարսխված է աշխարհը, ըստ իս` սպառել է իրեն: Աշխարհում վերահսկողությունից դուրս հայտնվող տարածքներն ու թեժ կետերն են գնալով ավելանում: Իսկ ամենահետաքրքիրն այն է, որ նշված «թեժ» կետերը ստեղծվում են հենց նույն համաշխարհային ֆինանսական համակարգի կողմից՝ վերահսկողության տակ պահելու համար «տակից փախչելու» տրամադրություն դրսևորողներին… Սակայն հաշվարկները ճիշտ դուրս չեկան: Ներկա պահին ունեզրկված, պատերազմների վարժված բնակչությունն է ըմբոստանում ֆինանսաբանկային համակարգի դեմ։ Ընդվզողների թիվն օրըստօրե աճում է՝ հասնելով միլիոնների։ Այդպիսիների դեմն առնելն այսօր գրեթե ահնարին է դարձել։ Համաշխարհային շուկաները գնալով սահմանափակ են դառնում։ Վերջիններս ի զորու չեն բավարարել բոլոր երկրների պահանջները։

Ու երբ հանգամանքների բերումով գերտերության առաջնորդ է դառնում ոչ թե քաղաքական դեմք, այլ առևտրականը, ամբողջ աշխարհը սկսում է քանդվել։ Առաջանում են պատերազմական իրավիճակներ, ստեղծվում  նոր կազմակերպություններ, որոնք միմյանցից շուկաներ են խլում, լինի դա «Եվրազես», «Բրիքս», թե «Աֆրազես»…Ինչ անուն ուզում եք դրեք: Դրանց վրա մտային և ֆինանսական ահռելի միջոցներ են ծախսվում:                                                                        

- Վերադառնանք Ձեր կողմից հիշատակված, չորս տարի առաջ հրապարակված «Միջուկային ձմեռվա շամին» (“На пороге ядерной зимы”) հոդվածին։ Բերելով Ռուսաստանի օրինակը, որպես ելք՝ հոդվածում Դուք կարևորել էիք ժողովրդական դիվանագիտության գործոնը։ Դրա կիրառումը գործնականում ինչպե՞ս եք պատկերացնում։

- Մոտեցումը կախված է խնդրի առաջնայնությունից: Ես, օրինակ, զարգացման կարևորագույն բաղադրիչ եմ դիտարկում մտավոր սեփականության ոլորտը։ Զորօրինակ՝ մի պահ պատկերացրեք, որ ռուս, իրանցի և ամերիկացի գիտնականների խումբը համատեղ աշխատել են նավթարդյունահանող, կամ ասենք՝ տիեզերաշինությանը նպաստող նոր գյուտի ներդրման ուղղությամբ: Հիմա փորձեք պատկերացնել, որ նրանք ստեղծագործելուց բացի անկախ են, ինքնուրույն՝ նաև ֆինանսական առումով: Հիմա էլ պատկերացրեք, որ այս կամ այն երկրի առաջնորդը ցանկանում է պատժամիջոցներ կիրառել հիշատակածս երկրներից մեկի նկատմամբ: Պատկերացնում եք, չէ՞, որ այդ դեպքում մեծապես կտուժի նաև հենց պատժամիջոց կիրառողի երկիրը, թե ինչպես՝ մեկ այլ խոսակցության նյութ է: Աշխարհասփյուռ ինտելեկտուալները կարող են միավորվել ոչ միայն գաղափարապես, այլև կարող են ստեղծել այնպիսի համակարգ, որը կգործի վերը հիշատակված բանկային համակարգից ու նմանատիպ այլ «գործիքակազմից » ինքնուրույն։ Այլ կերպ՝ ստեղծվում է բաց, թափանցիկ համակարգ, որտեղ յուրաքանչյուր ստեղծագործող, գիտնական, մտավորական, հասարակական գործիչ անմիջական կապի մեջ է աշխարհի ցանկացած կետում գործող իր գործընկերների հետ։ Սրա արդյունքում կձևավորվեն ընդհանուր ֆոնդեր և բյուջեներ, որոնք  կնպաստեն անկախ համագործակցության կայացմանը։ Պատկերացնո՞ւմ եք, թե որքան բարդ է լինելու հետագայում կոնկրետ երկրների ղեկավարների կողմից նման միավորների վերահսկումը, նրանց  ինչ-որ բան պարտադրելը։ Ասվածն առավելապես վերաբերում է այն ղեկավարներին, որոնք իբրև թե սեփական ժողովրդի շահերից ելնելով իրենց իսկ հայեցողությամբ միջամտում են աշխահաքաղաքական գործընթացներին. ինչ-որ տեղ պատերազմ են հրահրում, մեկ այլ տեղ տնտեսական ճգնաժամին միտված քայլեր ձեռնարկում…Իսկ որ ամենահետաքրքիրն է, ասենք «Visa»-ն, «MasterCard»-ը և այլն, կարող են միավորվել (անգամ աֆրիկյան ամենակորած երկրում, չէ որ ֆինանսական այդ հրեշների համար սահմաններ գոյություն չունեն) , իսկ ինտելեկտուալները չեն կարող միավորվել ու լինել անկախ…

- Տխուր նախադեպ կա՝ կապված ատոմային ռումբի ստեղծման հետ։ Գիտական միտքը, ի դեմս Ռեզերֆորդի, Կյուրիների, Ֆերմիի, Սկիլաչիի և այլոց , միավորվեց՝ ուսումնասիրելու, իրենց պատկերացմամբ, մարդկության համար խիստ պիտանի մի բան։ Սկսվեց փոքրագույն մասնիկի՝ ատոմի տրոհումը…Իսկ վերջնարդյունքում այդ գյուտը հայտնվեց «մարդակերների» ձեռքում՝ դառնալով պատիժ, ամենաիսկակական պատուհաս ամբողջ մարդկության համար։

- Դուք ինքներդ էլ պատասխանեցիք Ձեր տված հարցին։ Եթե աշխարհի ինտելեկտուալներն իրականում կապված լինեին միմյանց հետ և նրանց ոչ մի քաղաքական դեմք կամ հատուկ ծառայություն չկարողանար հավաքագրել, ապա ոչ մեկը նրանց չէր կարողանա ստիպել առաջատար միտքն օգտագործել մարդկության դեմ։Նրանք պաշտպանված չեն եղել. ոմանց վախեցրել են, մյուսներին գնել…Չի եղել ստեղծագործողին, արարողին պաշտպանող համակարգը…

- Բայց նույն Լոս Ալամոսում գիտնականների մի ահռելի խումբ է աշխատել։

- Այո՛, բայց ո՞ւմ ձեռքի տակ։

- Պենտագոնի։

- Այսինքն, հատուկ ծառայությունների վերահսկողության ներքո։ Իսկ երբ գիտնականները սեփական համակարգի ներսում իրենց ստեղծածի տերը լինեն, ընդ որում մեկը մյուսի հետ սերտորն կապված, նրանց երբեք հնարավոր չի լինի ինչ- որ բան պարտադրել։ Համակարգը դա թույլ չի տա։Անհնար կլինի գիտնականին ստիպողաբար պարտադրել բարի նպատակներով ստեղծածն ուղղել մարդկության դեմ։ Հենց սա է ժողովրդական դիվանագիտության կարևորագույն գործոններից մեկը։ Հակառակ դեպքում նրանց ստեղծածը կօգտագործվի իրենց իսկ դեմ։ Նույն Էյնշտեյնն իր ստեղծածի տերը չէր , հենց ինչն էլ նրան հարկադրեց հեռանալ սեփական երկրից։

Վերցնենք նույն նավթային մագնատներին ու բանկային համակարգերի իրական տերերին։ Նրանց ընտանիքները տարիներ շարունակ շահագործել են ինտելեկտուալների միտքը՝ այն  ծառայեցնելով բացառապես սեփական շահերին ու նպատակներին։ Սակայն, երբ նույն ինտելեկտուալը դառնում է ինքնուրույն ու պաշտպանված, նրան սեփական կամքից ու ցանկությունից դուրս ինչ-որ բան պարտադրելը դառնում է անհնար։ Ցանկացած երկրում էլ տաղանդներ կան ։ Հենց նրանց անմիջական կապը միմյանց հետ թույլ չի տա հայտնվել տոտալ վերահսկողության ներքո։

- Այնուամենայնիվ…Մեծ գիտափորձերի համար մեծ գումարներ են անհրաժեշտ։ Իսկ այդ գումարները կենտրոնացված են Ձեր նշած նույն ընտանիքների կամ պետական օլիգարխիայի ձեռքերում։

- Պետք է ստեղծվի այնպիսի համակարգ, որը հնարավորություն  կտա ստեղծագործողին՝ սեփական հայեցողությամբ տնօրինել իր իսկ ուժերով աշխատած գումարը։ Եթե աշխարհի բոլոր ֆիզիկոսներն անմիջական կապի մեջ լինեին միմյանց հետ, ապա նրանցից մի քանիսին առանձնացնելն ու ատոմային ռումբ ստեղծելը անհնարին կդառնար։ Մնացած գիտնականները, բնականաբար, դրա դեմը կառնեին։ Այստեղ առանցքային նշանակություն է վերապահվում ինքնուրույնությանը։

- Փորձեմ մանրամասնել. նույն ատոմի  տրոհման օրերին՝ գիտական միտքը ցնծում էր… Բայց հայտնվեցին Օպենհեյմերներն ու նրա նմանները, և… գիտական նվաճումը դարձավ աղետ…

- Ստացվում է, որ ԱՄՆ կառավարության կողմից ֆինանսավորում ստացած, բայց որպես գիտնական առանձնապես չփայլող Օպենհեյմերը կարողացավ տնօրինել գիտական միտքը։Հենց սա նկատի առնելով եմ ասում, որ ինտելեկտուալը չպետք է դառնա գիշատիչների զոհը։ Հիտլերով ահաբեկելով հրեա մեծաթիվ գիտնականների տեղափոխեցին ԱՄՆ։ Հակառակվողներին սկսեցին նրանց ընտանիքի անդամներին վնասելու սպառնալիքով վախեցնել, շանտաժի  ենթարկել… Կրկնեմ, նույն կերպ վարվեցին նաև Էյնշտեյնի դեպքում։  

Ընդհուպ մինչև 2-րդ համաշխարհային պատերազմի ավարտը Մորգանները ֆինանսական լուրջ աջակցություն էին ցուցաբերում Գերմանիային։ Փաստացի ամերիկյան բանկերի ֆինանսավորմամբ՝ գիտնականներին առնելով կամ վախեցնելով էին նրանց հպատակեցնում։Պատկերացնո՞ւմ եք, երկիր՝ որն իրեն պաշտոնապես հայատարարել էր ֆաշիզմի ու ահաբեկչության մոլի հակառակորդ, իրականում ֆինանսական աջակցություն է ցուցաբերել վերջինիս: Մինչև ԽՍՀՄ-ի վրա հարձակվելու վերջին օրը՝ տանկերի արտադրության համար նա մետաղ էր մատակարարում Գերմանիային: Ա՜յ քեզ անհեթեթություն։ 

Նորից կրկնեմ, դա հնարավոր էր,քանի որ չկար այն համակարգը որով աշխարհի ինտելեկտուալները կկարողանային տնօրինել սեփական մտքի արգասիքն ու սեփական եկամուտները՝ վստահ լինելով, որ իրենց հարազատներին վտանգ չի սպառնում: Ի դեպ, գաղտնի գործակալներն իմ պատկերացմամբ, միշտ  էլ պատուհաս են եղել իրենց իսկ երկրների համար։ Սա՝ ի միջի այլոց… Ընդ որում, վերը նշված մոդելը կիրառվում է անհիշելի ժամանակներից։

- Եթե ճիշտ հասկացա, Դուք այն համոզմանն եք, որ ժամանակն է որպեսզի հատուկ ծառայությունները փոխեն իրենց մոտեցումներն ու գործելակե՞րպը։

- Այո՛։ Այլ ճանապարհ, ուղղակի չկա։

- Ի՞նչ եք կարծում, ինչպես աշխարհը կընդունի նման մոտեցումը։

- Բերեմ նույն ինտելեկտուալների օրինակը։ Ստեղծվում է միջազգային մի համակարգ, որը և ոչ մի պետության կողմից կառավարելի չէ ։Այս գաղափարն իրականում լայն արձագանք է գտել։ Ավելին՝ այն սկսել է կյանքի կոչվել։ Ես կարող եմ մատնանշել IPChain համակարգի օրինակը: Միայն վերջերս Հայաստան «ժամանած» համակարգը արդեն իսկ ստացել է մտավոր շրջանակների աջակցությունը: IPChain-ն ակտիվորեն աշխատում է Ռուսաստանում և մի շարք այլ երկրներում: Այդուհանդերձ, Կրեմլյան չինովնիկների « իրազեկ» հատվածը հաշվի չառնելով այս իրողությունը, լռելյայն շրջանցում է գաղափարն ամբողջապես, քանի որ չի կարողանում հասկանալ, թե ինչպես կարելի է վերահսկել նման համակարգը: Թեպետ իմ ընկալմամբ՝ դա IPChain-ի համար այնքան էլ էական չէ …

- Հին իներցիան է…

- Նույնն է նաև ԱՄՆ-ում։ Եթե ինչ-որ չափով թուլանում է վերահսկողությունը Ֆեյսբուքի կամ նմանատիպ այլ նախագծերի նկատմամբ, տեղում քրեական գործեր են հարուցվում և այլն։ Նման մոտեցումն ամենուր է։ Հասկանում եք, չէ՞, թե ինչ հզոր ու պոզիտիվ համակարգ նկատի ունեմ: Ինտելեկտուալը ստեղծում՝ և բացառապես ինքն է իր ստեղծածի տերը, և ոչ թե դառնում է Ձեր նշած օպենհեյմերների գրպանի թաշկինակը։Մինչդեռ ստեղծագործ անհատների միջև թափանցիկ, անմիջական, ամենօրյա և  որ ամենակարևորն է՝ պաշտպանված կապի պարագայում կարող էր ամեն ինչ այլ լինել: Այստեղ ամենակարևորն այն է, որ ստեղծագործող անհատը կախված չինի օրվա իշխանության բարեհաճությունից։

Պրոյեկտեք այս մոտեցումը ամբողջ աշխարհի վրա, և կտեսնեք, թե ինչ հզոր ու բացառապես դրական համակարգի մասին է խոսքը։ Ես հաճախ սարկազմով շեշտում եմ, որ հենց ինտելեկտուալները միացրեցին երկրագնդի վերացման մեխանիզմը։ Չէ որ, ի վերջո, Երկիր մոլորակը կենդանի օրգանիզմ է։ Նրա պաշարներն էլ անսպառ չեն։ Դրանք ագահաբար սպառելով՝ գալու ենք տխուր եզրագծի։ Մի պահ փորձեք պատկերացնել՝ հնարավո՞ր է մարդու երակներից անընդհատ արյուն  քաշել… Տիեզերական համակարգում երկրագունդը դեռևս գոյություն ունի բացառապես իր ներքին պաշարների շնորհիվ։ Ի՞նչ եք կարծում՝ նավթ, գազ և այլն կորզելով, անընդմեջ հարվածներ հասցնելով, էկոհամակարգը վնասելով ո՞ւր ենք հասնելու։Նման մոտեցումը կործանարար է։ Մարդկային հոգեբանությունն էլ է դեգրադացվում:Այսօր աֆրիկյան մեծաթիվ երկրներում 12-ամյա երեխան 200 դոլարի դիմաց պատրաստ է մարդ սպանել։ Նրան այդպիսին է դարձրել հենց համակարգը։ Իսկ հիմա հաշվեք, թե ինչ թիվ են կազմում այդպիսիները։ Այսօր նրանք հաստատվում են Եվրոպայում, ԱՄՆ-ում, այն պետություններում, որոնք համոզված էին, որ փողի ուժով կարող են նավթ ու գազ կորզել «երրորդ աշխարհի» երկրներից։ Բայց փաստացի՝ երբեմնի համոզվածությունն ու վերհսկողությունը փոշիանում է։

- Ուրվագծվող ապագան՝ ուղղակի հրեշավոր է… Լրջագույն վերլուծական կենտրոններ ունեցող Արևմուտքը, ի դեմս Քադաֆիի և այլոց, «մատաղ արեցին» իրենց հավատարմորեն ծառայող առաջնորդներին։ Հանուն ի՞նչ նպատակի։

- Հավակնությունների,որոնք կյանքի կոչվեցին՝ հաշվի չառնելով ռազմավարական  որոշակի նրբություններ։ Քադաֆիին ոչնչացնելով՝ Արևմուտքը վստահ էր, թե փոխարինելու կգա երիտասարդ, իրենց լիովին ենթարկա մի նոր առաջնորդ (նույնն էր ակնկալվում նաև Ռուսաստանի պարագայում, միայն թե այլ մեթոդներով):Սակայն, հաշվարկը սխալ դուրս եկավ, ինչի հետևանքով առաջացան պայթյունավտանգ իրավիճակներ։ Երիտասարդ լիդերների « էստաֆետի» փոխարեն, կտրուկ փոխվել է աշխարհաքաղաքական իրավիճակը։ Պատերազմները դառնում են անվերահսկելի, բանկային համակարգն այլևս ի զորու չէ վերահսկել ֆինանսական հոսքերը…Ի դեպ, անկառավարելի իրավիճակները, որպես կանոն, առաջանում են գազի, նավթի հարուստ պաշարներ ունեցող երկրներում։ 

Այսօր ցանկացած ինֆորմացիա կարելի է  հաշված վայրկյանների ընթացքում աշխարհով մեկ տարածել։ Իսկ ոչ վաղ անցյալում հատուկ ծառայությունները որոշակի տեղեկատվություն տարածելու համար ահռելի միջոցներ և ժամանակ էին ծախսում։ ԱՄՆ ԿՀՎ-ն (Կենտրոնական հետախուզական վարչություն) միլիարդավոր դոլարներ էր ծախսում ինչ-որ ինֆորմացիա աշխարհից գաղտնի պահելու, կամ ասենք՝ գործակալներ հավաքագրելու համար։ Բայց հայտվեցին Ասանժի ու Սնոուդենի նման մարդիկ, որոնք հաշվված վայրկյաննների ընթացքում քանդեցին տարիներով ստեղծված համակարգը։ Այլ կերպ՝ հատուկ ծառայությունների ինստիտուտը փաստացի սկսեց  քարուքանդ լինել։

Իսկ եթե ջարդվում է, նշանակում է վերահսկողությունն է դառնում անիմաստ։ Եկել է ժամանակը, երբ «թվայնացման դարաշրջանը» ոչ թե մարդկությանը հարվածելու և վնասելու, այլ հակառակը՝ նրա զարգացմանը նպաստելու դերակատարություն ստանձնի։ Եկել է ժամանակը, երբ ինտելեկտուալների ստեղծածը կծառայի ոչ միայն մարդակության բարօրությանը, այլև օգուտ կբերի նաև իրենց՝ նորի, առաջավորի հեղինակներին։

Բոլոր այն երկրները, որոնք տարիներ շարունակ իրենց հատուկ ծառայություններով փորձել են այս մոտեցման դեմն առնել՝ փաստի առաջ են կանգնելու։ Այլևս նախկին մեթոդներով աշխատելը հնարավոր չէ, չի գործում։ Այդ վերահսկողությունը չեզոքանում է։ Արդյունքում պետություններ են քանդվում, որոնց քաղաքացիները դառնում են ահաբեկիչներ։

- Ասվածը վերաբերում է նաև խոշո՞ր երկրներին ։

- Միանշանակ։ Եթե,իհարկե, վերջիններս շարունակեն գնալ հին ճանապարհով: Վերցրնենք թեկուզ ԻԳԻԼ-ի ստեղծումը։ Ահաբեկչական այդ միավորումների մեջ միայն հեռուստատեսությամբ ցուցադրվող վիզ կտրող մարդասպաննե՞ր  են ընդգրկված, ինչ է։ Իհարկե, ո՛չ։ Դրանք ԱՄՆ-ում, Եվրոպայում, Ռուսաստանում լուրջ կրթություն ստացած և վերապատրաստում անցած մարդիկ են։ Նրանք հասել էին այնպիսի առանցքային պաշտոնների՝ որոնց հետ հաշվի չնստելն էլ հանգեցրեց պատերազմական իրավիճակների։

Արդյունքում ԻԳԻԼ-ը տարբեր պետություններից ահռելի տարածքներ գրավեց … Ո՞ւմ օժանդակությամբ, ի՞նչ գումարներով, խոսակցության այլ նյութ է։ Նրանք փաստացի՝ պետություն ստեղծեցին։ Եվ միայն իրական վտանգը «համտեսելուց » հետո «քաղաքակիրթ» աշխարհը մի կողմ դրեց իր հավակնություններն ու ձեռնամուխ եղավ իրավիճակը շտկելու փորձերին։

- Տպավորություն չունե՞ք, որ կառավարելի քաոս է ստեղծվում։

- Նախ ուզում եմ նկատել,որ լոկալ անվտանգությունը չպետք է շփոթել գլոբալ անվտանգության հետ։ Դրանք միանգամայն տարբեր հարթություններում են։ Միաժամանակ, որպես կանոն, որոշում կայացնողները չեն կարողանում հաշվարկել իրենց քայլերի՝ հնարավոր  հետևանքները։ Մեր օրերում ապօրինի ճանապարհով հարստացած, ահռելի միջոցներ կուտակած մեծահարուստները չեն էլ գիտակցում, որ իրենց գործած մեղքերը երբևէ չեն մարսվելու։ Այդպիսի մարդկանց աչքերը մշտապես փակ են լինում։ Սեպտեմբերի 11-ին ԱՄՆ-ում տեղի ունեցած  ահաբեկչությունից հետո՝ միլիարդավոր դոլարներ սկսեցին ուղղվել մեծահարուստ ընտանիքների պաշտպանությանը։ Ոչ թե սեփական երկրի զարգացմանը, այլ սեփական վախերը փարատելուն։ Ընդ որում, այդ ծախսերը գնալով ավելանում են։ Ոչինչ չանելով ու չստեղծելով՝ մեծահարուստների այդ խմբակները ահռելի միջոցներ են վատնում։ Մեքսիկայի հետ սահմանին պատի կառուցումը՝ ասվածի ապացույցն է… Եվ ամենակարևորը՝ նման մարդիկ երբեևէ կամավոր կերպով չեն վերադարձնելու գռփած փողերը։ Հետևեք Հայաստանում ընթացող իրադարձություններին ու դրանում կհամոզվեք…

- 2003թ.-ին քաղաքական հայացքների համար փորձեցին Ձեզ լռեցնել: Այսօր Դուք այն համակարգի ջատագովն եք, որը ենթադրաբար պետք է վերացնի «համաշխահային չարիքը»։

- Այո՛: Նշածս համակարգն, ի դեպ, ամենևին էլ հիպոթետիկ չէ, այն արդեն իսկ իրականություն է դառնում։ Տարիներ առաջ հեքիաթի ժանրից կլիներ գաղափարը, թե երիտասարդների մի խումբ, սոցիալական ցանց ստեղծելով, կարող է ազդել համաշխարհային գործընթացների վրա։Բայց այսօր արդեն դա իրականություն է,այնպես չէ՞։ 

- Ստեփան Զորյանը մի հրաշալի պատմվածք ունի՝ «Ջրհորի մոտ» է կոչվում։ Թշնամի բանակների ծարավից պապակվող զինվորները հանդիպում են ջրհորի մոտ։ Միմյանց դեմ նրանք ոչինչ չունեն։ Երկու կողմն էլ անասելի ծարավ են։ Ի վերջո նրանք  միմյանց հետ ընդհանուր լեզու են գտնում՝ հագեցնում իրենց ծարավը, շփվում միմյանց հետ, ավելին՝ մտերմանում: Մինչ այն պահը, երբ հայտնվում են  հրամանատարները և պատերազմը նորից վերսկսվում է… Հիմա , որքանո՞վ է իրատեսական, որ աշխարհի մտավորականներն իրականում իրար հետ կապված կլինեն ու կգործակցեն հանուն բարի նպատակների ու դա կհանդուրժվի աշխարհի «անթագակիր արքաների» կողմից։

- Ձեր ակնարկը հասկացա… Ստեփան Զորյանը ստեղծագործել է այն ժամանակներում, երբ համաշխարհային փոխկապակցված ցանց գոյություն չուներ ։ Եկեք մի պահ մտովի տեղափոխվենք այն ժամանակներ և պատկերացնենք  ջրհորի մոտ հայտնված զինվորներին: Ծարավի հագեցման բնական կարիքն ու  հրամանատարների կողմից արձակվող՝ սեփական ցանկությանը հակառակ գործելու հրահանգի բացակայությունն  էլ նպաստեցին սեփական որոշման կայացմանը: Այսինքն՝ ջրհորի մոտ եկած զինվորների համար լավագույն ելքը՝ համաձայնության գալն ու ջրհորից միասին օգտվելն էր։ Այսօրվա տեխնոլոգիաները տալիս են առանց պարտադրանքի սեփական ստեղծածն օգտագործելու հնարավորություն։

Զրույցը վարեց 
Վախթանգ Մարգարյանը

Նյութը հասանելի է նաև ռուսերեն


 Լուսանկարներ


 Պիտակներ
         IPChain, Վախթանգ Մարգարյան, Արբակ Խաչատրյան


 Նմանատիպ նյութեր

 Մեկնաբանություններ 0
avatar
Copyright © 2018 ScanNEWS. Design created by Fon