Լապշինը՝ Հադրութի «գրավման» մասին

Տեսանկյուն 12.10.2020   19:00   56

ՌԴ, Իսրայելի քաղաքացի, հայտնի բլոգեր Ալեքսանդր Լապշինն իր ֆեյսբուքյան էջում անդրադարձել է ԼՂ հակամարտության վերջին սրմանը, մասնավորապես՝ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի՝ Հադրութը գրավելու մասին հայտարարությանը:

«Կա այսպիսի ասացվածք՝ նախ դու աշխատում ես իմիջիդ վրա, այնուհետև իմիջն է աշխատում քեզ համար: Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի մոտ ամեն ինչ ճիշտ հակառակը ստացվեց. նախ նա տասնամյակներով ստեղծում էր իշխանության ամբողջությամբ փտած և կեղծ ուղղահայաց, իսկ այժմ ինքն է դարձել իր իսկ ստեղծած համակարգի զոհը։

Ադրբեջանցի գեներալներն այնքան վստահ են, որ իր պալատում նստած Ալիևը չի վերահսկում իրավիճակը և կտրված է իրականությունից, որ առանց աչք թարթելու ստել են նրան՝ ասելով, որ գրավել են Ղարաբաղի մեծ մասը, ներառյալ Հադրութը:

Իսկ ինչո՞ւ են կենտրոնացել Հադրութի վրա: Այն պարզ պատճառով, որ այդ քաղաքը գտնվում է դեպի Ստեփանակերտ տանող գլխավոր ճանապարհին։ Այս ամենն ինձ հիշեցրեց 1991-ին գորբաչյովյան Ռուսաստանի պուտչը, երբ Գորբաչյովին գրեթե «մեկուսացրել» էին՝ որպես ԽՍՀՄ նախագահի պարտականությունները կատարելուն անընդունակ անձ, ընդ որում՝ նրա անունից հայտարարություններ և հրամաններ էին տալիս։

Ադրբեջանցի գեներալները կարծում էին, որ Ալիևին կարելի է ապատեղեկատվություն հրամցնել, իսկ հետո Ալլահի օգնությամբ իրենք, միևնույնն է, կգրավեն Ղարաբաղը, և այդ ժամանակ իրենց սուտը կհաստատվի:

Սակայն հետո գործերն այնքան էլ լավ չընթացան, չհաջողվեց գրավել ո՛չ Հադրութը, ո՛չ Ֆիզուլին, ո՛չ Ջաբրայիլը: Իսկ այս ընթացքում Ալիևը շտապում է հայտարարել, որ Հադրութը գրավել են, ինչով վնասում է իր խորամանկ գեներալներին, որոնք խուճապահար և արագորեն ստիպված էին բոլոր ուժերը կենտրոնացնել Հադրութը գրավելու ուղղությամբ: Այդ պատճառով էլ, արհամարելով հրադադարը, փրկելով իրենց անպիտան կյանքերը, ալիևյան գեներալները թուրքական հատուկ ջոկատների մոտ 200 գրոհայինների Սիրիայից իսլամիստների հետ ուղարկել են Հադրութ։

Հադրութը վերցնելու ոչ մի հնարավորություն չկար, սակայն նրանք պետք է գոնե Ադրբեջանի դրոշը բարձրացնեին, տեսագրեին հեռախոսով, այնուհետև փախչեին այնտեղից: Սակայն դա նրանց մոտ չի ստացվել: Հադրութի փողոցներում թողնելով թուրքերի և վարձկանների մոտ 100 դի՝ նրանք փախել են այնտեղից առանց տեսագրելու»։

Ադրբեջանցի գեներալներն իրենց պետության ղեկավարին հիմար վիճակում են դրել ամբողջ աշխարհի առաջ»:



 Պիտակներ
         Լապշին


 Նմանատիպ նյութեր

 Մեկնաբանություններ 0
Copyright © 2018 ScanNEWS. Design created by Fon uWeb