Լևոն Արոնյանը և Հայկ Մարտիրոսյանը պատրաստվում են 2020 Speed Chess Championship-ի առաջին խաղերին

Սպորտ 09.11.2020   21:10   30

Մեկնարկել է Chess.com կայքի 2020 Speed Chess Championship-ի եզրափակիչ մրցաշարը, որին մասնակցում են 16 շախմատիստ։ Այն անցկացվում է նոկաուտ համակարգով՝ պարտվողը լքում է պայքարը։ 

Հայաստանի առաջատար շախմատիստ Լևոն Արոնյանը, ինչպես նաև մի քանի մասնակիցներ, անհատական հրավեր են ստացել մրցաշարին մասնակցելու համար, իսկ ահա մեր երիտասարդ գրոսմայստեր Հայկ Մ. Մարտիրոսյանն այդ իրավունքը նվաճել է նախընտրական մրցաշարերում ունեցած հաջող ելույթների շնորհիվ։

2020 Speed Chess Championship-ի մասնակիցների թվում են աշխարհի չեմպիոն Մագնուս Կարլսենը, փոխչեմպիոն Ֆաբիանո Կարուանան և մի շարք այլ հանրահայտ շախմատիստներ։ 1/8 եզրափակչի որոշ մրցախաղեր արդեն կայացել են: Մասնավորապես՝ աշխարհի չեմպիոնը հաղթել է իրանցի Փարհամ Մաղսուդլուին, իսկ ֆրանսիացի Մաքսիմ Վաշիե-Լագրավը՝ հնդիկ Նիհալ Սարինին։

Լևոն Արոնյանը նոյեմբերի 11-ին, Երևանի ժամանակով 21։00-ին, կմրցի ռուսաստանցի Յան Նեպոմնյաշչու հետ: Այս զուգի հաղթողը քառորդ եզրափակիչում կհանդիպի Մաքսիմ Վաշիե-Լագրավի հետ:

Հայկ Մարտիրոսյանի առաջին մրցակիցը ամերիկացի Հիկարու Նակամուրան է։ Նրա հետ մրցամարտը կկայանա նոյեմբերի 12-ին, կրկին Երևանի ժամանակով 21։00-ին: Այս զույգի հաղթողը հաջորդ փուլում ուժերը կչափի ռուսաստանցի Վլադիմիր Ֆեդոսեևի հետ, որը պայքարից դուրս է բերել իրանցի Ալիռեզա Ֆիրուջային:


 Պիտակներ
         Chess Championship


 Նմանատիպ նյութեր

 Մեկնաբանություններ 0
Copyright © 2018 ScanNEWS. Design created by Fon uWeb