Կյանքը «թունավոր ցեխում» կամ ուսանելի խորհուրդ հայ «ճամպրուկավորներին»…

Դասեր 24.05.2020   21:00   1598

Ներկայացվող դեպքը տեղի է ունեցել 1938-1939 թվականներին: Ֆաշիստների իշխանության գլուխ գալուց հետո Եվրոպայում բնակվող հրեաների համար ծանր իրավիճակ է ստեղծվում:

Այդ տարիներին Ֆրանսիայում մի հարուստ հրեա էր ապրում: Նա ամեն ինչ ուներ`թե՛ հետ գցած դրամագլուխ, թե՛ թանկարժեք զարդեղեն, թե՛ արժեթղթեր: Զգալով, որ իրավիճակը գնալով սրվում է ու վտանգը մեծանում, նա Փարիզից հեռանալու որոշում է կայացնում: Իբրև խելացի մարդ, նա շատ լավ է հասկանում, որ ճանապարհներին հարուստ մարդկանց թալանում են, քանի որ ավազակները հրաշալի գիտեն, որ կյանքի ընթացքում կուտակածը նրանք փորձելու են իրենց հետ տանել: Նման ճակատագրի չարժանանալու համար, նա որոշում է իր հետ ոչինչ չտանել:

Հրեան սկսում է մտորել, թե ինչ ելք գտնի ստեղծված կացությունից, ո՞վ է Ֆրանսիայում այն ազնիվն ու պարկեշտը, որը ոչ միայն չի պատրաստվում լքել երկիրը, այլև չի վախենում գերմանացիներից, հենց ում էլ կարող է վստահել իր ողջ  ունեցվածքը: Երկար մտածելուց հետո նա որոշում է դիմել Ֆրանսիայի գլխավոր ռաբբիին: Գալով նրա մոտ, մեծահարուստն ասում է.

- Ես երկար ժամանակ մտածում էի, թե` ո՞վ է մեր երկրում այն ազնիվ ու արդարամիտ մարդը, որին կարելի է վստահել: Եվ եկա այն համոզման, որ դա հենց Դուք եք: Ահա այստեղ իմ ունեցվածքն է` փողերը, զարդեղենը, թանկարժեք քարերն ու արժեթղթերը: Ցանկանում եմ այդ ամենը պահպանության նկատառումներով թողնել Ձեզ մոտ, քանի որ ես Ձեզ բոլորից շատ եմ վստահում:

- Շատ լավ, բայց մինչև ի պահ վերցնելը, ես ցանկանում եմ, որ սնդուկի ողջ պարունակությունն ինձ հանձնվի առնվազն  տասը վկայի ներկայությամբ,- ասում է ռաբբին:

Ասվածն` արված էր: Հենց այդպես`տասը վկայի ներկայությամբ էլ Ֆրանսիայի գլխավորը ռաբբին ի պահ է վերցնում սնդուկը:

Անցնում են տարիներ, օրերից մի օր երբեմնի մեծահարուստը մտաբերում է, որ Ֆրանսիայում մեծ հարստություն է թողել: Ու նա որոշում է գնալ դրա ետևից: Գալիս է նա Ֆրանսիա, գտնում է գլխավոր ռաբբիին ու հարցնում․

- Բարի օր, ռեբե, ինձ հիշո՞ւմ եք:

- Ոչ, չեմ հիշում,- ասում է ռաբբին։

- Ինչպես թե չեք հիշում, այդ ես եմ …

- Դուք ո՞վ եք …

Այդ ժամանակ մեծահարուստը սկսում է հիշեցնել վկաների ներկայությամբ նրան պահ տրված սնդուկի պատմությունը:

- Դուք ոչինչ չե՞ք շփոթում, անձամբ ինձ մո՞տ եք թողել Ձեր հիշատակած թանկարժեք զարդեղենով բեռնված սնդուկը, - հարցնում է նրան ռաբբին:

- Ինչ կա շփոթելու, այո, իհարկե, սնդուկը անձամբ ես Ձեզ մոտ եմ թողել:

- Լսեք, ես փայլուն հիշողություն ունեմ, նման բան չի եղել, հավանաբար Դուք ինձ ինչ-որ մեկի հետ եք շփոթում:

- Ոնց կարող եմ շփոթել: Ես հրաշալի հիշում եմ, թե ինչպես էիք հրաժարվում վերցնել սնդուկը: Հետո արդեն Դուք այն ինձնից վերցրիք` Ձեր իսկ պահանջած տասը վկայի ներկայությամբ:

- Դուք շարունակում եք պնդել, թե դա կատարվել է տասը վկայի ներկայությա՞մբ: Իսկ կարո՞ղ եք հիշել նրանց անունները:

- Հարկավ, ինձ մոտ գրանցված են նրանց անունները:

Ապա հանելով վկաների ցանկը, նախկին մեծահարուստը սկսում է թվարկել նրանց անունները: Ռաբբին նրան ընդհատելով, ասում է`

- Եկեք կանչենք Ձեր կողմից թվարկված վկաներին: Եթե նրանք Ձեր խոսքերը հաստատեն, ապա դա կնշանակի, որ ես պարտավոր եմ Ձեզ վերադարձնել, ինչպես Դուք եք նշում, ինձ վստահված սնդուկը:

Ապա կանչելով ցանկում նշված անձանց ու պատմելով մեծահարուստի պատմությունը, նա ներկաներին հարցնում է.

- Հիմա խնդրում եմ ասեք, դուք նման բան հիշո՞ւմ եք, ճշմարի՞տ է ասում այս մարդը:

- Ոչ, ստում է նա: Նման բան չի եղել, - ասում են երբեմնի վկաները:

- Տեսաք, համոզվեցիք, ասում էի, չէ… Իսկ Դուք շարունակում եք պնդել, թե իբր վկաների ներկայությամբ եք այդ սնդուկը ինձ պահ տվել: Իսկ հիմա լսեք, թե ինչ եմ ասում Ձեզ: Չի եղել նման բան ... Հասկանում եք, չի եղել…

Վրդովմունքից կարմրատակած մեծահարուստը այն է ուզում է գնալ, երբ ռաբբին բռնելով նրա ձեռքը հարցնում է.

- Ի՞նչ է, անարդարության ու Ձեր հանդեպ գործված սրիկայության պատճառով թևաթա՞փ եղաք…

- Ով լիներ իմ փոխարեն, որ թևաթափ չլիներ, ռաբբի: Ես այն համոզմանն էի, որ Դուք ամենաառաքինի ու պարկեշտ մարդն եք: Այս հարգարժան մարդկանց` վկաների մասին էլ նույն կարծիքին էի, մինչդեռ… Ստացվում է, որ օրը ցերեկով դուք ինձ թալանում եք:

- Հանգստացեք, խնդրում եմ, Ձեզ ոչ ոք չի թալանել ու նման մտադրություն ևս չունի,- ասում է գլխավոր ռաբբին և սեղանի տակիցհանում ի պահ վերցված սնդուկը:

- Ահա այն, վերցրեք Ձեր ունեցվածքը և ինձ համբերություն մաղթեք … Երևի թե հասկացաք, թե ինչ միջավայրում եմ ես աշխատում …



 Պիտակներ
         դասեր


 Նմանատիպ նյութեր

 Մեկնաբանություններ 0
Copyright © 2018 ScanNEWS. Design created by Fon uWeb