Կորսված ժամանակի և տարածության սահմաններում․ Արեգ Բագրատյան

Մտորման համար 07.04.2021   20:30   74

Կորսված ժամանակի և տարածության սահմաններում ապրող հերոսի մենության խնդիրը Գոլի Թարաղիի ստեղծագործություններում

Արդի աշխարհում՝ ժամանակի սրընթաց փոփոխման, ինֆորմացիայի գերհասանելիության, հոգևոր դաշտի պարփակման ժամանակաշրջանում, մարդը հաճախ է բախվում մենության, օտարված, չհասկացված լինելու խնդրին: Սա մի խնդիր է, որ գուցե առաջին հայացքից աննկատ է մնում, սակայն մարդուն անվերջ տանջող, նրա հետագա վարքագծի վրա ազդող երևույթ է:

Ինչպես նկատել է գրականագետ Ալվարդ Սեմիրջյան-Բեքմեզյանը իր «Գրականություն և միֆ» հոդվածում՝ «Ժամանակի որոշ փիլիսոփայական ուղղություններմասնավորապես էկզիստենցիալիզմընեոթոմիզմըպերսոնալիզմը հոգևոր արվեստի վերահաստատումը փորձում են գտնել հիմնականում կամային եղանակներով` «թելադրված մարդկային կամքի միջոցով», ինտուիցիայով (Բերգսոն), անգիտակցականով (Ֆրոյդկամ կոլեկտիվ անգիտակցականով (Յունգ):

էկզիստենցիալիստները մարդու հոգևոր կյանքը կապում էին մարդու տրանսցենդենտացման ունակության հետինչի բացակայությունը արդի իրականության մեջ հանգեցնում էր մարդու և անցյալիմարդու և հոգևոր արժեքների կապի խզմանը։ Այդ խզումըըստ Յասպերսիաստիճանաբար հանգեցնում է մարդու միայնության զգացողությանըորից էլ ծնունդ է առնում 20-րդ դարի մարդկային կեցության հիմնական պրոբլեմը՝ օտարումը։

 Արվեստում և նաև գրականության մեջ առաջ են գալիս իրականության տարածաժամանակային ընկալումների վերիրական (սյուրռեալիզմ), երբեմն նաև գերիրական պատկերումներըորոնք ստեղծագործության մեջ կամ գեղարվեստական տեքստում դրսևորվում են անհատի անգիտակցական կամ ենթագիտակցական հոգեբանական ոլորտների՝ երազներիմղձավանջներիմիֆերի և այլ իռացիոնալ տարրերիընդհուպ մինչև հոգեկան շեղումների միջոցով»[1]:

Մարդու օտարվածության, հասարակությունից դուրս լինելու, մենության  խնդրի գեղարվեստական արտացոլմանը կփորձենք անդրադառնալ իրանական սփյուռքի 20-21-րդ դարերի ամենից նշանավոր կին արձակագիրներից մեկի՝ Գոլի Թարաղիի մի շարք ստեղծագործություններում:

Գոլի Թարաղիի երկերն առավել մանրամասն ըմբռնելու համար անհրաժեշտ է նախ հասկանալ այն ժամանակաշրջանը, աշխարհաքաղաքական պայմանները, որտեղ ապրում է գրողը, կամ որում զարգանում են նրա այս կամ այն ստեղծագործությունները:
Գոլի Թարաղին ծնվել է 1939թ. Թեհրանում՝ հայտնի, ազդեցիկ մտավորական, քաղաքական-հասարակական գործիչ Լոթֆոլլահ Թարաղիի ընտանիքում:

Բարձրագույն կրթությունը փիլիսոփայության բնագավառում ստացել է ԱՄՆ-ում, դասախոսել Թեհրանի համալսարանում, աշխատել է միջազգային կազմակերպություններում: 1970-ականներին նրա կյանքի ընթացքը կտրուկ փոխվեց: Մահացավ հայրը, Իսլամական հեղափոխությունից հետո նրա ընտանիքը կորցրեց ունեցվածքը, դիրքը, Իրան-Իրաքյան պատերազմի ժամանակ Թարաղին երկու երեխաների հետ մոտ մեկ տարի ապրեց նկուղում, ապա ստիպված գաղթեց  Ֆրանսիա: Մեկ տարի անց, չդիմանալով դժվարություններին՝ մենակություն, երկու երեխաների խնամք, օտար լեզու և այլն, և հասկանալով, որ արդեն հոգեկան խդիրներ ունի, սեփական ոտքով գնաց հոգեբուժարան: Այսօր Թարաղին ապրում է Ֆրանսիայում: Նրա որոշ ստեղծագործություններ Իրանում դասվում են արգելված գրականության շարքին:

Լինելով սփյուռքում ապրող և ստեղծագործող հեղինակ՝ Թարաղին չափազանց կարևորել է օտարության մեջ ապրող իրանցիների կյանքի բարդությունների, երազանքների, հայրենիքի ու իրենց հարազատների հանդեպ կարոտի պատկերումը՝ այդ ամենը միահյուսելով սեփական կյանքի որոշ պատառիկներով:

Մեզ հետաքրքրող թեմային փորձել ենք անդրադառնալ Գոլի Թարաղիի «Ցիրուցան հիշողություններ» (1995), «Ուրիշ տեղ» (2001), «Երկու աշխարհ» (2003), «Երկրորդ հնարավորություն» (2015) պատմվածքների ժողովածուներում և «Վերադարձ» (2018) վեպում:

Եթե փորձենք Գոլի Թարաղիի ստեղծագործությունների հիմնական ասելիքը դիտարկել մեկ մեծամասշտաբ ասպեկտում, կտեսնենք, որ նա պատկերում է օտարության մեջ ապրող մի հերոսի, որին առօրեական, նույնիսկ ամենից աննշան մի իրադարձություն կամ պատկեր տանում է հիշողությունների գիրկը՝ Իրան, ապահով մանկություն: Սակայն վերջում հերոսը մտովի հետ է գալիս իրականություն՝ իր խնդիրների լուծումը մանկությունից վերցրած կամ՝ ոչ:

Գոլի Թարաղիի ստեղծագործություններում կարմիր թելի նման անցնում է մարդու մենության, հոգեկան անբավարարվածության թեման, նրա հերոսները չեն կարողանում դառնալ նոր՝ եվրոպական հասարակության մասը, որոշ հերոսներ օտարվում, հեռանում են իրենց սեփական արմատներից: Թարաղիի հերոսները անընդմեջ կորցրած Ես-ի փնտրտուքների մեջ են. գուցե դրա պատճառը օտարությունն է՞: Թերևս…

Այժմ փորձենք առանձնացնել այն հիմնական շերտերը կամ մոտիվները, որոնց շուրջ Թարաղիի ստեղծագործություններում հյուսվում է կերպարների մենության խնդիրը:

1.Փախուստ և վերադարձ: Գոլի Թարաղիի գրեթե բոլոր հերոսները մշտապես փախուստի և վերադարձի հոգեվիճակի մեջ են: Նախ պետք է պարզել այդ կերպարների ինչպես ֆիզիկական, այնպես էլ հոգական փախուստի պատճառները: Այս հարցի պատասխանը տալու համար մեզ անհրաժեշտ է հայացք գցել 20-րդ դարի երկրորդ կես Իրանի վրա: Այս դարաշրջանը ինչպես Իրանում, այնպես էլ ողջ աշխարհում նշանավորվեց երկու համաշխարհային պատերազմներով, որոնց հետևանքով խեղվեցին միլիոնավոր ճակատագրեր:

Բացի այդ, Իրանի համար բեկումնային էր 1979թ.-ը, երբ երկրում տեղի ունեցավ Իսլամական հեղափոխությունը, ողջ երկրում հաստատվեցին կրոնական բարքեր, խիստ օրենքներ: Մեկ տարի անց այս ամենի տպավորությունից դեռ դուրս չեկած ժողովրդի գլխին  պայթում է մի նոր արհավիրք՝ Իրան-Իրաքյան ութնամյա պատերազմը:

Այսպիսի դժվարին ժամանակաշրջանում հազարավոր իրանցիներ ստիպված էին լքել սեփական երկիրը՝ հաստատվելով Եվրոպայում և Ամերիկայում: Սակայն Արևմուտքը պատրաստ չէր՝ նրանց գրկաբաց ընդունելու, և բնական է՝ գաղթականներին մեծ փորձություններ էին սպասում:

Հենց այսպիսի պայմաններում են ապրում Թարաղիի՝ Իրանից Փարիզ արտագաղթած հերոսները, սակայն նրանք ունեն մի շարք խնդիրներ՝ լեզվի չիմացություն, հասարական-մշակութային խորթություններ, որոնք դառնում են հերոսի՝ հասարակությանը չմերվելու պատճառ:

Անծանոթ, օտար պայմաններում ու հասարակության մեջ հերոսը դառնում է մենակ, օտարված, և այդ դժվարությունը հաղթահարելու առաջին քայլը փախուստն է իրականությունից, որը զուգահեռվում է նաև դեպի մանկություն, անցյալ մտովի վերադարձով: Դեպի անցյալ ճամփորդող հերոսը հիշում է մանկության ամենից քաղցր հուշերը, մարդկանց: Հիշենք «Շեմիրանի ավտոբուս» պատմվածքը՝ «Ցիրուցան հիշողություններ» ժողովածուից: Այստեղ շղթայվում են փարիզյան ձմեռային սառնության և Թեհրանի շեմիրանյան «կորուսյալ դրախտի» մտապատկերները, Շեմիրանի ավտոբուսի վարորդը՝ Ազիզ աղան,  դառնում է անցյալը ներկային կապող կարևոր հանգույց:

«Ցիրուցան հիշողություններ» ժողովածուից մեկ այլ՝ «Մի տուն երկնքում» պատմվածքում ևս անվերջ որոնումներից հետո գլխավոր հերոսուհին՝ Մահին բանուն, գալիս է անցյալի գիրկը: «.Դեմավենդ լեռը՝ բարձր, կանգուն ու վեհաշուք, հեռվից իրեն էր նայում: Հոր փառահեղությունն էր. երբ նամազից հետո կանգնում էր, քամին սպրդում էր նրա աբայի տակ, թվում էր, թե գլուխը երկինք կհասնի, իսկ ոտքերը հողում արմատներ ունեն: Ի՜նչքան լավ էր այն ժամանակ, երբ գագաթը, դեպի երկինք հասնող այդ լեռը, կախարդական, փառահեղ բարձունքը կանգուն էր: Այդ կանգուն տղամարդը՝ պատշգամբի մարմարե երկու սյուների միջև՝ կեսօրվա աղոթքին՝ իր ստվերով մինչև աշխարհի սկիզբը հասած: Ի՜նչ հաճելի էր, երբ նրա աբայի տակ էր թափանցում, նստում ուսերին՝ աշխարհի ամենաբարձր գագաթին՝ հողից, կավե փոքրիկ տներից ու մրջյունի չափ աննշան ու ողորմելի մարդկանցից անդին: Ինքնաթիռի պատուհանից նայելիս էլ հենց այս պատկերն էր տեսնում, և թվում էր, թե վերստին նստած է հոր ուսերին, և որևէ մեկի ձեռքն իրեն չի հասնի»[2]:

Հեղինակը հատուկ շեշտադրությամբ է արտահայտել  անցյալի խաղաղ հուշերում հաստատված հերոսի հոգեվիճակը, որն ասես այլևս ցանկություն չունի վերադառնալ ներկա:

Օտարված մարդու ամենից կարևոր խնդիրներից մեկն է վերադարձը դեպի ներկա, ներկայի հետ համաչափ ապրել շարունակելը, սակայն, ինչպես երևում է, մանկությունը, նոստալգիկ հիշողությունները հերոսի համար կարողանում են երջանկության պատրանք ստեղծել: Հենց այդ աշխարհում է հերոսը կարողանում գտնել իր կորսված Ես-ը: Ասվածի վկան է դառնում այս խոսքը «Առաջին օր» պատմվածքից. «Պիտի հետևում թողնեմ անցյալն ու վերադառնամ ներկա: Պիտի ճանաչեմ այսօրվա իմ «ես»-ը, այդ իրական կերպարին շունչ տամ վաղն ու ապագայում: Չի ստացվում: Գալիքից վախենում եմ, «այսօր»-ը դատարկ է ու անորոշ և ոչ մի տեղ չի հանգրվանում: Միայն անցյալն է, որ կա, գոյություն ունի և մայրիկի ծաղկավոր փեշի նման թաքնվելու հնարավորություն է ինձ տալիս»[3]:

Սակայն էկզիստենցիալ որոնումների մեջ գտնվող հերոսն ինքն էլ հասկանում է, որ սեփական Ես-ը միայն ներկայում, իրական աշխարհում է հնարավոր գտնել:

«Թռչող մայրերի» մենությունը: Գոլի Թարաղիի ստեղծագործությունների կարևորագույն առանցքներից մեկն է իրենց զավակների հանդեպ անսահման սիրով լցված, սակայն հիմնականում այդ սերը հետ չստացող տարեց մայրերի հոգեբանական մենության պատկերումը: Հեղինակի մի շարք ստեղծագործություններում ենք հանդիպում օտարված, ավելորդ դարձած մոր կերպարին: Այս կանայք լցված են մեծ սիրով իրենց բոլոր ազգականների նկատմամբ, սակայն ոչ ոքի սրտում տեղ չունեն, և արտագաղթի ժամանակ նրանց լքում են՝ թողնելով պատերազմի ճիրաններում:  Գոլի Թարաղին այս կանանց անվանեց «թռչող մայրեր»՝ ասելով. «Շատ իրանցի մայրեր զոհեր են, հեղափոխության իրական զոհեր, քանզի նրանց զավակները ստիպված էին լքել երկիրը: Եվ վերջիններս չէին կարող տանել տատիկներին և մայրիկներին իրենց հետ»[4]:

Թարաղիի «Վերադարձ» վեպում ևս հանդիպում ենք այս տերմինի գործածությանը: «….Մ­տե­րիմ­ներն անու­նը «թռչող կին» էին դրել, քան­զի էության ամեն մի հյու­լե վա­զում էր որևէ մե­կի մոտ կամ ինչ-որ մի տեղ. Ամե­րի­կա՝ որ­դի­նե­րի մոտ, ամուս­նու հետևից՝ Թեհ­րան, Կա­նա­դա՝ քրոջ մոտ, Գեր­մա­նիա՝ դե­պի եղ­բայ­րը, և դե­պի մոտ ըն­կեր­նե­րը՝ ցի­րու­ցան աշ­խար­հի այս ու այն կող­մե­րում:»[5]:
Օտարված մոր կերպարին ենք հանդիպում Գոլի Թարաղիի «Մի տուն երկնքում» պատմվածքում: Այստեղ գլխավոր հերոսը Մահին բանուն է, որը Իրան-Իրաքյան պատերազմի պատճառով հայտնվում է օտարության մեջ՝ այլևս երբեք բախտ չունենալով տեսնել հարազատ տունը: Օտար իրականությանը, կարոտին չհարմարվելով՝ այս ծեր կնոջ միակ սփոփանքը դառնում են անցյալի հիշողությունները:

Թարաղին իր պատմվածքում վարպետորեն է կերտել ծեր մոր կերպարը, նրա ներքին դրաման, սերը, զոհաբերությունը, հայրենի հողի անհագ կարոտն ու մանկության տարիների վերհուշը, որոնք դարձել են նրա թափառական  օրերի ուղեկիցն ու սփոփանքը: Պատերազմից հետո փողոցում հայտնված կինը վերջապես ապաստան է գտնում որդու տանը՝ Ֆրանսիայում, այնուհետև դստեր մոտ՝ Լոնդոնում, իսկ այնտեղից եղբոր մոտ՝ Կանադայում: Եվ այդ երկարատև, մի կյանքի տևողություն ունեցող թռիչքը դառնում է Մեհին Բանուի վերջին ապաստանը:

Այս մեծ աշխարհում իր ծերունական անկյունը երբևէ չունենալու Մեհին Բանուի միակ երազը այն երկնային ապաստանն է դառնում, որտեղ կգտնի իր հավերժական հոգեկան անդորրը[6]:

Մահին Բանուի դժվարին ապրումները տեսնելով՝ հայ ընթերցողի մտահորիզոնում հաճախ է հայտնվում Դերենիկ Դեմիճյանի «Ավելորդը» պատմվածքի հերոսուհին՝ իր համանման ճակատագրով: Նա էլ անտեսված է իր հարազատ եղբոր կողմից: Նրա հարազատներն արտագաղթում են պատերազմի պատճառով, սակայն նրան թողնում նույն այդ պատերազմի ճիրաններում՝ ասելով, որ նա ծեր է և ճանապարհի դժվարություններին չի դիմանա[7]:

Մի շարք գրականագետներ Գոլի Թարաղիի ստեղծագործության գագաթնակետն են համարում «Անար բանուն և իր որդիները» պատմվածքը՝ «Ուրիշ տեղ» ժողովածուից: Այս պատմվածքի գլխավոր հերոսուհին Անար բանուն է՝ Յազդից Շվեդիա՝ որդիների մոտ մեկնել փորձող տարեց մի կին:

Ողջ պատմվածքը հյուսում  է Անար Բանուի և գլխավոր հերոսուհու՝ տվյալ դեպքում հեղինակի կյանքի պատմությունը: Շատ գրականագետներ են փորձել անդրադառնալ պատմվածքի ասելիքին, դրա մեջ փնտրել Թարաղիի կենսագրական տվյալները, սակայն ամենից լավ պատասխանը տվել է հենց ինքը՝ հեղինակը՝ իր «Կորած ժամանակի և տարածության որոնումը» հարցազրույցում.  «Անար բանուին, իսկապես, Թեհրանի օդանավակայանում եմ հանդիպել ու ծանոթացել:

Նրա պատմությունը գրի եմ առել կետ առ կետ, այնպես, ինչպես պատահել է: Անար բանուն հարյուրավոր ծեր մայրերի նման հեղափոխության զոհն է: Տղաների համար դռնեդուռ է ընկել, թափառական դարձել: Բայց նրա կյանքին զուգահեռվում է մի այլ կյանք ևս` հեղինակի կյանքը:

Նա նույնպես անընդհատ գնալ-գալու մեջ է և փնտրում է «ուրիշ տեղ»` երևակայական քաղաք, որը հասանելի է: Անար բանուի նման նա ևս մոլորված ուղևոր է և հայրենի սահմաններից դուրս է փնտրում բնակավայր, որտեղ գուցե մոտ կլինի իր ներքին համոզմունքներին ու ցանկություններին: Պատմության վերջն անհայտ է: Մինչև այն բացահայտելը գրողը պարտք է մնում: Տասնյակ հեռախոսազանգեր էի ստանում տարբեր մարդկանցից, որոնք անհանգստացած էին Անար բանուի ճակատագրով և ցանկանում էին իմանալ, թե ինչ է պատահել նրան: Մի՞թե կորել է: Հասա՞վ տղաներին: Վերադարձա՞վ Իրան: Ես չգիտեմ և շատ եմ ցանկանում, որ որևէ մեկն ինձ պատմի այդ մասին»[8]:

Մեկ այլ «թռչող մոր» կերպարի ենք հանդիպում «Երկրորդ հնարավորություն» ժողովածուի «Ընտրություն» պատմվածքում: Այստեղ մերժված կնոջ ճակատագիրն է կրում մի տարեց կին, որն իր կյանքի վերջին տասնամյակները նվիրել է որբ թոռան խնամքին ու դաստիարակությանը, հանուն նրա վաճառել իր տունը, ուր էր միայն կարողանում գտնել մահացած զավակների հուշերը:

Սակայն նրա երիտասարդ թոռը՝ Ամիրհոսեյնը, ամենևին էլ չի կարողանում տատի նման ապրել, նա երազում է բնակվել Եվրոպայում, որտեղ նրան է սպասում իր սիրելին, հեռվից պահանջում, որ տատին անտեսի, տունը վաճառի ու գա իր մոտ՝ Եվրոպա: Ի վերջո Ամիրհոսեյնը, կուլ գնալով սիրած աղջկա պահանջներին, վաճառում է տունը, տատի համար ծերանոցում տեղ ամրագրում, սակայն տատը, երբ պատահականությամբ լսում է թոռան հեռախոսազրույցը, որտեղ էլ հենց իմանում է իրեն՝ ծերանոց նետելու մասին, առանց որևէ բառ ասելու հեռանում է տանից ու Ամիրհոսեյնի կյանքից:

Այս պատմվածքում հեղինակը չափազանց վարպետորեն է կառուցել տարեց կնոջ մենության թեման, և ինչպես ընթերցողը Անար Բանուի հետագա ճակատագրին է անհաղորդ մնում, այնպես էլ՝ այս պատմվածքում:

Մարդու մենության, ինչպես նաև «թռչող մոր» կերպարին ենք հանդիպում նաև Թարաղիի «Վերադարձ» վեպում: Այս ստեղծագործության մեջ գլխավոր հերոսուհին Մահսիման է, որի կյանքը վերածվել է շարունակական փնտրտուքի:

Փարիզ արտագաղթած այս իրանցի կինը մեծ դժվարությամբ է կարողացել հարմարվել նոր, եվրոպական բարքերին, որոշ չափով նրա կյանքը խաղաղվել է, սակայն աընդհատ նրա գլխում վերադարձի միտքն է: Վերադարձ որդիների մոտ՝ Ամերիկա, վերադարձ հայրենիք՝ Իրան, որտեղ հույս ունի, թե կգտնի, իր ընտանիք կբերի ամուսնուն:   

Մինչ վերջնական որոշում կայացնելը՝ գնալ Իրան, թե՞ ոչ, նա ընկնում է հուշերի գիրկը: Թե ինչպես մի օր ավագ որդին բռնեց Ամերիկայի ուղին, կարճ ժամանակ անց էլ նրան հետևեց կրտսերը: Ամուսինը գնաց Թեհրան՝ հույս ունենալով հետ բերել իրենց գույքը, ունեցվածքն ու դիրքը, որ Իսլամական հեղափոխությունից հետո, այլևս գոյություն չունեին:

Այս կինն էլ՝ ինչպես Անար Բանուն, Մահին Բանուն, մոռացած իրենց անձնական ցանկություններն ու նպատակները, փորձում են ամեն կերպ ամուր պահել ընտանիքը, ազգային տարրը, մայրենի լեզուն: Սական հեղինակը նրբորեն ցույց է տալիս, թե ինչքան դժվար է օտարության մեջ պահպանել սեփական ինքնությունը, կրոնը, լեզուն: Նույնիսկ Մահսիմայի որդիներն են դարձել անգլախոս, ամուսնացել օտարազգիների հետ:

Հենց այս ծանր հոգեվիճակն է ստիպում հերոսուհուն ճամփորդել, վերադառնալ հնին, գնալ Իրան: Եթե վերը նշված պատմվածքներից մի քանիսում սահմանային վիճակի հասած հերոսների վերջին ելքը մնում էր մտովի ճամփորդությունը դեպի անցյալ, ապա ինչ-որ չափով Մասիման նրանցից ավելի բարվոք վիճակում էր գտնվում: Նա ֆիզիկապես է կարողանում մեկնել հայրենիք, սակայն երկար տարիներ Եվրոպայում ապրած մարդուն նոր, ավելի կրոնական Իրանը գրկաբաց չէր ընդունելու: Նա կարծես Թեհրանում լրիվ օտարական է, ինչ-որ չափով նրա համար խորթ են իսլամական օրենքները.

«….Ավտոբուսի վարորդն ասաց.

– Տիկի՛ն, առաջնամասը տղամարդկանցն է: Խնդրում եմ՝ հետև անցեք:

Մահսիման ապշած ու զարմացած հայացք գցեց կողքերը: Տեսավ՝ իրենից բացի՝ ոչ մի կին այդ հատվածում չկա: Կարմրեց և զգաց, որ սեփական հայրենիքում էլ է խորթ: Վեր կացավ, կանգնեց: Չգիտեր ինչ անել: Երկու հատվածները մեջտեղից փակ էին: Տղամարդկանցից մեկն ասաց.

– Պետք է իջնես, մեջտեղի դռնով բարձրանաս:

Մահսիման մտածեց՝ իսլամական կանոններ: Տղամարդիկ՝ առջևում, կանայք՝ հետևում: Պետք է սովորեմ…»[9]:

Հերոսուհուն ապշեցնում է նոր Թեհրանը: Կարելի ասել՝ իր մանկությունից ոչ մի պատառիկ չի գտնում. հին, սլացիկ ծառերի փոխարեն բարձրահարկ շենքեր ու աշտարակներ են: Հին ճարտարապետության կողքին բարձրանում են նոր, եվրոպական շինություններ: Եվ հերոսուհին զարմացած է, որ հին քաղաքը, իր ողջ քաղցր հուշերը, որոնց երազանքն էին նրան բերել Իրան, այլևս չկան:
Այսպիսի հոգեվիճակում հերոսուհու մենությունը, օտարվածությունն էլ ավելի է խորանում:

Նա իրեն զգում է երկու աշխարհների, երկու քշված տարածությունների արանքում: Չգիտի, թե որ մեկին է պատկանում ինքը, որն է իր հետագա անելիքը: Եվ ամենից կարևորը՝ սեփական Ես-ը գտնելու էկզիստենցիալ փնտրտուքները, որ նրան բերել էին, Իրան, դառնում են ապարդյուն:

Գոլի Թարաղին այս վեպով մի շարք կարևոր շեշտադրումներ է իրականացնում: Դրանցից մեկը այսօրվա իրանցիների երազանքի պատկերումն է: Գրեթե բոլորն իրենց պատկերացնում են Եվրոպայում կամ Ամերիկայում: Նա նշում է՝ ամերիկյան երազանքը ասես կուրացրել է բոլորին: Ոչ միայն վտարանդիության մեջ ապրողներն են կորցրել իրենց սեփական էությունը, ազգային մտածելակերպը, այլ նաև բուն հայրենիքում ապրողները:

Այն նպատակները, որոնց համար Մահսիման Փարիզից հասել էր Թեհրան, ապարդյուն և անկատար համարելով, ամուսնուն ուրիշ, ավելի երիտասարդ կնոջ ընկերակցությամբ տեսնելով, սեփական օտարվածությունն էլ ավելի խորացնելով՝ նա ի վերջո վերադառնում է Փարիզ՝ Թեհրանից տանելով մի շարք սև ու սպիտակ լուսանկարներ: Իսկ վեպի վերջում արդեն հեղինակը ցույց է տալիս մենակության մեջ ապրող կնոջ կյանքի մի հատվածը. «….Մահսիման լուսանկարչական ցուցահանդեսի անունը դրել է «Նրանք, որ գնում են, և նրանք, որ վերադառնում են»: Լուսանկարները՝ կիսով չափ սև-սպիտակ, կիսով չափ գունավոր: Իրար միահյուսված երկու կյաք։ Ինչպես իր կյանքը»[10]:

Այս մի քանի պատմվածքներում Գոլի Թարաղին Մեհին Բանուի, Անար Բանուի, Մահսիմայի և «Ընտրություն» պատմվածքի անանուն հերոսուհու կերպարների միջոցով ընդգծել է ազգային և մշակութային ինքնությունը կորցնելու ցավալի երևույթը՝ քննադատելով Իրանի քաղաքական վիճակը: Ինչպես նշում է գրականագետ Լ. Սաֆրաստյանը. «Հայրենիքից հեռու, անորոշ ու անղեկ դեգերումների ճանապարահին Թարաղիի յուրաքանչյուր հերոսուհի իր «նոր ֆիզիկական տան» պատերի ներքո կառուցում է երազների այն երկնային ապաստանը, ուր հավերժ կապրեր՝ իր հուշերին ու հայրենի տան կարոտին ամուր գգված: Հայրենի տան կարոտը հեղինակի հոգում մշտապես կանչող մեղեդի է, հայրենի տան կարոտով նա հյուսում է իր երազը և այլ իրական հողի վրա ապրում այդ երազում»[11]:

3.Հերոսի մենությունը՝ երկու աշխարհի միջև: Գոլի Թարաղիի ստեղծագործություններն ասես երկու տարբեր, բայց միևնույն ժամանակ, իրար շատ ամուր թելով կապված աշխարհների համադրության արդյունքն են: Այս առումով ուշագրավ է հեղինակի «Երկու աշխարհ» ժողովածուն. թերևս պատմվածքների այս ժողովածուի վերնագիրն էլ ինքնանպատակ չէ: Իր կառուցվածքի, գրելու ոճի և տեխնիկայի առումով ևս այս ժողովածուն արժանի է ուշադրության:
Այն բաղկացած է թվով յոթ պատմվածքներից, որոնցում հատկապես նշանակալից են առաջին և վերջին պատմվածքները՝ «Առաջին օր» և «Վերջին օր» վերնագրերով:

«Առաջին օր» պատմվածքում հերոսուհին հայտնվում է հոգեբուժարանում և իր առաջ նպատակ է դնում գտնել սեփական Ես-ը, վերջ տալ անցյալ ճամփորդելուց, հուշերի գիրկն ընկնելուց, ապրել այսօրով ու ներկայով, և այդ ամենը միայն հնարավոր է գրելով: Ժողովածուի արդեն վերջին՝ «Վերջին օր» պատմվածքում տեսնում ենք հոգեպես կատարյալ առողջ, իր նպատակներին հասած հերոսի, որը դուրս է գրվում հոգեբուժարանից:

Ինչպես այս երկու պատմվածքները, այնպես էլ ողջ ժողովածուն մի շարք գրականագետների առիթ են տվել՝ կարծելու, թե դրանք զուտ Թարաղիի ինքնակենսագրական հուշերն են, նրա ապրումները հոգեբուժարանում. այս հարցին ևս հեղինակն անդրադարձել է իր հարցազրույցներից մեկում:

««Երկու աշխարհ»-ի միմյանց լրացնող պատմվածքների ժողովածուն պատմություն է մի աղջկա հասունության և մեծ կյանք մտնելու մասին: Ամեն մասում նրա առաջին փորձառությունն է` մահվան, սիրո, մեծանալու տագնապի, արբունքի գաղտնիքների բացահայտման, պատրանքների ու ստերի, ընտրության ու ազատության հարցերի վերաբերյալ:

Բոլոր այս թեմաներն ինչ-որ կերպ քննարկվում են: Ցավոք, ոչ ոք պատմվածները չի դիտարկում այս տեսանկյունից: Երկու աշխարհ, այսինքն՝ երկու բևեռ` ծնունդ և մահ, կեղծիք և ճշմարտություն, Շեմիրանի ապահով ու բարեկեցիկ միջավայրը՝ ի հակադրություն դրսի խառնիճաղանջ աշխարհի, մանկության անեղծ ու քաղցր աշխարհ և աշխարհ մեծահասակների, խարդախ ու կեղծաբարո մեծահասակների: Ես չեմ սիրում մեկնաբանել իմ պատմվածքները, բայց սիրտս ցավում է, երբ տեսնում եմ` պատմվածքների այդ գիծը սակավ ուշադրության է արժանանում գրաքննադատների կողմից:

Հոգեբուժարանում հայտնվելը կարող է լինել իրականություն կամ հորինվածք: Դրան նայեք գրական ստեղծագործության կամ գրական կառուցվածքի տեսանկյունից: Կարևորն այն է, թե արդյոք հոգեբուժարան ընդունվելն ու դուրս գրվելը` ժողովածուի սկզբում և վերջում, գրական կիրառություն ունե՞ն, թե՞ ոչ: Այս գրքում ամեն ինչ երկու երես ունի, հատկապես ժամանակն ու տարածությունը: Անցյալ և ներկա, Փարիզ և Թեհրան: Հոգեբուժարան ընդունվելիս հեղինակը հայացքը շրջել է դեպի անցյալ, և անցյալը միակ ժամանակն է, որն իրական է: Այն, ինչը ձևավորվում  և շունչ է առնում ներկայում, նրան օտար է և ցավ է պատճառում:

Ապագայի հորիզոնն էլ մութ ու փակ է թվում: Հետևաբար, նա նետվում է անցյալի գիրկը, որտեղ ծնվում են հիշողությունները: Հոգեբանական առումով վերադարձը դեպի անցյալ ունի ամոքիչ հատկություն: Ըմբռնման ու բացահայտման ճամփորդություն է: Հերոսը պետք է ընկնի ջրհորի անհատակ խորքը և այնտեղից դուրս գա, վերադառնա կյանքով լի, ոչ ձեռնունայն: Դա է վերածնվելու պայմանը: Վերջին պատմվածքում հերոսուհին հայացքը հառել է ապագային:

Սպասումի ժամանակ է, լավ իրադարձությունների սպասումի: Շարժման, առաջընթացի, ընտրության, ճախրանքի ժամանակ է: Հոգեբուժարանում հայտնվելն ու այնտեղից դուրս գալը իրական փորձություն է:  Այն որպես սեփական պատմություն վերապատմելն անիմաստ է: Ես այն օգտագործել եմ պատմվածքներ գրելու, վեպի կառուցվածքի և մարդու հոգեկերտվածքի, գոյության, ժամանակի  երկվությունը բացահայտելու համար»[12]:

Ընթերցելով այս ժողովածուի պատմվածքները՝ տեսնում ենք, որ դրանցից յուրաքանչյուրում էլ է առկա այդ երկու աշխարհը, որոնք ինչ-որ չափով հակադրվում, գալիս են՝ լրացնելու միմյանց: Այսպես, «Առաջին օր» պատմվածքում երկու հակադիր բևեռներն են հոգեբուժարանը, ներկան և Շեմիրանի այգին, մանկության լուսավոր հերոսները, անհոգ կյանքի տարիները: «Խանումները» պատմվածքում իրար է հակադրվում երկու հարազատ քույրերի՝ Գորգեի և Նազի կյանքը: Նրանցից յուրաքանչյուրն ունի իր սեփական խնդիրները, կյանքից դժգոհ լինելու պատճառները: Նրանք երկուսն էլ դարձել են Թարաղիի կերտած օտարված կանանցից:

 Սակայն պատմվածքի հերոսուհիներից մեկը՝ Գոլմարիամը, ինքն իրեն օտարել է այդ աշխարհից: Հեղինակը իրար է հակադրել և միաժամանակ համադրել Գոլմարիամի խավար, արհեստական կերպով մթացված աշխարհը և մնացած երեխաների լուսավոր աշխարհը: Իսկ պատմվածքի վերջում լուսավոր աշխարհ վերադարձած Գոլմարիամը պիտի կապվի հոգիների աշխարհին, որպեսզի իր մանկության անեղծ սիրո հետ խոսի:

«Պատի հակառակ կողմը» պատմվածքում միմյանց են հակադրվել հերոսուհու մանկական տարիներն ու Գիթիի՝ իրենց հարևանուհու կյանքը: Այս պատմվածքում հեղինակը չափազանց նուրբ կերպով հյուսել է Գիթիի՝ կարիքից դրդված անբարոյականության ճամփան բռնած կնոջ դժբախտությունը, նրա հոգու մեծ բարոյականությունն ու մենության խնդիրը:

  «Հրեշտակը» պատմվածքում Թարաղին ցույց է տալիս օտարության մեջ ապրող հերոսի հոգեբանությունը, նկարագրում նրա աշխարհը, որում կարևորագույն դերում է որդիների ազգապահպանման հարցը: Եվ այս աշխարհին է հակադրվում հերոսուհու հին բարեկամների կյանքը, որոնք, հայտնվելով Փարիզում, իրենց ներկայով ակամա դառնում են հին օրերի վկան:

Պատմվածքների այս ժողովածուն ավարտվում է «Վերջին օր» պատմվածքով, որի հերոսուհին երկար փորձություններից, տանջանքներից հետո ի վերջո գտնում  է լույսը իր էկզիստենցիալ որոնումների արդյունքում՝ ասելով. «Այս այգու գորշ պատերից այն կողմ ինձ է սպասում  ուրիշ աշխարհարթուն աշխարհսրճարանների ու փողոցների բույրովմարդկանցովխոսքերովբառերովսիրառատ տրոփյուններովգունավոր խոստումներովանուշ զգացողություններովհամերովարևովընկերներով»[13]:

Թեպետ այստեղ տեսնում ենք իր վերջնական նպատակակետին՝ լույսին հասած գլխավոր հերոսուհուն, սակայն կա ևս մեկ կարևոր հերոսուհի՝ հոգեբուժարանում (խնդիրների, ապրածդ կյանքը գնահատելու, արժևորելու, քեզ տանջող հարցերին պատասխան տալու աշխարհ) հայտնված կերպարը, որն անընդհատ մտորում է. «Ուզում է հասկանալինչո՞ւ է ողջ ու ինչո՞ւ պիտի շարունակի ապրելԻնչո՞ւ է եկել այս աշխարհ և ինչո՞ւ պիտի գնա այս աշխարհիցՈւզում է բացահայտել մահվան առեղծվածըԱսում էմանկուց փնտրում է այդ հարցի պատասխանըծնողներն ի զորու չեն եղել բավարար պատասխան տալուՈւսուցիչները տնտղել են հարցի ուղնուծուծը ու շրջանցելՀոգևորականն ավելի քիչ բան է իմացելքան մյուսները և դատարկաբանել էԱսում է«Մինչև համոզիչ պատասխան չստանամչեմ ապաքինվի…»[14]:

Ինչպես «Երկու աշխարհ» ժողովածուում, այնպես էլ «Վերջին օրը» պատմվածքում անհրաժեշտ է ուշադրություն դարձնել սերունդների միջև շղթայական կապին, որը արտահայտված է Կ. Յունգի «Կոլեկտիվ անգիտակցականության» սկզբունքում:          Այս պատմվածքում առկա է կնոջ և մոր՝ իբրև սերնդակցական շղթայի առկայությունը: 

«….Մայրս էլ է այնտեղԳլխի է ընկելոր հիվանդ եմՈչ ոք նրան չի ասելհիվանդանոցում հայտնվելու հենց առաջին օրը նրա աչքերի առաջ ենք հայտնվել եսհիվանդասենյակի թախտին պառկածև բժշկուհինսպիտակ խալաթը հագինՀայրս էլ մահանալուց հետո շարունակում է կապը նրա հետՄայրս հաճախ է պնդումոր լսել է հորս ձայնընրա պատգամըՈւթսունամյա մայրսոր դժվարությամբ է քայլում և հազիվ տեսնումմի ազնվական գերդաստանի վերջին օղակն էհեռուներից եկածտարբեր ժամանակաշրջանների միջով անցածկրողը իմ տոհմի ժամանակի ու լեզվիՊատկերացնում եմ ինձմորս ու երեխաներիս միջև կանգնածայն հատվածըորտեղ հիմա ես եմհանգույց է անցած օրերի ու գալիք ժամերի միջև»[15]:

Իր վերջնական Ես-ը գտած, արդեն ֆիզիկական մենությունից չվախեցող հերոսուհին շարունակում է պահպանել իր սերնդակցական շղթան: Պատմվածքի վերջում հեղինակը  ռուսական փայտե տիկնիկների կերպարն է դառնում կարևոր արտահայտչամիջոց. «Աչքս ընկնում է գիրուկփայտե տիկնիկինԱյն ռուսական տիկնիկներից էոր գոտկատեղից երկու կես է լինումՆրա փորի մեջ ավելի փոքր տիկնիկ կաորը նույնպես բաժանվում է երկու մասիԱյդպեսհաջորդաբարերրորդըչորրորդըավելի ու ավելի փոքրերըմինչև վերջին՝ սիսեռահատիկի չափ տիկնիկըԳնում եմ այդ գիրուկհղի տիկնիկը

Նայում եմ նրանՆմանություն եմ գտնում իմ ու նրա միջևԻմ ներսում էլ են կուտակված մորտատիքարանձավաբնակ քույրերի բազմաթիվ հին տիկնիկներորոնքամեն մեկը նստած ժամանակի իր աստիճանինշղթայում են աշխարհի սկիզբն աշխարհի վերջինՏեսնում եմայդ բեղմնավոր արգանդը նաև երեխաներիս ու թոռներիս ճակատագիրն էպատմությունն է թոռներիսծոռներիս ու նրանցորոնց չեմ տեսնելու»[16]:

Գոլի Թարաղիի ստեղծագործություններում մարդու երկփեղկվածության, Ես-երի բախման թեման տեսնում ենք նաև «Տանձենի» պատմվածքում: Այստեղ իրար են զուգահեռվում երբեմնի բերքատու, բայց այսօր ոչ մի պտուղ չտվող տանձենին և նախկինում մի շարք հոդվածներ, հրապարակումներ ունեցած, բայց այսօր գրել չկարողացող հեղինակը:

Անվերջ որոնումների, պրպտումների մեջ հայտնված հերոսը ոչ մի կերպ չի կարողանում հաղթահարել դատարկության զգացումը, նա փորձում է գտնել իր այդ հոգեվիճակի բանալին, բայց ոչ մի արդյունք. «….այսօր, երբ մազերս ճերմակել են, փորս տռզել է, և անունս շատերի բերանում է, ու պետք է բարձունքում լինեմ, ընդհակառակը, ոչ մի զգացողություն չունեմ, և հին տաշտակն է դարձյալ առջևս: Ինչ էլ որ ասել եմ, դրան էլ չեմ հավատում, բոլոր սկզբունքներս փտել են անարմատ, փուտ բույսերի նման:

Գուցե ներսս է հիվանդ, գուցե ախտն ինձնից է տարածվում: Գուցե հազարամյակի վերջին և դարասկզբին  խավա՞ր է…»[17]:

Նույնանման իրավիճակի և դատարկության զգացումի մեջ է նաև տանձենին: Այն ոչ մի պտուղ տալու միտք չունի: Եվ հերոսը ի վերջո փորձում է տեսնել իր ու տանձենու միջև առկա լուռ, շատ կարևոր, ամուր կապը: Նա գնում է ծառի մոտ, հասկանում կարևոր ճշմարտությունը. «…Այս տանձենին թաքուն խոսք ունի և փսփսում է ինքն իր մեջ, ու ես զգում եմ կյանքը նրա ներսում: Թերևս հենց այս ծառից էր մայրս կապում լվացքի պարանը, նրա տերևների հաճելի ստվերում էր «Մ»-ն վանդակավոր ծածկոցը փռում ու գիրք կարդում: Այս ծառի վեհաշուք բնի վրա էր քույրս գրպանի սուր դանակով խոցված սրտեր նկարել, ես «Մ»-ի անունն էի փորագրել, եղբայրս հիշատակի խոսքերի մի տող էր գրել:

Կարծում եմ` հորաքույրս հենց այս ծառի ճյուղից էր միջատապաշտպան շղարշի ծայրը կապում, հայրս նրա հարևանությամբ աղոթք էր անում, չարաճճի փոքրիկներն իրենց փայտե նետերով նրա բնին էին նշան բռնում, ես բոբիկ, զգուշորեն բարձրանում էի ճյուղերով և կատարից` այդ փառավոր բարձունքից,  աշխարհին ու «Մ»-ին էի նայում: Այս ծառն ինձ ճանաչում է և հիշում մանկությանս բոլոր օրերը»[18]:

Եվ միայն իրական ճշմարտությունը հասկանալուց, ծառի հետ հոգեպես մեկտեղվելուց հետո է, որ հերոսը կարողանում է ձերբազատվել իրեն պատած մենությունից, գտնել կորսված Ես-ը:
1998թ. իրանական կինոյի նշանավոր վարպետ Դ. Մեհրջոին նկարահանեց «Տանձենին» կինոկտավը՝ հիմնված Գոլի Թարաղիի այս պատմվածքի վրա:

Այսպիսով, ամփոփելով Գոլի Թարաղիի մի շարք ստեղծագործություններում առկա մարդու մենության խնդրի թեման՝ կարող ենք ասել, որ.

Գոլի Թարաղին բազմաշերտ հեղինակ է, որն իր արձակում մեծ տեղ է հատկացրել մարդու մենության խնդրին:

Հեղինակն իր ստեղծագործություններում մանրամասն նկարագրել է իրանական սփյուռքի վիճակը, այն բարդությունները, որոնք թերևս սպասում են յուրաքանչյուր գաղթականի:

Իր արձակում Թարաղին արծարծել է մի շարք կարևոր հարցրեր՝ լեզվական, կրոնական, մշակութային անհատականության պահպանման կարևորությունը հայրենիքից դուրս:

Թարաղիի արձակում կարմիր թելի պես անցնում է ավելորդ դարձած մայրերի կերպարը: Հեղինակը նկարագրում է նրանց ծանր ապրումները, բարդ ճակատագրերը:

Հեղինակն իր երկերում ներկայացրել է նաև երկու աշխարհների միջև ապրող մարդուն՝ պատկերելով նաև այդ տարածության մեջ կարծարացած մենության թեման:

Մարդու մենության թեման Գոլի Թարաղիի արձակում արտահայտվել է ինչպես ներքին նոստալգիկ մտորումներով, դեպի անցյալ և մանկություն վերհուշի միջոցով, այնպես էլ՝ էկզիստենցիալ դրսևերումներով:

The Problem of Loneliness of the Character living in the Frameworks of lost Time and Identity in the works of Goli Taraghi

Goli Taraghi is one of the most prominent representatives of the 20-21tst century Iranian literature, an autour who is well-known and renowned to both people in Iran and the Iranian diaspora. Our work is dedicated to the discovery of human loneliness in her works. In her literature, the author portrayed the physical and spiritual loneliness of the people living abroad, the connection between homeland and diaspora, the longing for a person’s own homeland, family, etc. In the worksof the author, human loneliness has been reflected mainly through the recollection as well as the existential elements. Her characters try to escape from the present, the reality and find a shelter in the sweet memories of solitude. At the same time, Taraghi skillfully tackled upon the topic of loneliness of “Elderly mothers”, who are filled with the love towards their children, but who often do not get back as much love as they give. She depicted the fate of old women who are in the cluthes of war and homelessness.
We hopeful that our work will be a little contribution to studying one of the most prominent representatives of contemporary Iranian literature.

 Աղբյուրը՝ granish.org

 Օգտագործած գրականության ցանկ

  1. Գրականության տեսության արդի հիմնախնդիրներ, ուսումնական ձեռնարկ, Եր., 2016թ., ԵՊՀ հրատարակչություն, 332 էջ:

 2. Թարաղի Գ․, Վերադարձ, թարգմ․՝ Ա․ Բագրատյան, խմբ․՝ Ա․ Նիկողոսյան, Եր․, Անտարես, 2020, 184 էջ:

Դեմիրճյան Դ., Երկեր Երկու գրքով, գիրք առաջին, պատմվածքներ, Եր., Սովետ. Գրող, 1977, 662 էջ:

Սաֆրաստյան Լ., Վտարանդիության և արտագաղթի թեման իրանական սփյուռքի գրականության մեջ (1979-2015 թթ.), Եր., ԵՊՀ հրատ., 2016, 282 էջ:

ترقی گلی، خاطره های پراکنده – تهران، باغ آینه، ۱۳۷۱، ۲۰۸ ص

ترقی گلی، دو دنیا – تهران، نیلور، ۱۳۸۶، ۲۱۵ ص

ترقی گلی، جایی دیگر – تهران، نیلور,۱۳۹۶، ۲۶۳ ص

ترقی گلی، فرصت دوباره – تهران، نیلور، ۱۳۹۶، ۲۵۵ ص

ترقی گلی، بازگشت – تهران، نیلور، ۱۳۹۷، ۱۶۰ ص

https://hetq.am/

https://granish.org/

https://www.npr.org/

[1] Գրականության տեսության արդի հիմնախնդիրներ, ուսումնական ձեռնարկ, 2016թ., 123-125:

[2] «Գոլի Թարաղի – Տուն՝ երկնքում» https://hetq.am/hy/article/66079 (Հասանելի է առ 24.05.19):

[3] «Գոլի Թարաղի – Առաջին օրը» https://granish.org/arajin-ory/:

[4]«Pomegranate Lady» Despicts the Comedy and Tragedy of Exile – NPR Books, http://www.npr.org/2013/12/07/249237327/pomegranate-lady-despicts-the-comedy-and-tragedy-of-exile:

[5] Վերադարձ – Գոլի Թարաղի, թարգմ․՝ Ա․ Բագրատյան, խմբ․՝ Ա․ Նիկողոսյան, Եր․, Անտարես, 2020, էջ 10:

[6] Սաֆրաստյան, Վտարանդիության և արտագաղթի թեման իրանական սփյուռքի գրականության մեջ (1979-2015 թթ.), 2016,  211:

[7] Տե՛ս Դեմիրճյան Դ., Պատմվածքներ, 1977թ., 37:

[8]«Հարցազրույց Գոլի Թարաղի հետ – Կորած ժամանակի և տարածության որոնումը» – https://granish.org/harcazruuyc-goli-taragi/:

[9] گلی ترقی٬ بازگشت – تهران، نیلور، ۱۳۹۷، ص ۹۱ (թարգմ. պարսկերենից՝ Ա.Բ)

[10] Վերադարձ – Գոլի Թարաղի, թարգմ․՝ Ա․ Բագրատյան, խմբ․՝ Ա․ Նիկողոսյան, Եր․, Անտարես, 2020, էջ 176:

[11] Սաֆրաստյան, նշվ. աշխ., էջ 214:

[12]«Հարցազրույց Գոլի Թարաղի հետ – Կորած ժամանակի և տարածության որոնումը» – https://granish.org/harcazruuyc-goli-taragi/:

[13]  «Գոլի Թարաղի-Վերջին օրը» – https://granish.org/verjin-ory/:

[14] Նույն տեղում:

[15] «Գոլի Թարաղի-Վերջին օրը» – https://granish.org/verjin-ory/:

[16] Նույն տեղում:

[17] گلی ترقی٬ جای دیگر- تهران، نیلور، ۱۳۷۹، ص ۱۳۵ (Թարգմ. պարսկերենից՝ Նունե Հովհաննիսյանի)

[18] Նույն տեղում, էջ 150:


 Պիտակներ
         Գոլի Թարաղի


 Նմանատիպ նյութեր

 Մեկնաբանություններ 0
Copyright © 2018 ScanNEWS. Design created by Fon uWeb