Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը՝ բարեվարքության ստուգման առաջին արդյունքների մասին

Իրադարձային 24.07.2020   10:15   306

Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը հայտնում է բարեվարքության ստուգման առաջին արդյունքների և հաջողությունների մասին։

2020 թվականի հունիսին Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը Հայաստանում առաջին անգամ իրականացրել է պետական պաշտոններում նշանակման ենթակա անձանց բարեվարքության ստուգում:

Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձմանն ուղղված գործառույթներ իրականացնող դատախազների բաց մրցույթի 23 թեկնածու և ՀՀ գլխավոր դատախազի՝ այդ ոլորտը համակարգող տեղակալի 3 թեկնածու լրացրել են Հանձնաժողովի կողմից մշակված բարեվարքության հարցաթերթիկը, այնուհետև Հանձնաժողովն իրականացրել է հարցաթերթիկում ներկայացրած տվյալների արժանահավատության ստուգում: Բացի այդ, բարեվարքության ուսումնասիրության շրջանակներում Հանձնաժողովը տեղեկություններ է հավաքել թեկնածուների վերաբերյալ և գնահատել այն համակցության մեջ հետևյալ ուղղություններով`

1) անձի կողմից նախկինում քրեական, վարչական կամ կարգապահական պատասխանատվության ենթարկված լինելու հանգամանքի, այդ թվում՝ կոռուպցիոն գործարքներում ներգրավվածության, նրա կողմից վարքագծի կանոնների պահպանման, շահերի բախման, անհամատեղելիության պահանջների, այլ սահմանափակումների խախտում կատարած լինելու հանգամանքների վերաբերյալ,

2) անձի վերաբերյալ զանգվածային լրատվական միջոցներում, ինչպես նաև սոցիալական ցանցերում հրապարակված տեղեկություններ,

3) անձի գույքային դրության` փաստացի ստացած եկամուտների, ինչպես նաև նախկինում ներկայացված հայտարարագրերի վերաբերյալ,

4) անձի աշխատանքային գործունեության վերաբերյալ,

5) անձի քրեական ենթամշակույթին հարելու վերաբերյալ:

Բարեվարքության ուսումնասիրության համար Հանձնաժողովը Եվրոպայի խորհրդի փորձագետների, ԱՄՆ ՄԶԳ ծրագրի աջակցությամբ ներգրավված փորձագետների աջակցությամբ, ինչպես նաև ԵՄ TAIEX ծրագրի փորձագետների խորհրդատվությամբ մշակել է մեթոդաբանություն և ուսումնասիրության գործիքներ, այդ թվում նաև թեկնածուների կողմից տվյալների ներկայացման էլեկտրոնային գործիք:

Բարեվարքության ուսումնասիրության նպատակն է բացահայտել թեկնածուի նախկին մասնագիտական գործունեության ընթացքում դրսևորված այն վարքագիծը, որը կարող է կրկնվել և տվյալ պաշտոնում պաշտոնավարելիս նպաստել անձի կողմից անօրինական գործողությունների իրականացմանը, պաշտոնական լիազորությունների չարաշահմանը, կամ կոռուպցիոն գործարքներում ներգարավվածությանը։

Թեև նման ստուգում Հայաստանում իրականացվում է առաջին անգամ, այն հավակնում է նպաստել տարածաշրջանում բարեվարքության ստուգման և ընդհանուր առմամբ պետական կառավարման ոլորտում բարեվարքության լավագույն համակարգի ինստիտուցիոնոլ ներդրմանը։ Այս առումով Հանձնաժողովն ակտիվորեն համագործակցում է միջազգային գործընկերների՝ Եվրամիության, Եվրոպայի խորհրդի, ինչպես նաև՝ ԱՄՆ-ի փորձագետների խմբերի հետ։ Բարեվարքության ստուգման առաջին արդյունքները վկայում են, որ հավակնոտ ծրագիրը հաջողությամբ է մեկնարկել։

Հանձնաժողովը ներկայացրել է 26 թեկնածուի բարեվարքության վերաբերյալ եզրակացություն, որից 2-ը եղել է բացասական, 11-ը՝ դրական վերապահումով, իսկ 13-ը՝ դրական։

Բարեվարքության ստուգման արդյունքում Հանձնաժողովը ներկայացնում է խորհրդատվական բնույթի եզրակացություն, որի մեջ ներառված են թեկնածուի կրթության, նախկին աշխատանքի ընթացքում դրսևորած վարքագիծը, որոշումների կայացման անկախության, անաչառության փորձը, մասնագիտական պատրաստվածությունը, անօրինական ենթադրյալ դրսևորած վարքագիծը, ինչպես նաև կապը քրեական ենթամշակույթի հետ։

Առանձին մաս է կազմում նաև թեկնածուի, նրա ընտանիքի անդամների գույքային դրության ստուգումը, որը հնարավորություն է տալիս գնահատել, թե արդյոք թեկնածուի գույքի, եկամուտների վերաբերյալ գործարքները՝ դրանց ձեռքբերումն ու օտարումն եղել են օրինական և որևէ այլ ազդեցությամբ թեկնածուի կամ նրա ընտանիքի անդամների օգտին գույքային դրության բարելավում չի արձանագրվել:

Բարեվարքության ուսումնասիրությունը հնարավորություն է տալիս նաև կանխել հնարավոր շահերի բախումը՝ ուսումնասիրելով թեկնածուի ընտանիքի անդամների մերձավոր ազգակցությամբ կապված անձանց Հանրային Ծառայության մասին ՀՀ օրենքով զբաղեցրած պաշտոնների և այդ պաշտոնների ազդեցությամբ թեկնածուի օգտին այս կամ այլ առավելությունը ձեռք բերելու հնարավորությունը:

Հավաքագրված տվյալները համադրվում են և ըստ բարեվարքության բաղադրիչ հանդիսացող տարրերի, դրանց հիման վրա այն ամփոփվում է նախապես մշակված բալային համակարգով, որի հիման վրա էլ այնուհետև կազմվում է թեկնածուի բարեվարքությունը բնութագրող որակական եզրակացություն։



 Պիտակներ
         Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողո


 Նմանատիպ նյութեր

 Մեկնաբանություններ 0
Copyright © 2018 ScanNEWS. Design created by Fon uWeb