Կորոնավիրուսով հիվանդացության աճ է գրանցվում. նախարար

Իրադարձային 03.03.2021   17:54   61

Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը հորդորում է քաղաքացիներին վերադառնալ դիմակների կրման խիստ ռեժիմի, վերջին երկու շաբաթվա ընթացքում կորոնավիրուսի դրական թեստերի թիվն աճում է: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Ավանեսյանն այս մասին  ԱԺ-ում կառավարության անդամների հետ հարց ու պատասխանին՝ պատասխանելով ԼՀԿ-ից Հրանտ Այվազյանի հարցին, թե ինչո՞ւ հիմա ոստիկանները չեն տուգանքում դիմակ չկրելու համար:

ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը վստահեցրեց, որ իրենք մշտապես հետևում են միջազգային մասնագիտական կառույցների կողմից տրված խորհրդատվություններին: «Դիմակների կրումը պահպանում է իր՝ որպես շատ կարևոր կանխարգելիչ միջոցառման դերը»,-ասաց նա:

Նախարարը հիշեցրեց, որ երբ աշնանը կորոնավիրուսով հիվանդացության բավականին բարձր թվեր էին գրանցվել, և բնակչությունը, անսալով նախարարության հորդորներին, սկսեց կրել դիմակներ, հիվանդացության կառավարելիության շատ լավ ցուցանիշներ գրանցվեցին: «Ցածր ցուցանիշները որոշակի հանգստություն են առաջացրել բնակչության մոտ, շատերն այս պահին նույնքան հետևողականորեն չեն դնում դիմակները:

Բայց վերջին 2 շաբաթվա ընթացքում տեսնում ենք հիվանդացության աճ: Այսօր դրական թեստերը եղել են թեստավորվածների 14 տոկոսը: Ուստի՝ իմ խնդրանքն է, հորդորը՝ վերադառնալ դիմակների կրման ավելի խիստ, պահպանողական ռեժիմի և փորձել կանխարգելել վիրուսի տարածումը»,-ասաց նախարարն ու վստահեցրեց, որ դիմակների կրումը շատ կարևոր դեր ունի վարակի տարածելիությունը կանխելու առումով:


 Պիտակներ
         կորոնավիրուս


 Նմանատիպ նյութեր

 Մեկնաբանություններ 0
Copyright © 2018 ScanNEWS. Design created by Fon uWeb