Կորոնավիրուսի մասին օտարերկրյա ԶԼՄ-ներից արտատպած նյութերի վերնագրում պետք է լինի սկզբնաղբյուրը

Իրազեկիչ 26.03.2020   10:45   484

Հայաստանի Հանրապետության կառավարության որոշմամբ փոփոխություններ եւ լրացումներ են կատարվել մարտի 16-ի «Հայաստանի Հանրապետությունում արտակարգ դրություն հայտարարելու մասին» որոշման մեջ։

Որոշակի փոփոխություններ են կատարվել լրատվամիջոցների գործունեությանը վերաբերող դրույթներում։

Կառավարության որոշումը․

«Հիմք ընդունելով «Արտակարգ դրության իրավական ռեժիմի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածը եւ «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 34-րդ հոդվածը՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ո ւ մ է.

1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2020 թվականի մարտի 16-ի «Հայաստանի Հանրապետությունում արտակարգ դրություն հայտարարելու մասին» N 298-Ն որոշման մեջ կատարել հետեւյալ լրացումները եւ փոփոխությունները`

1) որոշման 6-րդ կետը «ազգային անվտանգության» բառերից հետո լրացնել «, պաշտպանության նախարարության» բառերով.

2) որոշման 8-րդ կետը «ազգային անվտանգության» բառերից հետո լրացնել «, պաշտպանության» բառով.

3) որոշման հավելվածում՝

ա. 23-րդ եւ 24-րդ կետերը շարադրել հետեւյալ խմբագրությամբ․

«23. Հայաստանի Հանրապետությունում նոր կորոնավիրուսային հիվանդության վարակման առկա եւ նոր դեպքերի, անձանց առողջական վիճակի, վարակի աղբյուրների, առկա կամ հնարավոր վարակակիր անձանց հետ շփված այլ անձանց շրջանակի, զննում (վարակի թեստավորում) անցնող անձանց եւ մեկուսացվածների քանակի, առողջապահության բնագավառում լիազոր մարմնի կողմից իրականացվող միջոցառումների եւ դրանց վերաբերող տվյալների վերաբերյալ հրապարակումների, տեղեկատվական նյութերի, հարցազրույցների, հաղորդումների (այսուհետ բոլորը միասին` հաղորդում) հրապարակային տարածումը, փոխանցումը, ներառյալ ինտերնետային կայքերում եւ սոցիալական ցանցերում դրանց հրապարակումների ձեւով, զանգվածային լրատվության միջոցների կողմից կատարվում է միայն պարետատան տրամադրած տեղեկատվության (այսուհետ` պաշտոնական տեղեկատվություն) հղումով՝ ամբողջությամբ արտացոլելով պաշտոնական տեղեկատվությունը (առանց խմբագրման)։

24. Զանգվածային լրատվության միջոցների կողմից սույն որոշման 23-րդ կետով նախատեսված հաղորդումներն առանց պաշտոնական տեղեկատվության հիմքի հրապարակելու դեպքում՝ ԶԼՄ-ները պետք է հրապարակեն պարետատան կողմից այդ հաղորդման մեջ պարունակող տեղեկությունների վերաբերյալ տրամադրված, հրապարակված հերքումը կամ պարզաբանումը՝ այն ստանալուց/հրապարակվելուց հետո 2 ժամվա ընթացքում։ Միաժամանակ, ԶԼՄ-երը պետք է ապահովեն վերջինիս տարածումը նույն հարթակներով, ինչ կիրառվել է հաղորդման հրապարակման ժամանակ»:

բ. լրացնել հետեւյալ բովանդակությամբ նոր՝ 24.1-ին կետով.

«24.1. Օտարերկրյա զանգվածային լրատվամիջոցների կողմից նոր տիպի կորոնավիրուսի համավարակի վերաբերյալ հրապարակված տեղեկատվական կամ վերլուծական նյութերի ամբողջական կամ մասնակի արտատպման դեպքում ԶԼՄ-ները պետք է հրապարակեն նյութի սկզբնաղբյուրը՝ նյութի վերնագրում»:

գ. 26-րդ կետն ուժը կորցրած ճանաչել։

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակման պահից»:



 Պիտակներ



 Նմանատիպ նյութեր

 Մեկնաբանություններ 0
Copyright © 2018 ScanNEWS. Design created by Fon