Կնուտ Համսուն. Ամերիկայի երկրորդ հայտնաբերումը

Մտորման համար 19.05.2020   22:15   1025

Մի խցկվիր այնտեղ

Հազիվ է հասցնում հոգնատանջ ճանապարհորդը ոտք դնել Ամերիկա` տեղնուտեղը զգում է իրեն ուշքը կորցրած` զարհուրելի աղմուկից ու անդադրում վազվզուքից: Նա ապուշ կտրած նայում է, թե որչափ արագ է սլանում փողոցային կառքը. հավերժ անհանգիստ փութկոտությունն անմիջապես տիրում է նրան: Եթե նա Նյու Յորք գար ամռանը` պակաս չէր լինելու զարմանքը, երբ տեսներ անխռով զբոսնող տղամարդկանց` առանց վերնաշոր, առանց սերթուկ ու առանց բաճկոն, մետաքսե շրջազգեստ հագած իրենց պերճաշուք տիկնանց թևանցուկ: Դա ամիջապես ինչ-որ խորթ ու ազատ բանի տպավորություն է թողնում:

Ամենուր անդադար աղմուկ է, հավերժական եռուզեռ, շոգեմուրճերի զարկ ու գործի հաղթանակ. այս երկիրն ասես հենց նոր ստեղծվող համայնք լինի, ուր բնակիչները նոր են սկսում ապրել: Նորաբնակները ժամանում են ամեն Աստծո օր, իրենց հետ բերելով իրարանցման տենդը: Ամեն ոք դռնեդուռ ընկած բնավորվելու ճար է փնտրում իր և տնեցիների համար. բոլորն շտապում են, վազվզում, ինչը, բնականաբար, կյանքը դարձնում է այսպես անվերջ աղմկալի ու տենդագին: Սակայն տեղի մամուլը, ճառասացներն ու բանաստեղծները, ամերիկյան կյանքի այս առանձնահատկությունները ազատ հիմնադրումների արդյունք են համարում: Ամերիկացիներն իրենք համոզված են, որ այդ անխոնջ եռանդը հատկանշում է ամերիկյան խառնվածքի իրենց ազգային յուրահատկությունը, ինչը հետևանք է երկրում իշխող ազատության: Մի խցկվիր այնտեղ` այնտեղ ազատության դաստիարակող իշխանությունն է:

Ինչ-որ մի երկու հարյուրամյակի ընթացքում Ամերիկան կարողացավ վերստեղծել Եվրոպայի ամենաողորմելի վիժվածքներին, ոչնչի պիտանի թափառաշրջիկներին դարձնելով հարկավոր արհեստավորներ: Ես զարմանալի պատմություններ լսեցի այն մասին, թե ինչպես, շնորհիվ միմիայն ամերիկյան ազատության, փայտե ոտնամաններ հագած դինջ գեղջուկները հանկարծ` փութով, ճարպիկ գործարարներ են դարձել: Մի գնա այնտեղ` այնտեղ ազատության դաստիարակող իշխանությունն է:

Այս երկրում ինչքան էլ ապրես` միևնույն է, քեզ զգում ես օտարի պես: Կյանքի ողջ դրվածքն այնքան է տարբերվում այն պայմաններից, ինչին արտասահմանցին սովոր է իր հայրենիքում, որին նա ոչ մի կերպ չի կարողանում մերվել, մերվել ամերիկյան ապրելակերպին: Բայց այս երկիրը քայքայում է նրա նյարդային համակարգը, և նա, ի վերջո, նույնպես սկսում է իր խելահեղ վազքը: Նա չի կարողանում ազատվել հավերժական վախի զգացումից, նրան ճնշում են անսովոր պայմանները, նրան ապշեցնում է ամենայն նորը, անսովորն ու խորթը շփոթեցնում են նրան: Նա սկսում է հուզվել, երբ ասենք, պետք է լինում կոշիկ գնել, և որքան է խեղճն ափսոսում, որ չափազանց վատ է խոսում անգլերեն, որպեսզի սակարկել կարողանա: Նա հուզմունքից շփոթվում է, երբ քաղաքային գանձապահից կտրոն է ստանում, և շնչակտուր վազում է հարկ վճարելու:

Եկվորները կորցրել են իրենց հանգիստը, սակայն դարձել են չափազանց գործունյա ու ճարպիկ:Ամերիկայում ապրելն արդեն ասես խթանիչ հանգամանք լինի. մտավոր և ֆիզիկական կարողությունները ձգտում են զարգացման: Վտարանդիները այս առանձնահատկությունը ձեռք են բերում անմիջապես, այն պահից, երբ ոտք են դնում մայրցամաք և սկսում առաջին ճաշի համար գումար հայթայթել, հետևաբար` շատ ավելի վաղ, քան կարող էր նրանց վրա ազդել հանրապետության ազատ քաղաքականությունը:

Ինչ ավելին է` չարից է…

Երբ ճանապարհորդը փոքր-ինչ ծանոթանա երկրին և հնարավորություն ունենա տարբերել այս հար աղմկալի կյանքի մասնակի երևույթները, նրան նախևառաջ կապշեցնի ամերիկացիների արտասովոր չափերի հասած հայրենասիրությունը: Օտարերկրացին հաճախ կտեսնի շքերթի ելած պատերազմն ավարտած զինվորների:Դա եզան պես զուգված, գլխարկներին փոքրիկ դրոշակներ ցցած ու ժապավենների կտորտանքով զարդարված պղնձե կրծքանշանակիրների ամբոխ է, որ խաղաղ ցույցի ելած ընթանում է իրենց իսկ փչած հարյուր անագե շեփորների ձայնին համաչափ:

Եվ այդ շքերթն ընդամենը մի նպատակ ունի` անցնել փողոցից փողոց և համընդհանուր ուշադրություն գրավել: Ուրիշ ոչ մի նշանակություն: Այս հաճախադեպ շքերթը` հայրենիքի հետ ամերիկացիների ջերմագին կապվածության հանգամանքն է խորհրդանշում: Երբ ամբոխն անցնում է փողոցով` դադարում է որևէ շարժում, կանգ է առնում երթևեկությունը, բնակիչները դուրս են թափվում, որպեսզի նորեն տեսնեն ամենօրյա հանդիսախաղը: Եվ դա, որոշակիորեն նրանց քաղաքացիական պարտքն է` այդ շեփորահարներին նայել լրջմիտ, ծանրախոհ, անխնդուք, վասնզի շեփորահարները հայրենասերներ են: Այդ զինվորների պես, որոնք վերջին պատերազմում պատժեցին հարավային նահանգների ազնվականությանը` իրենց հնազանդվել չցանկանալու համար, ամերիկացիներն ուզում են միշտ կռվի պատրաստ լինել, եթե հանկարծ, ինչ-որ մեկը հանդգնի հակառակվել իրենց ցանկություններին: Նրանց համոզմունքը, թե իրենք կարող են հնազանդեցնել բոլորին, հասնում է անասելի պարզամտության:

Ամերիկացիների հայրենասիրությունը սահմաններ չունի:

Ամերիկյան հայրենասիրությունը բարձրացնում է իր ձայնը, հաշվի չառնելով որևէ հանգամանք, և բացարձակորեն չզգուշանալով հետևանքներից: Լինելով ծայրաստիճան պարզունակ` այն թերի կրթվածներին դարձնում է հիմար և ամբարտավան: Աշխարհում գոյություն ունի միայն մի երկիր` Ամերիկան, իսկ «ինչ ավելին է` չարից է»: Ամերիկայից զատ ուրիշ ոչ մի տեղ չկա այսօրինակ ազատություն, չկա առաջադիմություն, չկան բարելավումներ, և չկա, ի վերջո, մտավորականություն: Այս ինքնահավանությունը հաճախ է վիրավորում օտարերկրացուն: Նա ամեն օր հայտնվում է այնպիսի իրավիճակներում, որ ակամա սկսում է տանջվել տեղացիների ինքնագոհությունից. նրան ստորացնում են, ծաղրում, հիմարի տեղ դնում ու խղճում: Այդ մշտօրյա ստորացումներն, ի վերջո, ստիպում են նրան հասկանալ, որ արդեն ինքն է ձգտում դառնալ ամերիկացի, ընտրության իրավունք ստանալ, մի խոսքով` ամերիկանացվել: Նա արագ վարժվում է ամերիկյան ձևականություններին, սովորում խոսել անգլերեն, գլխարկը կրել իրենց պես թարսութեք, տեղը կանանց զիջել մայթի ներս ընկած մասում… Այսինքն` նա ձեռք է բերում այն արտաքին յուրահատուկ փայլը, ինչը բնորոշ է միայն ամերիկացուն: Ազգային հպարտությունը ցնծության մեջ է. Ամերիկան ավելացավ ևս մեկով. ընդ որում` ամերիկացի մեկով: Բայց հաճախ ազգային այդ հպարտությունն ունենում է անչափ մակերեսային դրսևորումներ, ինչը` հիմնավորելով նրանց բռի վարքն ու տգիտությունը, շատ դեպքերում շփոթության մեջ են գցում օտարերկրացուն: Նա տեսնում ու չի կարողանում հասկանալ, թե որչափ անտեղյակ է այդ ինքնասիրահարված ժողովուրդն ընդհանրապես: Ամերիկացիները հաճախ են հպարտանում,երբ իրենց երկրում ինչ-որ եզակի, հազվագյուտ բան է հայտնվում, գաղափար անգամ չունենալով իհարկե, որ Եվրոպայում դա վաղուց ի վեր նորություն չէ: Ես բազմիցս առիթ եմ ունեցել տեղեկանալ, որ նորվեգական մետաղներն ու գերմանական վրձինները զուտ ամերիկյան գյուտ են: Դակոտա նահանգի ագարակներից մեկում իմ ֆիննական դանակն առավել ուշադրության արժանացավ, քան ես ինքս.- «հա, ինչեր ասես,որ չեն հորինի ամերիկացիք»: Եվ ես ստիպված եղա մի ամբողջ շաբաթ` յոթ օր, յոթ գիշեր ապացուցել, որ ձեռքիս դանակն, այնուամենայնիվ, շվեդների գյուտն է: Եվ այդ տգիտությունը չէ, թե բնորոշ է միայն հասարակ ժողովրդին: Ամերիկացիների համազգային և հիմնական թերություններից մեկը` մյուս ժողովուրդների արժանիքներն անտեսելն է: Եվ դա պատահական չէ, որովհետև, ասենք` աշխարհագրության կամ պատմության պարտադիր ուսուցումն ամփոփում է միայն Ամերիկայի աշխարհագրությունն ու Ամերիկայի պատմությունը, և ընդամենը մի քանի լրացուցիչ էջ է հատկացնում մյուս երկրներին ու ժողովուրդներին: Ամերիկացիները սիրում են փառաբանել իրենց դպրոցներն ու դրանք համարում են օրինակելի: Ամերիկայի գովքն անող ճառասացներն ու նրանց բարեբանող օրհներգն անմիջապես յուրացնող թերթերը համոզված են, որ իրենց դպրոցներից զատ ուրիշ որևէ լավ բան լինել չի կարող:

Եթե հյուսիսից ես, վերջ, ուրեմն` շվեդ ես…

Ամերիկյան միջավայրում որոշ ժամանակ ապրելուց հետո հասկանում ես, որ նրանց համար բոլոր սկանդինավցիներն անխտիր շվեդներ են, որ շվեդ բառն իսկ մի տեսակ ծաղրական ու ստորացուցիչ նշանակություն ունի, և որ քեզ մնում է միայն նրանց ներողամտությունն աղերսել, որովհետև դու շվեդ ես: Եվ զուր չարչարանք կլինի, եթե փորձես համոզել նրանց, որ դու ոչ թե շվեդ` այլ, ասենք, դանիացի կամ նորվեգացի ես, որովհետև, եթե սկանդինավյան աշխարհից ես, ուրեմն` վերջ, շվեդ ես: Պարզ ու հասկանալի: Եվ եթե Սկանդինավիայից եկած շվեդին ամերիկացիները մի տեսակ խղճում թե հանդուրժում են, ապա ֆրանսիացուն անարգում են բացահայտորեն: Ամերիկացիների համար «ֆրանսիացի» նշանակում է հայհոյանք, գրեթե նույնը, ինչ մենք հասկանում ենք «թուրք» ասելիս: Նրանց կարծիքով անմեղ մարդը թույլ չի տա իր վրա այնպիսի մեղք բարդել, որպիսին, պարզվում է, ֆրանսիացի լինելն է: Այո, պետք է վերևից նայես ու ծիծաղես նրանց հիմարության վրա: Սակայն, ընտանիք ունեցող մեկը դժվար թե կարողանա ծիծաղելու ուժ գտնել իր մեջ. նրան շարունակ ստորացնում են և նա հնարավորություն չի ունենալու երբևէ ընտանիքի ապրուստն ապահովող որևէ աշխատանք գտնել, սոսկ այն պատճառով, որ ֆրանսիացի է կամ շվեդ: Այս իրողությունն ունի մի շատ կարևոր կողմ, ինչն զգացել եմ մաշկիս վրա: Ես հյուսիսից եմ, եթե հյուսիսից եմ` ուրեմն շվեդ եմ, իսկ եթե շվեդ եմ` ուրեմն ինձ ստորացնում են, խղճում, և իհարկե` ծաղրում: Արժանանալով նմանօրինակ վերաբերմունքի` օտարերկրացին, բնականաբար, շատ արագ ամերիկանացվում է, ինչը էական նշանակություն ունի մի կտոր հաց ճարելու նրա հավերժական պայքարում: Նա այնքան հաճախ է լսում ամերիկացիների գերազանցության մասին, որ ի վերջո, գործածում է ողջ ուժն ու եռանդը` ջանալով նմանվել նրանց` արդեն իսկ հասկացնել տալով, որ հրաժարվել է հնից, այսինքն` իր հին «ես»-ից: Նա սկսում է անգլերեն խոսել նույնիսկ տանը, անգամ ծնողների հետ, որոնք, իհարկե, որևէ բառ չեն հասկանում, և ջանք չի խնայում, որպեսզի ջնջի-ոչնչացնի իր այլացեղ լինելու բոլոր նշանները: Երբ վտարանդին վերադառնում է հայրենիք, ուր ժամանակին իր ոտնամաններն է դինջ-դինջ քստքստացրել` վերադառնում է արդեն ուրիշ մարդ դարձած. այնքան թեթևաշարժ ու ճարպիկ, որ այլևս չես ճանաչում: Բայց Ամերիկայի օդը չէ` որ փոխել է նրան, դարձրել այդպիսին, և ոչ էլ ազատ հանրապետությունը: Ոչ, նրան այլափոխել է ամերիկացիների բութ հայրենասիրությունը, և սոսկ նյութական պատճառներն են ստիպել նրան դառնալ ժրաջան:

Ամերիկյան Կոնգրեսի ներգաղթի խնդիրներին վերաբերող քննարկումները նույնպես ժողովրդի անսահման հայրենասիրության վկայությունն են: Սկսել են լրջորեն ճառաբանել` թե հարկավոր է արգելել ներգաղթը, և ոչ թե մի երկու հարյուր տարի հետո, երբ դրա անհրաժեշտությունն իսկապես զգացվի, այլ հենց հիմա` հանուն կամավոր հայրենասիրության: Պահանջվող արգելքի հիմքում նույնպես ընկած է նրանց ինքնահավանությունը. ամերիկացիները համարում են, որ շվեդները, ֆրանսիացիք, և օտարերկրացիներն ընդհանրապես, իրենց հետ որևէ ասպարեզում պետք է չմրցակցեն: Նրանք չեն ցանկանում ընդունել ոչինչ, ինչ ամերիկյան չէ, որովհետև ինչն ամերիկյան չէ` «չարից է»: Նրանք պնդում են, թե երկիրն արդեն գերբնակեցված է, բայց դա հնարք է սոսկ: Իրականում ամերիկացիներն ուզում են արգելել օտարերկրացիների մուտքն իրենց իսկ հայրենասիրությունից հուզված. մինչդեռ առանց այդ նույն օտարերկրացիների նրանք անկարող կլինեն նույնիսկ ամենաանհրաժեշտ աշխատանքներն անել, որովհետև ամերիկացիներն իրենք` չեն աշխատում: Ասում են` թե աշխատում են իբր, բայց դա սուտ է, հնարանք: Ըստ վիճակագրության` ամերիկացիների հիսունից մեկն է միայն զբաղված ֆիզիկական աշխատանքով. հողը մշակում են օտարերկրացիները, և հենց նրանց մուտքն են ուզում արգելել, «որովհետև երկիրն, ասում են, գերբնակեցված է»: Անհիմն են մուտքի արգելման խնդրին վերաբերող բոլոր պատճառաբանումները. դրանք ամերիկյան հայրենասիրության կանաչ պտուղներն են: Նրանք պարզապես ցանկանում են կանխել որևէ կողմնակի միջամտություն: Ամերիկացիները երբեք չեն հասկանա ու երբեք չեն գնահատի օտարերկրացիների աշխատասիրությունն ու վաստակը, չեն հասկանա` միմիայն իրենց ահագնացած, գրեթե չինական ինքնավստահության պատճառով: Ահա թե ուր կարող է հասնել ամերիկյան հայրենասիրությունը: Ահա թե ի~նչ հայրենասերներ են նրանք: Եվ երանի նրան, ով առօրյա կյանքում իր վրա չի կրել ամերիկյան հայրենասիրության լուծը:

Ինչ քաղաքակրթություն կարող է ունենալ մի ժողովուրդ, որը միմիայն իրեն է ճանաչում: Եվ ինչ հոգևոր կյանք կարող է լինել մի երկրում, որը բնակեցված է վերոհիշյալ հայրենասերներով: Եթե ամերիկացիները պատմական անցյալ ունեցող հնագույն ժողովուրդ լինեին, ինչն, անշուշտ, կհատկանշեր ազգային խառնվածքի անհատականությունն ու կպայմանավորեր իրենց յուրօրինակ կյանքը, ապա Ամերիկան` առանց ուրիշ երկրների հետ հարաբերվելու, թերևս կարողանար բավարարվել ինքն իրենով,այնպես` ինչպես, օրինակ, ժամանակակից գրականության «չինաստանը»: Բայց Ամերիկան նոր երկիր է, հազիվ ձևավորվող հանրություն, ուր ամեն բան պոռթկուն է, ոչ ներդաշնակ, ուր իսպառ բացակայում են սեփական մշակույթն ու ժողովրդի հոգևոր նկարագիրը: Նման երկրում ինքնագոհացման տենչը զգալիորեն խոչընդոտում է հետագա զարգացումը, մի խոսքով` դրված է veto, և ոչ ոք չի կարող դրան ընդդիմանալ:

Աշխարհում սեփական աշխարհն ստեղծելու ամերիկացիների մարմաջը

Չարանենգ հայրենասերները ձգտում են ճնշել դրսից եկող ցանկացած հոգևոր-մշակութային դրսևորում: Այսպես, օրինակ. Ուոլթ Ուիթմենի ստեղծագործություններում ինչ-որ հանդգնություն նկատելով,1868 թվականին նրան արգելեցին շարունակել ծառայությունը Վաշինգտոնի դեպարտամենտում, մինչդեռ մենք, առանց վարանելու, նույնը գրում ենք մեր ամենօրյա պատմվածքներում: Հետագայում նրան ողորմածաբար թույլ տվեցին շարունակել ծառայությունը, բայց արդեն ուրիշ դեպարտամենտում: Պատճառն ամենևին էլ նրա գրական վաստակը չէր, ինչն, ի վերջո, այդպես էլ չգնահատվեց, այլ այն, որ ազատագրական պատերազմի ժամանակ խնամել է հիվանդներին և վիրավորներին, հետևաբար` իրեն դրսևորել իբրև հայրենասեր:

Սա է, և միմիայն սա` նրա ներման պատճառը: Իսկ ամերիկյան գրական դատավորները շարունակում են նրան վերաբերվել նույն քամահրանքով: Նրան բոյկոտում են, նրա գրքերը չեն վաճառվում, և յոթանասնամյա ծերունին ապրում է Անգլիայից եկող նպաստով: Ամերիկացի Ուելսը 1878 թվականին լույս ընծայեց իր բանաստեղծությունների` «Boheme» վերտառությամբ ժողովածուն. երիտասարդը չափազանց նրբակիրթ, տաղանդավոր և մեծ ապագա ունեցող քնարերգու էր, բայց նրան իսկույնևեթ ստիպեցին պապանձվել: Ամերիկացիները հասկացել էին, որ երիտասարդ բանաստեղծն ազդված է եվրոպական գրականությունից: Գիրքն իսկապես առանձնանում է ինչ-որ խորթությամբ և` ըստ էության, դա պոետական մարտահրավեր էր` նետված ամերիկյան պոեզիային: Ի վերջո` հաստափոր ամսագրերը ստիպեցին նրան պապանձվել: Նա կարդում էր Շելլի` ում չպիտի կարդար: Այնուհետև վարվեց ավելի վատ` կարդաց Ալֆրեդ դե Մյուսեի ստեղծագործությունները: Ամերիկացիները բնավ չեն հասկանում, թե ինչպես կարելի է հրատարակել հիմնավորապես օտար գրականությունից ազդված բանաստեղծի ստեղծագործությունները, և նրան պարզապես դուրս շպրտեցին ամերիկյան գրականությունից: Այդ բանաստեղծի անունն էր Չարլզ Ստյուարտ Ուելս:

Գրեթե անհնար է հավատալ, թե ուր է հասնում աշխարհում սեփական աշխարհն ստեղծելու ամերիկացիների մարմաջը: Նրանց կարծիքով, եթե երկիրն ունի բավարար բնակչություն` հոգևոր կյանքն, ուրեմն, նույնպես բավարար է, և համոզված են, որ չեն սխալվում, ըստ այդմ, բոլոր հնարավոր ձևերով ջանում են արգելել տարաշխարհիկ հոգևոր կյանքի ցանկացած արգասավոր ներհոս, չեն ցանկանում հանդուրժել դրսից եկող որևէ թարմ շունչ:

Իհարկե, այդ ամենը դժվար է տեսնել, եթե զբաղված ես զբոսաշրջությամբ: Հասկանալու համար, թե որքան խորն է ամերիկացիների ատելությունը օտարերկրացիների հանդեպ, հարկավոր է ամենօրյա շփման մեջ լինել նրանց հետ, պետք է ներկա լինել դատական նիստերին և պատարագներին, ծանոթանալ թատրոնին և գրականությանը, նրանց հասարակական, կրթական և ընտանեկան կյանքի մեջ թափանցել, պետք է կարդալ նրանց թերթերը, լսել նրանց դրսի զրույցները, գետերով նավարկել նրանց հետ, աշխատել տափաստաններում, այսինքն ոտնատակ տալ Ամերիկան, և այս ամենից հետո միայն կարող ես քիչ թե շատ ամբողջական պատկերացում կազմել նրանց անհուն, անեզր, գրեթե չինական ինքնագոհության մասին: Որպեսզի նրանք խուսափեն արտասահմանյան քաղաքակրթության որևիցե ազդեցությունից, պետք է անշեղորեն հետամուտ լինեն իրենց նպատակին, քանի որ ուրիշ որևէ երկիր չի հանդիսանում կոսմոպոլիտական կենտրոն, ինչպես Ամերիկան: Ամերիկայում մինչ օրս իշխում է նույն այն հին անգլիական քաղաքակրթությունը, որ իրենց հետ բերեցին առաջին գաղութարարները, այսինքն` մաշված, քրքրված, ուրիշների կողմից օգտագործված, Եվրոպայում իր դարն ապրած և այժմ Ամերիկայում մեռնող քաղաքակրթություն:                                   

Յուրաքանչյուր գրպանում մի-մի ատրճանակ

Ազատությունը, ինչպես և ամեն բան այս երկրում, խիստ անհամաչափ է և աններդաշնակ: Իսկույն երևում է, որ դա ոչ թե աստիճանական զարգացման արդյունք է, այլ ինչ-որ ժողովականների վայրկենական որոշման հետևանք:

Ամերիկյան ազատությունը տձև է, անհավասարակշիռ և անկապ: Ամերիկայում կարելի է ազատորեն մարդ սպանել փողոցում, սակայն չի կարելի դեն նետել վառվող ծխախոտը: Ամերիկյան ազատությունը ծիծաղելիորեն նեղլիկ է ու պահանջկոտ` մանրուքների նկատմամբ, և` շնորհիվ Սահմանադրության` սաստիկ ընդարձակ ու ներողամիտ կարևորագույն հարցերում: Այսպես, օրինակ, չի հասցնում վտարանդին ոտք դնել Նյու Յորք` անմիջապես ձեռքից առնում են ֆիննական դանակը, որը նա պահում է հատուկ պատյանում` գերազանցապես ծխախոտ կտրատելու համար, և միաժամանակ թույլատրում նրան թեկուզ յուրաքանչյուր գրպանում մի-մի ատրճանակ կրել. թույլատրում են, որովհետև ատրճանակը ազգային զենք է:

Ամերիկյան ազատությունը հոժարակամ ընտրություն չէ, այն պարտադրված է օրենքով. թույլատրելիի սահմանները ճշգրտելու փոխարեն` Կոնգրեսն օրենքներ է մշակում և որոշում, թե ինչ չափով ենք պարտավոր ազատ լինել: Այս տնտեսահարկադրական ազատությանը հանդիպում ես ամեն քայլափոխի: Այսպես` «Վաշինգտոնի օրը» հարկադիր ազատություններից մեկն է, և բոլորն անխտիր պարտավոր են այդ օրն ազատ լինել: Գրող Ֆրեդ Նիկոլսը, 1868-ին տպագրված «Thughts» գրքում իր համակրանքն է արտահայտել միապետական հասարակարգի նկատմամբ…և իզուր: Թերթերն ու ժողովրդական հանրահավաքները, ի վերջո, ստիպեցին գրողին «հոժարակամ» մեկնել Մեքսիկա, որտեղից նա երբեք այլևս չվերադարձավ, որովհետև չէր հասկանում, որ պարտավոր է ազատ լինել: Ամերիկացիները պահանջում են, որ մարդու գլխում ազատության որոշակի քանակություն լինի, այլապես ստիպված ես լինելու մեկնել Մեքսիկա: Օտարերկրացին չի կարող Ամերիկայում իրեն ազատ չզգալ: Նրան պարզապես թելադրում են իր իսկ համակրություններն ու մտածմունքը, և նա պարտավոր է ենթարկվել, կամ` հակառակ դեպքում, սպասել անախորժությունների: Այո, նա պարտավոր է ենթարկվել ազատության կոշտ ու կոպիտ հարկադրանքներին, որ հատկապես բռնի է դառնում, քանի որ ինքնագոհ ու անկիրթ մարդկանց թելադրանքն է:

Ամերիկայում տարբերություն չի դրվում ազատության և ժողովրդավարության (դեմոկրատիա) միջև. նրանք զոհում են ազատությունը, որպեսզի պահպանեն ժողովրդավարությունը: Հնարավոր բոլոր ձևերով նրանք ստորացնում են ազատ լինելու անհատական որևէ փորձ: Ազատության զգացումն իսպառ ոչնչացնելու համար` Ամերիկան ստեղծել է ազատության ավտոմատ-մեքենաների ցնորական նախիր, ինչը և ամերիկյան ժողովրդավարությունն է: Մի խոսքով, ազատությունը հսկայական ճեղքեր ունի, հատկապես այն ոլորտներում, ուր դրսևորվում է նրանց կրոնական տխմարությունն ու ազգային մոլեռանդությունը:

Ամերիկյան ազատությունը պահանջում է ազատամտության սահմանված չափ ու քանակ` ոչ ավել, ոչ պակաս, և միջնադարյան բռնապետի պես չի հանդուրժում որևէ շեղում: Այն չափազանց պահպանողական է տեղից մի քայլ անելու համար, և ճիշտ այնպիսին է, ինչպիսին էր 200 տարի առաջ: Ժողովրդավարությունն ունի իր կուռ օրենքները: Եթե հայտնվում է մեկը, ասենք, մի գրող, որը հավատում է միապետական հասարակարգին, նրան անմիջապես վտարում են, որովհետև պակաս ազատամիտ է. եթե այդ գորշ խառնամբոխում գտնվում է մեկը, ով հավատում է, թե սոցիալիզմը (կամ անարխիզմը) ապագայում լավագույն հասարակարգը կստեղծի` նրան կախաղան են հանում, որովհետև` չափազանց ազատամիտ է: Նրանք վտարում են կամ կախաղան հանում բոլորին, ով համարձակվում է քիչ թե շատ շեղվել Գեորգ (Ջորջ) Վաշինգգոնի գաղափարներից: Ահա այսպիսին է ամերիկյան ազատությունը, դա մարդկանց ազատությունը չէ, դա ազատություն է en masse:

Եկեղեցին և բարոյախոսությունը

Ամերիկայում ամեն քայլափոխի կարող ես հանդիպել Աստծուն…

Եկեղեցիներում գունանախշ ապակիներից թափանցող հաճելի կիսալույս է: Նստարանները խորն են, փափուկ, հատակը գորգածածկ է, դռները ողորկ են, ողորկ են մարդիկ, և Աստծո խոսքերն են ողորկ: Չափազանց հաճելի զբաղմունք է անձրևոտ եղանակին ժամերգություն լսել ամերիկյան եկեղեցիներում:

Քարոզները սովորական քարոզներ չեն, այլ զուտ ամերիկյան. աստվածաբանության հետ որևէ կապ չունեցող բարոյախոսություն, մետաքսաշուք ունկնդիրներին հարմարեցված բոստոնյան բարոյախոսություն: Ըստ էության, դրանք սրամտություններով համեմված հետաքրքիր լուրեր են, ինչին հավատացյալների հոտն արձագանքում է պատշաճ ծիծաղով: Այդ քարոզները թեև ոչինչ չեն ավելացնում իմացությանը, սակայն ճշմարտության առաջ չմեղանչելու համար ասեմ, որ զուրկ չեն տրամաբանությունից ու մարդկային լեզվից, այսինքն` քարոզները ոչ թե խրատում, այլ զբաղեցնում են, և դա է նրանց մեծագույն արժանիքը: Անձամբ ես, գրպանումս թատրոնի հրավիրատոմս ունենալով հանդերձ, միշտ գերադասել եմ երեկոն անցկացնել եկեղեցում: Եթե թատրոնում իշխում է արվեստի լիակատար բացակայությունը, ապա եկեղեցում հաճախ կարող ես գոնե գեղեցիկ խոսք լսել: 

Բացի դրանից` եկեղեցում քեզ չես ենթարկում պատահաբար սպանվելու վտանգին, ոչ էլ` ծխախոտի մնացուկներ են շպրտում գլխիդ: Եկեղեցու բոլոր այցելուները աստիճանավոր ու բարեկիրթ քաղաքացիներ են, որոնց տեսնելն իսկ բավականություն է պատճառում: Հարևանացիորեն նշեմ, որ ամերիկացիները արտասովոր գեղեցիկ ժողովուրդ են:

Ամերիկացիները, հատկապես կանայք, մոլեռանդորեն հետևում են քահանային ոչ թե բացարձակ հավատից դրդված, այլ նյութական շահի, կատաղի կրոնասիրության և երկրում տիրող սովորույթների մղումով: Յուրահատուկ երանգավորում են ստացել կրոնական զգացմունքները. մեր աստվածաբանները դա կանվանեին սովորույթի հավատք կամ, գուցե թե, այդ հասկացությունը ավելի համապատասխաներ truism` ժառանգական հավատք հասկացությանը:

Նրանք հավատում են, որովհետև հավատացել են նախնիները, որովհետև հավատը բազում սերունդների միս ու արյան մեջ է մտել, և դա ոչ թե բացարձակ (absolutus), այլ փաստացի հավատք է: Ամերիկացիները եկեղեցի են գնում ինչպես կգնային ինչ-որ հրապարակային դասախոսության: Հարմար տեղ են գտնում և խորն ու փափուկ բազկաթոռների մեջ ընկղմված մի ամբողջ ժամ ուշի ուշով լսում, թե ինչպես է քահանան ջանք թափում իրենց հոգու փրկության համար: Ոչ արցունք է երևում, ոչ հույս, ինչը հաճախ կտեսնես ճշմարիտ հավատացյալի մոտ, բայց, մյուս կողմից, չես ասի, թե անտարբեր են. ամեն ինչ, հավանաբար, ընկալվում է լրջորեն:

Սա զղջման ու զվարթ օրհներգի արանքում ընկած ինչ-որ բան է:

Որոշ ժամանակ Ամերիկայում ապրելուց հետո հասկանում ես, որ նրանք Տեր Աստծուն սիրում են մոտավորապես նույնքան, որքան որ Վաշինգտոնին, ընդ որում, պահանջվում է, որ Տերն այդքանով գոհանա: Ամերիկյան քահանաների զորությունը, հավանաբար չկարողացավ համայնքի անդամների բարոյական աճն ապահովել. ամերիկյան բարոյախոսության էությունը փողն է: Մենք սովոր ենք գեղեցիկ բառեր շռայլել Ամերիկայում տիրող կրոնական ազատության մասին: Բայց իրականում այդ ազատությունը բոլորովին էլ մեծ չէ, ինչպես սովորաբար կարծում ենք: Այս` ինչպես և մնացած բոլոր հարցերում որոշիչ դեր ունի միայն փողը: Եթե մարդը հարուստ է, ապա կարող է իր դրամները վատնել ձիարշավներում կամ մի ուրիշ տեղ և հոգ չտանել քահանայի մասին, և որևէ մեկը նրան չի մեղադրի: Աղքատ մեկը, սակայն, իրավունք չունի հանապազօր հացի մասին ավելի շատ մտածել, քան կմտածի քահանայի մասին: Հակառակ դեպքում չափազանց անբարյացկամ վերաբերմունքի կարժանանա: Փողն է, և ուրիշ ոչինչ, ամերիկյան բարոյախոսության էությունը:

Ես ուզում եմ երկու օրինակ բերել: Ամերիկայում ապրում է Բեննեթ անունով մի մարդ, «the Truth seeker»- ի («Ճշմարտություն որոնողի») նախկին խմբագիրը, որ բազում փոքր ու մեծ գրքերի հեղինակ է: Իր «Դավանաբանական համեմատական ուսումնասիրությունների» հրապարակումից հետո նրան անմիջապես բանտարկեցին: Նրան բանտարկեցին ազատամտության համար: Ինչո՞ւ նա բանտարկվեց ազատամտության համար. ահա թե ինչու` իր աշխատություններում Բեննեթը ծանրակշիռ խոսք էր ասել ժողովրդի տգիտությունը չարաշահող ամերիկյան քահանայության մասին, իսկ այդ մասին խոսելու համար նա բավականաչափ միջոցներ չուներ: Այսինքն` նա արեց ավելին, քան թույլ կտար ունեցած փողը: Երկրորդը, Բէր Ջոնսոնը, խելահեղ միամտություն ունեցավ նկատելու, որ կան բազմակնության կողմնակից մարդիկ, և գիրք գրեց ազատ սիրո մասին: Ավելի ճիշտ, լինելով բացառապես տեսաբան, պաշտպանեց անկաշկանդ սիրո գաղափարը: Եվ ի՞նչ… Բէր Ջոնսոնին ևս բանտարկեցին. իսկ ինչո՞ւ` որովհետև պարզվեց, որ նա էլ չափազանց աղքատ էր, այսինքն` միջոցներ չուներ, որպեսզի կարողանար թույլ տալ իրեն ազատամիտ լինելու շռայլությունը: Ահա թե ինչու:

Հոգևոր տհասությունը ազգային բնավորություն որդեգրելով` ամերիկացիներն, ի վերջո, կարողացան կյանքը դարձնել թունոտ:

Վերջաբան

Երկինքը սև է…

Ժողովուրդը` հայրենասիրացված, օտարերկրացիների հանդեպ ատելությամբ լի, զուրկ ազգային մշակույթից ու գրականությունից, և երբեք հոգևոր պահանջներ չունեցող:

Մեր գրողներն ու հրապարակախոսները, երբ պարապ դատողություններ են անում դատողության շուրջ, փորձելով բացատրել, թե որն է իսկական ազատությունը, մատնանշում են Ամերիկան, իբր տեսեք, թե որտեղ է ազատությունը:

Ամերիկյան ոգին թափանցում է յուրաքանչյուրի գիտակցության մեջ նամակների ու գովազդների, թերթերի ու թափառաշրջիկ ճարտարախոսների շնորհիվ: Խոնարհ ու հնազանդ` մենք սկսում ենք մտածել, թե «Այո, Ամերիկան մեծագույն երկիր է». մեզ համոզում են երկրի ահռելի չափերը: Մեծ չափերն ընդհանրապես լիովին բավարարում են ամերիկացուն: Ծայրահեղ դեպքում, երբ ինչ-որ բանի չափերը մեծ չեն, նա գոհանում է գնով: Վաշինգտոնի արձանն, օրինակ, որ ամերիկացիների հպարտությունն է, աչքի է ընկնում միմիայն իր անծայրածիր բարձրությամբ. պատվանդանն ունի 555 ֆուտ երկարություն, իսկ կատարին, ինչպես իրենք են պնդում, կանգնած է Վաշինգտոնը. միանգամայն հնարավոր է, որ Վաշինգտոնին կանգնեցրել են վերևում և` հավանաբար, այդպես էլ կա, բայց ներքևից նայողն իսպառ զուրկ է արվեստի այդ թաքնախորհուրդ ստեղծագործությունը տեսնելու որևէ հնարավորությունից: Ամերիկացիների հսկայամոլության խորհրդանիշը Նյու Յորքի Metropolitan Opera Hous-ն է: Շենքի ճարտարապետը հատուկ ուղևորվել է Եվրոպա, ամիսներ շարունակ ապրել Փարիզում, Հռոմում, Վիեննայում, անգամ` Մոսկվայում, ապա վերադարձել ետ և կառուցել հրեշավոր չափերի հասնող մի շինություն, որն անկասկած «աշխարհի ամենամեծ թատրոնն է», թերևս, սակայն, ոչ մեծագույն: Չիկագո ժամանած օտարերկրացին անմիջապես աֆիշներից է տեղեկանում, որ Madison sguare theater-ի վարագույրը «աշխարհի ամենաթանկարժեք վարագույրն է»: Նրա երևակայության մեջ անմիջապես այդ անհեթեթությունն այնպես է տպավորվում, որ նա, ի վերջո, գնում է Madison sguare theater, քաջ գիտակցելով, որ գնում է «աշխարհի ամենաթանկարժեք վարագույրը» տեսնելու: Ինչ խոսք, Ամերիկան մեծագույն երկիր է…

Իր քաղաքականությամբ, գրականությամբ, քաղաքակրթությամբ, իր արվեստով, իր էությամբ, իր քաղաքներով ու գյուղերով Ամերիկան փշրում է ամեն տեսակ հիացում ու պատրանք: Ես շատ թե քիչ, բայց բավականին ճանաչում եմ քաղաքակիրթ աշխարհի բոլոր պետությունները, և չեմ պատկերացնում մի ուրիշ երկիր, բացառությամբ Ռուսաստանի, որտեղ չցանկանայի ապրել, ինչպես չեմ ցանկանում ապրել Ամերիկայում: Ուրիշ ոչ մի տեղ կյանքը չի կարող լինել ավելի խղճուկ, անմաքուր ու տհաճ: Ամերիկան հպարտանում է իր ազատությամբ ու հավասարությամբ, չտեսնելով, սակայն, որ աշխարհում չի գտնվի ուրիշ որևէ երկիր, որտեղ այդպես պարբերաբար անարգվեն անհատի իրավունքները:

Ամերիկացու միակ և ճշմարիտ կենսական խնդիրը անծայրածիր տափաստանների հայրենասեր քաղաքացի լինելն է: Մարդն Ամերիկայում կարող է մարդ համարվել միմիայն այն դեպքում, եթե ամերիկացի է: Ահա թե ինչու այդ վիթխարի երկրում ոչ մի գնով չես գտնի կարծիքավոր և լույս փնտրող գեթ մի ապստամբ հոգի, որը կարողանար չձայնակցել, գիտակցաբար չփչացնել անագե շեփորների հնչեցրած սրտաճմլիկ մեղեդին: Բոլորն ապրում են հաշտ ու համերաշխ` ինքնահիացական բացականչությունների ներքո:

… Եվ ո՞վ է ասելու նրանց, որ երկինքը սև է…



 Պիտակներ
         Կնուտ Համսուն


 Նմանատիպ նյութեր

 Մեկնաբանություններ 0
Copyright © 2018 ScanNEWS. Design created by Fon