Կնոջ ուղեղը տղամարդու ուղեղից երիտասարդ է 4 տարով

Science News 09.05.2020   23:15   1233

Տարիքի հետ կնոջ ուղեղն ավելի լավ է պահպանում երիտասարդությունը, քան տղամարդունը։ Այս մասին է վկայում Վաշինգտոնի համալսարանի գիտնականների՝ PNAS գիտական ամսագրում հրապարակված հետազոտությունը։

Հետազոտության մեջ ներգրավվել են 20-82 տարեկան 121 կին և 84 տղամարդ։ Պոզիտրոնաէմիսիոն տոմոգրաֆիայի օգնությամբ գիտնականներն ուսումնասիրել են, թե ինչպես է նրանց ուղեղը մատակարարվում գլյուկոզայով ու թթվածնով։ Ելնելով ուղեղի մետաբոլիզմի տվյալներից՝ հատուկ մշակված ալգորիթմը պետք է պարզեր փորձարկմանը մասնակցող կանանց տարիքը։

Վրիպումը բավական էական էր. կանանց տարիքը «երիտասարդացվել» էր 3.8 տարով։ Պատճառն այն էր, որ նյութափոխանակությունը կանանց ուղեղում համապատասխանում էր ավելի երիտասարդ տարիքի։ Հատկանշական է, որ տղամարդկանց պարագայում ալգորիթմը նույնպես վրիպել էր՝ այս անգամ փորձարկվողների տարիքն «ավելացնելով» միջինը 2.4 տարով։

Սա կարող է տարօրինակ թվալ, բայց ուղեղի «մետաբոլիկ տարիքի» տարբերությունը նկատվել է նաև քսանամյա կամավորականների շրջանում։

Կենդանիների վրա անցկացված փորձարկումները ցույց են տվել, որ էստրոգենները (կանանց սեռական հորմոններ) ուժեղացնում են գլխուղեղի սինապտիկ ճկունությունը։ Դա, իր հերթին, կարող է նպաստել նրա ծերացման դանդաղմանը։ Բացի այդ, ուղեղի «մետաբոլիկ տարիքը» փոխկապված է տղամարդկանց համեմատ՝ կանանց կյանքի ավելի երկար տևողության հետ։



 Պիտակներ
         գիտական


 Նմանատիպ նյութեր

 Մեկնաբանություններ 0
Copyright © 2018 ScanNEWS. Design created by Fon