«Կիմին»

Հարցազրույց 05.06.2021   20:00   72

Օրերս Արցախյան 44-օրյա պատերազմում զոհված Կիմ Խաչատրյանին նվիրված երգի պրեմիերան եղավ։ Երգը կատարումէ Հայկ Մանուկյանը, որն, ի դեպ, Կիմի ընկերն է։ Մեր թղթակցի հետ զրույցում Հայկ Մանուկյանը պատմել է Կիմ Խաչատրյանին նվիրված՝ «Կիմին» երգիս տեղծման, իր ունեցած ապրումների և, իհարկե, հերոս Կիմի մասին։

  • Հա՛յկ, Դուք Արցախյան վերջին պատերազմի մասնակից եք: Ձեր մանկության ընկեր, մարտական ընկեր Կիմ Խաչատրյանը զոհվել է Ձեր կողքին՝ Մռավի լանջին։ Որպես երգիչ՝ ի՞նչ զգացողություններ ունեցաք, երբ Ձեզ առաջարկեցին կատարել մի ստեղծագործություն, որը նվիրված է Կիմին։

- Նախ դա մեծ պատասխանատվություն է ինձ համար: Դյուրին չէ կատարելմի երգ, որի հերոսը քո զոհված ընկերն է: Այլ է, երբ երգում ես հերոսական պատումներ մեր անցյալի դրվագներից, հերոսական էջեր ես ներկայացնում երգի միջոցով, սակայն էապես տարբեր է, երբ խոսքը մերօրյա պայքարի մասին է, այն մարդու մասին, որին ճանաչել ու միասին ճանապարհ անցել: Եվ հետո, երգը պետք է ասելիք և մղումներ  ունենա. Արցախի հիմնախնդիրը պետք է լուծվի ազգերի ինքնորոշման իրավունքի հիման վրա, Արցախը պետք է անկախ տեսնենք:

  • Պատերազմի օրերից կա՞ն Կիմի հետ կապված դրվագներ, որոնք որպես դրոշմ՝ մնացել են Ձեր հոգում՝ ձուլվելով Կիմի հետ կապված թանկ հիշողություններին։

- Իհա՛րկե կան. Կիմն ինձ համար անմնացորդ նվիրյալ տեսակի մարմնացում էր, մարտիկի վառ օրինակ: Հիշողություններ, բնականաբար, շատ կան՝ սկսած մեր նախապատրաստական մարզումներից, Արցախ մեկնելուց ու դիրքեր զբաղեցնելուց: Անսպառ էր հումորն անգամ այդ ծանր օրերին: Ու միշտ նրա մտախոհ հայացքն է մտքիս մեջ, և մի տանջող հարց. այս ի՞նչ արհավիրք պատուհասեց մեր երկրին:

  • Այս երգը Ձեր անմահացած ընկերոջ մասին է։ Բնականաբար, երգի ստեղծման պատմությունը որոշակիորեն տարբերվելու է Ձեր ներկայացրած մյուս ստեղծագործություններից։ Այս երգի ստեղծման ընթացքը, ստեղծագործական աշխատանքներն ինչո՞վ են առանձնանում Ձեր մյուս ստեղծագործություններից։

- Նախ ուզում եմ շնորհակալություն հայտնել երգի հեղինակին՝ Հասմիկ Բալեյանին: Նրա իսկ խոսքով՝ միակ դեպքն է եղել, որ երգը գրելու ընթացքում այսքան զիջումների է գնացել երգչի հետ համագործակցելիս։ Իսկապես, յուրաքանչյուր բառ ու հնչյուն բծախնդրորեն է ընտրվել: Երգի ստեղծման ընթացքն ուղեկցվում էր հուզականությամբ, քանի որ ամեն անգամ երգելիս խորությամբ զգում էի ընկերոջս բացակայությունը։

  • Ենթադրաբար, այս երգի յուրաքանչյուր բառը, հնչյունն ու ելևէջն անցնում է Ձեր հոգու պրիզմայով, քանի որ Դուք ճանաչել եք Կիմին, նրա բացառիկ հայրենասեր տեսակը։ Երգը կատարելիս ի՞նչ զգացողություններ եք ունենում։

- Ափսոսանք և կորստի ցավ: Ափսոսում եմ ոչ միայն Կիմի, այլև նրա կիսատ թողած գործերի և երազանքների համար, որովհետև նա դեռ պետք է ընտանիք կազմեր և իր նման հայրենատեր զավակներ դաստիարակեր:

  • Հավանաբար, արդեն հասցրել եք լսել Կիմի ծնողների, հարազատների, Ձեր ընկերների ու երկրպագուների կարծիքներն ու գնահատականը՝ Կիմին նվիրված նոր երգի հետ կապված։ Ինչպիսի՞ն են այդ կարծիքները։ Այս երգի պարագայում Ձեզ համարո՞ւմ կարծիքն է.ամենակարևորը։

- Ինչ խոսք, բոլորի կարծիքն էլ կարևորում եմ, սակայն, բնականաբար, ինձ համար մեծ նշանակություն ունի Կիմի ծնողների կարծիքը: Երգի հետ կապված՝ առաջին հեռախոսազանգը ստացա Կիմի հայրիկից, որը դողացող ձայնով ասաց՝ հզոր է, ապրե՛ք: Չհասցրի պատասխանել. հուզված անջատեց հեռախոսը:


 Պիտակներ
         Հասմիկ Բալեյան, Հայկ Մանուկյան, Կիմ Խաչատրյան


 Նմանատիպ նյութեր

 Մեկնաբանություններ 0
Copyright © 2018 ScanNEWS. Design created by Fon uWeb