Կիբերհոգեբանություն
Կիբերհոգեբանությունը կամ համացանցի հոգեբանությունը համարվում է հոգեբանության ճյուղ, որը միացնում և պատասխանատվություն է կրում մարդկանց կողմից համացանցի սոցիալական ծառայությունների կիրառվող միջոցների, սկզբունքների և տեսակների պրակտիկ հետազոտության, մեթոդաբանության և տեսության համար։
Այս դեպքում սոցիալական ծառայություն ասելով հասկանում ենք ոչ միայն սոցիալական կայքերը, այլ նաև համացանցի օգնությամբ իրականացվող շփման ցանկացած այլ գործիք՝ վեբ-կոնֆերանսներից և չատերից մինչև մեսսենջեռ և օնլայն խաղեր։ Կիբերհոգեբանությունը սերտորեն կապված է մեդիագիտության, ինֆորմատիկայի և այլ գիտական ուղղությունների հետ։ Հոգեբանական ճյուղերից այն մոտ է համարվում մեդիահոգեբանությանը։
Կիբերհոգեբանության տարածված հետազոտություններից կարելի է առանձնացնել ցանցային նույնականացման խնդիրը, ինտերնետային շփման առանձնահատկությունները և այլն։ Հոգեբանական պրակտիկայում աշխատում են այնպիսի խնդիրների հետ, ինչպիսիք են՝ ինտերնետային կախվածությունը, FoMo-ն կամ հետաքրքիր իրադարձությունը բաց թողնելու կպչուն վախը, սոցիալական կայքերի թողած բացասական ազդեցությունը մարդու հոգեվիճակի վրա։
Կիբերհոգեբանական հետազոտությունները կարող են ներգրավել հոգեբանական տարբեր ուղղություններ, օրինակ․
- տարիքային հոգեբանություն (համակարգչից և համացանցից օգտվելու տարիքային առանձնահատկություններ)
- սոցիալական հոգեբանություն (համակարգչով և համացանցով միջնորդավորված շփումը և խմբային գործունեությունը)
- կլինիկական հոգեբանություն (օրինակ տագնապայնության ուսումնասիրություն համացանցից օգտվելու դեպքում)
- դիֆֆերենցիալ հոգեբանություն (անձնային տիպերի համեմատությունը ուղիղ և ինտերնետային միջնորդավորված շփման պայմաններում)
- կոգնիտիվ հոգեբանություն (WWW-ի տեղեկատվական բլոկների ընկալման առանձնահատկությունների ուսումնասիրություն, ուշադրության ծավալի բաշխում)
- հաղորդակցման հոգեբանություն և հոգելեզվաբանություն (սինխրոն և ոչ սինխրոն հաղորդակցում, երկխոսության ուսումնասիրություն, բջջային կապի խոսքային առանձնահատկություններ) և այլն:
Աղբյուրը՝ hogebanutyun.am
Նմանատիպ նյութեր