Կեկենհոֆ ծաղիկների այգին, Նիդեռլանդներ

Art News 21.06.2020   22:15   1270

Նիդեռլանդներում է գտնվում աշխարհի ամենագեղեցիկ ծաղկային այգիներից մեկը՝ Կեկենհոֆը։ Այստեղ՝ 32 հեկտար տարածքի վրա ամեն գարնան ավելի քան 100 տեսակի վարդակակաչներ են տնկում։ Այգին այցելուների համար բաց է միայն մարտից մայիս ընկած հատվածում։

Փորձառու զբոսաշրջիկները նախընտրում են Կեկենհոֆ այգի այցելել ապրիլին։ Այդ ժամանակ այգին ծաղիկների ամենամյա շքահանդեսի անցկացման վայր է դառնում։ Ներկայիս այգու տարածքում առաջին այգին հիմնվել է դեռ 19-րդ դարի կեսին, իսկ 15-րդ դարում այն պատված է եղել խիտ անտառներով, որոնք հարյուրամյակներ շարունակ որսի, սնկերի ու բուժիչ հատապտուղների աղբյուր են եղել։

Անցյալ դարի 40-ականներից ծաղիկներ աճեցնողներն ու արտահանողները ինքնատիպ այգի ստեղծելու միտք են հղանում, որը նաև առաջարկվող ապրանքի ցուցահանդես կլիներ։ Այգու պաշտոնական բացումը տեղի է ունեցել 1950 թվականին։ Այստեղ տարիներ շարունակ տնկել են ոչ միայն վարդակակաչներ, այլ նաև նարգիզներ, հակինթներ և նույնիսկ ճապոնական սակուռաներ։

Բաց երկնքի տակ ծաղիկների ճոխ ցուցադրությունը ավանդույթ է դարձել և տարիների հետ այգու սահմաններն ընդարձակվել են, իսկ նրա կառուցվածքն ավելի ու ավելի հետաքրքիր և բազմազան է դարձել։

Ներկայումս այգու տարածքը կազմում է 32 հեկտար։ Ամեն տարի նրա տարածքում մոտ 7 միլիոն ծաղիկ են տնկում։ Այգու տարածքում նաև ծառերի ավելի քան 90 տեսակներ են ցուցադրված։ Այն զարդարում են նաև արհեստական լճերը, ջրանցքներն ու գետակները։ Կեկենհոֆ այգին ստեղծված է անշտապ զբոսանքների համար։ Նրա բոլոր արահետների ընդհանուր երկարությունը մոտ 15 կմ է։

Ռոմանտիկները կարող են որոշ լճերի վրա մակույկներով շրջել։ Այգին անպայման դուր կգա նաև արվեստի սիրահարներին։ Նրա տարածքում տարբեր դարաշրջանների քանդակների հարուստ հավաքածու կա։ Այգու փոքրիկ հյուրերին էլ դուր կգա տարածքում աշխատող զվարճանքների կոմպլեքսը, ինչպես նաև ընտանի կենդանիների ֆերման։

Պատրաստեց Լուսինե Բրուտյանը



 Պիտակներ
         անսովոր զբոսայգիներ


 Նմանատիպ նյութեր

 Մեկնաբանություններ 0
Copyright © 2018 ScanNEWS. Design created by Fon uWeb