Կառավարությունը կփորձի պայմանավորվել հյուրանոցների հետ` պացիենտներին տեղավորելու համար

Իրադարձային 27.03.2020   11:15   232

Կառավարության այսօրվա նիստում վարչապետ Նիկոլ Փաշինյանն անդրադարձավ կորոնավիրուսով պայմանավորված իրավիճակին։

«Կորոնավիրուսի հետ կապված մեր այսօրվա վիճակը հետևյալն է՝ մենք ունենք 290 ախտորոշված դեպք, երկու պացիենտի վիճակը գնահատվում է ծանր։

Նրանցից մեկը ԱՄՆ քաղաքացի է։ Այսինքն՝ ազգությամբ հայ չէ։ Մյուսը ՀՀ քաղաքացի է։ Երկուսն էլ գտնվում են տարիքային բարձր խմբում՝ 75-ից բարձր տարիք ունեն, գտնվում են ինտենսիվ թերպիայի վերակենդանցման բաժանմունքում»,- ասաց Փաշինյանը։

Նրա խոսքով՝ այս ընթացքում ունեցել ենք 18 առողջացած քաղաքացի։ Մոտ 100 քաղաքացի մեկուսացման ռեժիմից դուրս են եկել, այսինքն՝ նրանք չեն էլ հիվանդացել։

«Մենք այսօր էլ սպասում ենք առողջացման և ապամեկուսացման դեպքերի։ Այսօրվա ընթացիկ խնդիրը, որն ունենք այս ոլորտում, հետևյալն է՝ մեր հիվանդանոցային հզորությունները ճիշտ կառավարելու խնդիր ունենք, և այսօր հիվանդանոցներում կան պացիենտներ, որոնք որևէ բուժում չեն ստանում։

Այսինքն՝ հիվանդանոցում նրանց գտնվելն արդարացված չէ, և այսօր առավոտյան պարոն Ավինյանի և պարոն Թորոսյանի մասնակցությամբ մենք ունեցանք քննարկում և որոշեցինք, որ թեթև դեպքերին, որոնք ըստ էության մեծամասնությունն են, փորձենք աշխատել հյուրանոցների հետ, որպեսզի մեր այդ հայրենակիցներին տեղավորենք հյուրանոցներում՝ ապահովելով սնունդը և մյուս կարիքները»,- ասաց նա։

Ըստ նրա՝ այստեղ որոշակի բարդություններ կլինեն, որ հյուրանոցները կվախենան իրենց բրենդի հետագա մրցունակություն համար։

«Բայց, պարոն Թորոսյան, ճիշտ ենք հասկանում, չէ՞, որ հյուրանոցներն իրենք ժամանակ առ ժամանակ պարտավոր են ախտահանել իրենց սենյակները։ Եվ հիմա էլ կարող են ինչ-որ դեպքեր լինել, որ հիվանդություններով տառապող մարդիկ այդ հյուրանոցներում բնակվում են։ Եվ կորոնավիրուսից հետո էլ այդ հյուրանոցների սենյակների հետ ոչ մի վատ բան չի կատարվի»,- առողջապահության նախարարին դիմեց վարչապետը։

Առողջապահության նախարարն ասաց, որ իրենց կողմից այդ ցուցումները հստակ կտրվեն, հիմա էլ իրականացվում են այդ աշխատանքները, առողջացած անձանց սենյակները ախտահանվում են, նոր մարդիկ են տեղավորվում այդ սենյակներում։

Փաշինյանն ասաց, որ հիմա մտածում են, թե ոնց աջակցեն հյուրանոցներին, պետք է նրանց հետ բանակցել, որ այս պայմաններում այնպիսի գներ առաջարկեն, որոնք շուկայական չեն։ «Կբանակցենք հյուրանոցների հետ, որոշակի գին կպայմանավորվենք, պարետատունն այդ առումով կաշխատի։

Առողջապահության նախարարությունն այսօր առավոտյան ներկայացրել է վերլուծությունը, կարող ենք ասել, որ այս պահի դրությամբ կորոնավիրուսի տարածման սցենարը մեր մոտ վատագույն  սցենարով տեղի չի ունենում, այլ տեղի  է ունենում աշխարհում արձանագրված լավագույն սցենարներին մոտ սցենարով, իհարկե, եթե մեզ հաջողվի իրավիճակը պահել վերահսկողության տակ»,- նշեց Փաշինյանը։



 Պիտակներ
         կառավարություն


 Նմանատիպ նյութեր

 Մեկնաբանություններ 0
Copyright © 2018 ScanNEWS. Design created by Fon