Կառավարությունն առաջարկում է հիփոթեքային արձակուրդ սահմանել վարկառուների համար

Իրադարձային 31.07.2019   11:50   91
  • »»» Աջակցեք անկախ լրատվամիջոցների կայացմանը

    Աջակցեք մեզ՝ փոխանցում կատարելով հատևյալ հաշվեհամարներից Ձեզ համար տարբերակով.

    InecoBank 2050032180751001 ARMEN GEVORGYAN PE

    Mobi Dram  110190189022

    Idram  ID952381517 Web Money  R397182815590, Scrill  109516795

    Հետհեղափոխական Հայաստանում անկախ լրատվիմիջոցներ չլինելու պատճառը հովանավորներ չունենալն է։ Անկախ են այն լրատվամիջոցները, որոնք գործում են ինքնաֆինանսավորմամբ։ Միմիայն ընթերցողից կախում ունենալու և միմիայն հանուն ընթերցողի աշխատելու նպատակով առաջարկում ենք հանգանակությունների միջոցով աջակցել անկախ լրատվամիջոցների կայացմանը։

    Եթե իսկապես ցանկություն ունեցաք աջակցել կայքին, մի զսպեսք այդ ցանկությունը։

ՀՀ կառավարությունը մշակել է մի նախագիծ, որով առաջարկում է լրացումներ կատարել ՀՀ քաղաքացիական օրենսգրքում և սահմանել «հիփոթեքային արձակուրդ» հասկացությունը և դրա տրամադրման առնչությամբ առանցքային դրույթները: 
Ինչպես «Արմենպրես»-ը տեղեկացավ e-draft իրավական ակտերի, նախագծերի միասնական կայքից, նախագծով «կյանքի դժվարին իրավիճակներում» հայտնված վարկառուներին տրվում է հիփոթեքային արձակուրդ վերցնելու մեկանգամյա հնարավորություն:

«Միաժամանակ, սահմանվում է կրեդիտավորողի պարտավորությունը՝ հիփոթեքային արձակուրդի տրամադրման պայմանների վերաբերյալ տեղեկատվությունը կրեդիտավորման պայմանագրում ներառելու: Նախագծով սահմանվում են նաև այն պայմանները, որոնք համարվում են «կյանքի դժվարին իրավիճակ»:

Այդ պայմաններին բավարարելու դեպքում վարկառուն կարող է դիմել մինչև 6 ամիս ժամկետով հիփոթեքային արձակուրդ ստանալու նպատակով՝ կողմերի միջև համաձայնեցված պայմաններով: Արտոնյալ ժամկետի ավարտից հետո վճարումները շարունակվում են կրեդիտավորման պայմանագրով սահմանված նախնական պայմաններով, իսկ հիփոթեքի պայմանագրի ժամկետը կողմերի միջև կնքված համաձայնագրով երկարաձգվում է արձակուրդի տևողության չափով:

Նախագծի ընդունման դեպքում «Հիփոթեքային արձակուրդից» օգտվելու ժամանակ վարկի դասակարգումը չի փոխվի, տույժեր և տուգանքներ չեն գանձվի, ինչպես նաև դա որևէ կերպ չի արտացոլվի ընթացիկ վարկային զեկույցներում (վարկային պատմություն): Իսկ վարկատուների շահերը կշարունակեն մնալ պաշտպանված անշարժ գույքի գրավով, կանխավճարով, ինչպես նաև լրացուցիչ ռեզերվ ստեղծելու անհրաժեշտության բացակայությամբ»,-նշված է նախագծում:

ՀՀ կառավարությունը մշտապես շարունակական քայլեր է իրականացնում հիփոթեքային վարկավորման համակարգի, բնակարանաշինության զարգացման և բնակարանային ապահովման խնդիրների լուծման ուղղությամբ:

«Ներկայում գործում է բնակարանային խնդիրների հաղթահարմանը միտված պետական նպատակային աջակցության ընգրկուն համակարգ՝ ուղղված հասարակության տարբեր շերտերի կարիքների բավարարմանը:

Պետության կողմից ձեռնարկված միջոցառումների և ֆինանսական կազմակերպությունների կողմից առաջարկվող բազմազան գործիքների շնորհիվ հիփոթեքային շուկան զգալիորեն ակտիվացել է: Նման պայմաններում ավելի ու ավելի արդիական է դառնում վարկառուների շահերի պաշտպանության և երաշխիքային գործուն համակարգի ձևավորումը: ՀՀ-ում գործող վարկատու կազմակերպությունների կողմից այժմ էլ առաջարկվում են վարկային պարտավորությունների վերակառուցման տարբեր գործիքներ, սակայն դրանք ուղեկցվում են այդ գործընթացի հետ կապված լրացուցիչ վճարներով:

Մինչդեռ Նախագծով օրենսդրորեն ամրագրվում են հիփոթեքային արձակուրդից օգտվելու վարկառուների իրավունքը և դրա իրացման պայմանները՝ զգալիորեն մեղմելով հիփոթեքային վարկավորման պայմանները»,- ասված է նախագծում: Կյանքի տարբեր իրավիճակներում հայտնված վարկառուների պարտավորությունների կատարման հետաձգման մեխանիզմներ կիրառվում են զարգացած բանկային համակարգ ունեցող բազմաթիվ երկրներում:

Օրինակ՝ Մեծ Բրիտանիայում բոլոր բանկերի կողմից քաղաքացիների առանձին խմբերի համար նախատեսվում է հիփոթեքային արձակուրդ՝ մինչև 12 ամիս տևողությամբ: Գերմանիայում գործում են վճարումների հետաձգման հատուկ ծրագրեր՝ նախատեսված ժամանակավոր ֆինանսական դժվարություններ ունեցող անձանց համար: Ծրագրերի շահառու դառնալու հստակ պայմանները որոշվում են հաճախորդի և բանկի կողմից համատեղ: Իռլանդիայում դժվարին իրավիճակում (շտապ վերանորոգում, ուսումնառություն, հղիություն, ծննդաբերություն և այլն) հայտնված վարկառուներին հիփոթեքային արձակուրդներ տրամադրվում են բոլոր բանկերի կողմից:

Հիմնական գումարի մարումները կարող են հետաձգվել մինչև 6 ամիս ժամկետով, իսկ տոկոսագումարները՝ մինչև 12 ամիս ժամկետով: Ֆրանսիայում աշխատանքը կորցրած և այլ դժվարություններ ունեցող վարկառուների համար նախատեսված է վճարումների հետաձգման հնարավորություն ցանկացած տեսակի, այդ թվում՝ հիփոթեքային վարկի դեպքում: Այդ արտոնյալ ժամանակահատվածը կարող է լինել առավելագույնը 24 ամիս: 2019 թվականից հիփոթեքային արձակուրդի տրամադրման վերաբերյալ օրենսդրական փաթեթ է ընդունվել նաև ՌԴ-ում:

Արդյունքում օրենքով սահմանված պայմանների առկայության դեպքում վարկառուները հնարավորություն ունեն ստանալու մինչև 6 ամիս ժամկետով արտոնյալ ժամանակահատված: «Նախագիծը մշակվել է միջազգային լավագույն փորձին համահունչ, և դրա ընդունումը թույլ կտա զգալիորեն թեթևացնել դժվար կացության մեջ հայտնված վարկառուների ֆինանսական բեռը, որոնց կյանքի պայմանները փոխվել են հիփոթեքային վարկ ստանալուց հետո: Առաջարկվող փոփոխություններն ուղղված են նաև վարկառուների գույքային իրավունքների պաշտպանության լրացուցիչ երաշխիքների ապահովմանը, հաշվի առնելով, որ կրեդիտավորման պայմանագրով ստանձնած պարտավորությունների չկատարման դեպքում վարկառուն կարող է զրկվել իր միակ բնակարանից»,- նշված է նախագծում:

Նախագիծը մշակվել է Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարության կողմից: Նախագծի ընդունման արդյունքում ակնկալվում է բարելավել հիփոթեքային վարկավորման ինստիտուտը և թեթևացնել դժվար կացության մեջ հայտնված անձանց վարկային բեռը: Արդյունքում կմեղմվի վարկատու կազմակերպությունների կողմից վարվող վարկային քաղաքականությունը, ինչը կարող է խթանել հիփոթեքային վարկերի նկատմամբ պահանջարկը: 


 Լուսանկարներ


 Պիտակներ



 Նմանատիպ նյութեր

 Մեկնաբանություններ 0
avatar
Copyright © 2018 ScanNEWS. Design created by Fon