Կառավարությանը տնտեսության զորահավաքային պլանը հաստատելու իրավասություն տրվեց

Իրադարձային 07.10.2020   11:54   30

Ազգային ժողովը երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունեց կառավարության ներկայացրած օրենքի նախագիծը, որով առաջարկվում էր պաշտպանության ոլորտում կառավարության լիազորությունների շարքում ներառել նաև հանրապետության տնտեսության զորահավաքային պլանը հաստատելու իրավասությունը: 

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ «Պաշտպանության մասին» օրենքում լրացում կատարելու մասին օրենքի նախագիծն ԱԺ նիստում ներկայացրեց ՀՀ պաշտպանության փոխնախարար Գաբրիել Բալայանը:

Նախագծով առաջարկվում էր պաշտպանության ոլորտում կառավարության լիազորությունների շարքում ներառել նաև հանրապետության տնտեսության զորահավաքային պլանը հաստատելու իրավասությունը: Ներկայումս գործում է հանրապետության նախագահի հրամանագրով հաստատված համապատասխան պլանը:

Նախագծի ընդունմամբ հնարավորություն ընձեռնվեց կառավարության որոշմամբ հաստատելու հանրապետության տնտեսության զորահավաքային նոր պլան, ինչն առավել արդիական է ներկայումս Ադրբեջանի և Թուրքիայի կողմից սանձազերծած ռազմական գործողությունների և ՀՀ-ում հայտարարված ռազմական դրության պայմաններում:



 Պիտակներ
         տնտեսության զորահավաքային պլան


 Նմանատիպ նյութեր

 Մեկնաբանություններ 0
Copyright © 2018 ScanNEWS. Design created by Fon uWeb