Կանանց և երեխաների առողջությունը՝ վտանգի տակ. ՅՈՒՆԻՍԵՖ

Իրադարձային 27.09.2020   20:30   115

Նոր զեկույցի համաձայն, կանանց և երեխաների առողջության բարելավման գործում գրանցված ձեռքբերումների համար սպառնալիք են հակամարտությունները, կլիմայական ճգնաժամերն ու կորոնավիրուսը։ Այդ մասին հայտնում են ՅՈՒՆԻՍԵՖ-ից:

Պաշտպանելով առաջընթացը. վերելք, վերաձևակերպում, վերականգնում 2020թ. զեկույցը ընդգծում է, որ 10 տարի առաջ «Յուրաքանչյուր կին, յուրաքանչյուր երեխա» շարժման մեկնարկից ի վեր, որը գլխավորում էր ՄԱԿ-ի Գլխավոր քարտուղարը, զգալի առաջընթաց է գրանցվել աշխարհում կանանց, երեխաների և դեռահասների առողջության բարելավման գործում․

  • մինչև հինգ տարեկան երեխաների մահացության ցուցանիշը 2019 թվականին հասել էր բոլոր ժամանակներում գրանցված ամենացածր մակարդակին,
  • վերջին տասնամյակում ավելի քան 1 միլիարդ երեխա է պատվաստվել կանխարգելելի հիվանդությունների դեմ,
  • իմունիզացիայի և ծննդաբերության որակյալ ծառայությունների և մաքուր խմելու ջրի հասանելիության ցուցանիշը անցել է 80 տոկոսը,
  • 2000 թվականից ի վեր մայրական մահացության դեպքերը կրճատվել են 35 տոկոսով՝ 2010 թվականից ի վեր գրանցելով ամենամեծ անկումը,
  • վերջին տասնամյակում մոտավորապես 25 միլիոն մանկական ամուսնություններ են կանխվել։

Այնուամենայնիվ, հակամարտությունները, կլիմայի անկայունությունը և կորոնավիրուսային համավարակը վտանգի տակ են դնում բոլոր երեխաների և դեռահասների առողջությունն ու բարեկեցությունը: Մասնավորապես, կորոնավիրուսով պայմանավորված ճգնաժամը խորացնում է արդեն իսկ գոյություն ունեցող անհավասարությունները՝ հանգեցնելով առողջապահական կարևոր միջամտությունների խափանումների։ Սա, իր հերթին, անհամաչափորեն ազդում է առավել խոցելի կանանց և երեխաների վրա:
 
Համավարակով պայմանավորված արգելափակումների գագաթնակետին 192 երկրներում փակվեցին դպրոցները, ինչի հետևանքով տուժել է 1,6 միլիարդ աշակերտ: Աճել են ընտանեկան բռնությունները, աղջիկների և կանանց նկատմամբ բռնությունները, ինչպես նաև՝ աղքատությունն ու սովը։
 
«Անգամ մինչև կորոնավիրուսային համավարակը, աշխարհի որևէ կետում յուրաքանչյուր վեց վայրկյանը մեկ մինչև հինգ տարեկան երեխա էր մահանում», - նշել է ՅՈՒՆԻՍԵՖ-ի գործադիր տնօրեն Հենրիետա Ֆորը: «Համավարակի առաջին օրերից ի վեր հակամարտությունների գոտիներում և խոցելի միջավայրում ապրող միլիոնավոր երեխաներ է՛լ ավելի մեծ դժվարությունների են բախվել։ Մենք պետք է միասին աշխատենք համավարակի հետևանքով առաջացած խնդիրները լուծելու ուղղությամբ՝ միևնույն ժամանակ ամրապնդելով առողջապահական համակարգերը: Միայն այդ դեպքում մենք կարող ենք պաշտպանել և փրկել կյանքեր»:

2019 թվականին 5 տարեկանից ցածր 5,2 միլիոն երեխա և 1 միլիոն դեռահաս մահացել է կանխարգելելի հիվանդություններից: Յուրաքանչյուր 13 վայրկյանը մեկ նորածին երեխա է մահացել: Յուրաքանչյուր ժամը մեկ 33 կին մահացել է ծննդաբերության ժամանակ, իսկ օրական 33,000 աղջիկ հարկադրված ամուսնացել է՝ մեծամասամբ տարիքով իրենից շատ ավելի մեծ տղամարդու հետ։

Զեկույցը կոչ է անում համաշխարհային հանրությանը պայքարել կորոնավիրուսի դեմ` միևնույն ժամանակ հարգելով այն պարտավորությունները, որոնք կարող են բարելավել կանանց և երեխաների կյանքը, որպեսզի չխորանա խոստումների և իրականության միջև առկա անդունդը:

Զեկույցի համաձայն՝ վերջին տասնամյակում գրանցած կանանց, երեխաների և դեռահասների առողջությունը բարելավելու առաջընթացը չպետք է կրի համավարակի ազդեցությունը: Եթե երեխաների կանխարգելելի մահերի դեմ ուղղված պայքար չծավալվի, 2020-2030 թվականների ընթացքում կարող է մահանալ մինչև 5 տարեկան 48 միլիոն երեխա: Այս մահերի գրեթե կեսը բաժին կընկնի նորածիններին:

«Յուրաքանչյուր կին, յուրաքանչյուր երեխա» շարժման ներքո մեր համատեղ քայլերն առավել կարևոր են, քան երբևէ: Այսօր մենք պետք է վերահաստատենք մեր հանձնառությունը հանուն կանանց, երեխաների և ապագա սերունդների՝ ավելի առողջ, անվտանգ, արդար և կայուն աշխարհ ունենալու գործում», - նշել է ԱՀԿ գործադիր տնօրեն դոկտոր Թեդրոս Ադհանոմ Գեբրեյեսուսը:



 Պիտակներ
         ՅՈՒՆԻՍԵՖ


 Նմանատիպ նյութեր

 Մեկնաբանություններ 0
Copyright © 2018 ScanNEWS. Design created by Fon uWeb