ԱՄՆ կոնգրեսկանները՝ հայկական դպրոցների վրա թուրքական դրոշներ փակցնելու մասին

Աշխարհ 30.01.2019   13:00   243

ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի անդամ Ադամ Շիֆն իր պաշտոնական ֆեյսբուքյան էջում անդրադարձել է Կալիֆոռնիայի հարավում գտնվող հայկական մասնավոր դպրոցների նկատմամբ կատարված վանդալիզմի ակտին:

Հայտնի է, որ դպրոցների դարպասներին, ինչպես նաև կրթական հաստատության տարածքում փակցվել են թուրքական պետության դրոշներ:

«Այս դպրոցներ են հաճախում Օսմանյան կայսրության իրականացրած Հայոց ցեղասպանությունից մազապուրծ եղածների բազմաթիվ ժառանգներ: Ատելության դրսևորման դատապարտման հարցում ես կանգնած եմ հայ համայնքի կողքին»,- գրել է Շիֆը:

Կոնգրեսականը հավելել է, որ դեպքի առնչությամբ հետաքննություն է ընթանում: Շիֆը նաև հույս է հայտնել, որ իշխանություններին կհաջողվի պարզել կասկածյալների ինքնությունն ու կանխել հետագայում նմանատիպ միջադեպերը:

Նշվում է, որ թուրքական դրոշների հետ կապված միջադեպին է անդրադարձել նաև մեկ այլ ազդեցիկ կոնգրեսական՝ Ներկայացուցիչների պալատի անդամ Բրեդ Շերմանը

Նա դիմել է Հետաքննությունների դաշնային բյուրոյին՝ կոչ անելով հետաքննություն սկսել ատելության դրսևորման դեպքի առնչությամբ: Կոնգրեսականը դաշնային իշխանություններին կոչ է արել օրենքի ամբողջ խստությամբ պատժել մեղավորներին:

Մինչդեռ ԱՄՆ Հայ դատի հանձնախմբի գրասենյակը (ANCA) իր երախտագիտությունն է հայտնել կոնգրեսականներ Շիֆին ու Շերմանին՝ միանալով պատշաճ հետաքննություն անցկացնելու կոչին:

Նշվում է, որ թուրքական դրոշները փակցվել են «Սրբոց Նահատակաց Ֆերահյան ազգային վարժարան»-ի, ՀԲԸՄ Մանուկյան-Դեմիրճյան վարժարանի, ինչպես նաև մի քանի հայկական եկեղեցիների վրա:



 Պիտակներ



 Նմանատիպ նյութեր

 Մեկնաբանություններ 0
avatar
Copyright © 2018 ScanNEWS. Design created by Fon