Ջուրոնգ պարկ, Սինգապուր

Art News 29.06.2020   22:30   1220

Սինգապուրում զբոսաշրջիկները հնարավորություն ունեն այցելել Ջուրոնգ զբոսայգին, որի գլխավոր յուրահատկությունը թևավորների հարուստ հավաքածուն է։ Այստեղ կարելի է տեսնել ոչ միայն հարավ-արևելյան Ասիայում, այլ նաև Եվրոպայում, աֆրիկյան երկրներում ու Ամերիկայում հանդիպող թռչունների տեսակների։

Ջուրոնգ այգու այցելուների մոտ զբոսանքի ժամանակ տպավորություն է ստեղծվում, թե այգու բոլոր թռչուններն ազատության մեջ են ապրում։ Իսկապես, այգու տարածքում վանդակներ չկան, փոխարենը թռչնի ամեն տեսակի համար նախատեսված ու վարպետորեն կառուցված բնական գոտիներ կան։

Ֆլամինգոներն այստեղ մեծ արհեստական ջրամբարներում են ապրում, իսկ պինգվինների համար այգում հատուկ սառը օդային համակարգով հատված է նախատեսված։ Զբոսաշրջիկների շրջանում ամենամեծ սերը վայելում է թութակների գոտին, որտեղ այս թռչունների ավելի քան հարյուր տեսակ է ապրում։ Պակաս գրավիչ չէ արհեստական ջրվեժով տաղավարը, որտեղ աշխարհի բոլոր ծայրերից բերված ավելի քան մեկուկես հազար տեսակի թռչուն է ապրում։

Ջուրոնգ պարկի տարածքը ավելի քան 20 հեկտար է։ Նրա ողջ տարածքում 380 տեսակի 5000 թռչուն է բնակվում։ Այգին բացվել է 1971 թվականին։ Այն կառուցելու համար 3,5 միլիոն դոլար են ծախսել։ Այգու հյուրերը կարող են նրա տարածքով ոտքով զբոսնել, կարող են նաև օգտվել տրամվայից։ Անսովոր այգում հյուրերը հնարավորություն ունեն հետևել թռչունների կյանքին, նայել՝ ինչպես են նրանք լողանում, բույն հյուսում, սերունդ տալիս։ Միակ բանը, որն այգում արգելվում է, թռչուններին կերակրելն է։

Պատրաստեց Լուսինե Բրուտյանը



 Պիտակներ
         անսովոր զբոսայգիներ


 Նմանատիպ նյութեր

 Մեկնաբանություններ 0
Copyright © 2018 ScanNEWS. Design created by Fon uWeb