Ջորջ Ֆրիդման. «Հետագա 100 տարիները. 21-րդ դարի կանխատեսում»

Մտորման համար 21.11.2020   21:00   942

«Scan News»-ը ներկայացնում է ամերիկյան «Stratfor» հետախուզա-վերլուծական կենտրոնի ղեկավար Ջորջ Ֆրիդմանի՝ 2007 թվականի հրատարակած՝ «Հետագա 100 տարիները. 21-րդ դարի կանխատեսում» գրքից հատվածների հրապարակումը: 21-րդ դարում ԱՄՆ արտաքին քաղաքականության ռազմավարությանը նվիրված Զբիգնև Բժեզինսկու «Ռազմավարական հայացք. Ամերիկան և գլոբալ հզորության ճգնաժամը» աշխատության նման, սա ևս աղերսվում է աշխարհաքաղաքական առաջիկա զարգացումներին ու դրանց հնարավոր հետևանքներին: Մեր դարաշրջանի արտաքին քաղաքականության հայեցակարգի խոշորագույն հիմնադիրների աշխատությունները հատկապես հետաքրքիր են մեր անմիջական հարևանին՝ Թուրքիային վերաբերող ուշագրավ դիտարկումներով:

Ջորջ Ֆրիդմանը ամերիկյան «Stratfor» վերլուծական-հետախուզական կենտրոնը հիմնադրել է 1996 թվականին: Ֆրիդմանը «Ամերիկայի գաղտնի պատերազմը» (2004),«Հետագա 100 տարիները. 21-րդ դարի կանխատեսում» (2007) և մի շարք գրքերի հեղինակ է:

Ջորջ Ֆրիդման. «Հետագա 100 տարիները. 21-րդ դարի կանխատեսում»

Վստահություն ներշնչող միակ բանն այն է, որ ապագան հասկանալու հարցում ողջամտությունը ոչ մի կերպ չի օգնի: Չկան քսան տարի ձգվող հեքիաթային շրջաններ, չկա այն հասարակ ուժը, որ կիշխի հավանականություններին: Անսասան թվացող ցանկացած բան իրականում կարող է փոփոխվել խելահեղ արագությամբ:

Եթե մենք 20-րդ դարի սկզբում լինեինք, ապա դրա պատմության ընթացքը կանխագուշակել հնարավոր չէր լինի: Սակայն որոշ կանխատեսումներ արվել են, և մի քանիսը նույնիսկ հավաստի են եղել: Թեպետ պատերազմների վայրերն ու ժամանակը կանխատեսել չի հաջողվել համարյա ոչ ոքի, այնուամենայնիվ դրանց հնարավորությունը, այսինքն՝ անխուսափելիությունը գործնականում շատերն են գուշակել:

21-րդ դար՝ Միացյալ Նահանգների դարաշրջան

Ջորջ Ֆրիդմանը կարծում է, որ 21-րդը Միացյալ Նահանգների դարն է: ԱՄՆ-ը Խորհրդային Միության փլուզումից հետո մնացել է ուժի միակ բևեռը: Բացի դրանից՝ ԱՄՆ-ը այսօր գերիշխում է ծովում՝ դե- ֆակտո գրավելով կենտրոնական տեղը աշխարհում, ուղղակի վերահսկելով Ատլանտյան և Խաղաղ օվկիանոսները:

ԱՄՆ-ը ունի ռադիոտեղորոշման և արբանյակային հսկողության միջոցներ, որոնք հնարավորություն են տալիս հետախուզելու ծովում կատարվող բոլոր իրադարձությունները: Հյուսիսային Ամերիկան միակ պլացդարմն է, որից կարելի է իրականացնել նման մշտադիտարկում: Թեպետ ապագայում այն կարող է հանգեցնել ԱՄՆ-ի թուլացմանը, ինչը, սակայն, պետք է տեղի ունենա միայն 22-րդ հարյուրամյակում:

Իսկ այս հարյուրամյակում Միացյալ Նահանգների հսկայական հզորությունը, որն արտահայտվում է տնտեսական, տեխնոլոգիական և մշակութային իրողություններում, այդ երկրի սրընթաց զարգացման գրավականը կլինի:

Անցյալ դարում ԱՄՆ-ը կարողացավ փոխարինել Եվրոպային՝ որպես ծովային առաջատար տերություն: ԱՄՆ-ն կարողացավ մեկուսացնել Խորհրդային Միությանը և դրանով իսկ նախապատրաստել նրա փլուզումը: Սակայն Միացյալ Նահանգներն առաջվա պես չի կարողացել լիարժեք իմաստով քաղաքակիրթ երկիր դառնալ, այսինքն՝ թույլ տալ այլ կենսակերպի և այլ գաղափարախոսության գոյության հնարավորությունը՝ բացի իր սեփականից: Ամերիկյան հասարակությունը առաջվա պես պատրաստ չէ համակերպվելու այլ մշակույթի գոյության հետ, որ տարբեր է իր ունեցածից, և շարունակում է ողջ աշխարհին պարտադրել սեփական կենսակերպը՝ որպես էտալոն:

Երկրաշարժ. ջիհադ ԱՄՆ-ի դեմ

Շատերն են կարծում, որ ԱՄն-ը երկարատև պատերազմի մեջ է քաշվել մուսուլմանական աշխարհի դեմ՝ «Ալ- Քաիդայի» հետ ուղղակի հակամարտություն սկսելով, և պարտություն է կրել: Սակայն եթե այս հիմնախնդիրը դիտարկենք աշխարհաքաղաքական մակարդակում, կհասկանանք, որ իրականում Միացյալ Նահանգները հասել է իր նպատակին, թեպետ պատերազմը հաղթանակով չի ավարտել:

ԱՄՆ-ը թույլ չտվեց, որ արմատական իսլամը համախմբվելու հնարավորություն ունենա: Հաղթանակն այն է, որ ԱՄՆ-ը մահմեդական աշխարհն ընկղմեց քաոսի մեջ՝ պահպանելով, սակայն, իսլամական տարբեր պետությունների և կրոնական հոսանքների միջև մշտապես շարունակական բախումներ առաջացնելու հնարավորությունը:

Խորհրդային Միության փլուզումը հսկայական ազդեցություն թողեց աշխարհի զարգացման վրա: Երբ գոյություն ունեին ուժի երկու բևեռները, աշխարհի մյուս տարածաշրջանները «սառեցված էին»: Սակայն ԽՍՀՄ անհետացումը երևակեց խորքային բեկվածքները, որոնք մինչ այդ թաքնված էին:

Առաջին ճաքը, որն իր հետևից բերեց աշխարհաքաղաքական երկրաշարժ, Հարավսլավիայում բռնկված պատերազմն էր, որն առաջացրեց մինչև Աֆղանստանի հյուսիսում գտնվող Հինդուքուշ և Պակիստան ձգվող բեկվածք: Առավելաբար մահմեդական այս տարածաշրջանը նորից ապակայունացավ:

Իրադրությունն ավելի բարդացրին ամերիկացիները Աֆղանստանում խորհրդային գործողության ժամանակ՝ «Թալիբան» շարժման զորամասերը փաստորեն ոտքի կանգնեցնելով:

Այուամենայնիվ, այս գործողությունները, ինչպես նաև Միացյալ Նահանգների անմիտ թվացող արձագանքը սեպտեմբերի 11-ի ահաբեկություններին իրականում ԱՄՆ մեծ ռազմավարության մասն են:

Այսպիսի ռազմավարությունը բխում է պատերազմից, քանի որ հենց պատերազմից է սերել ամերիկյան պետությունը: Կարելի է ընդգծել ռազմավարության հինգ տարրերը.

  • ԱՄՆ բանակի բացարձակ գերակայությունը Հյուսիսային Ամերիկայում (այս խնդրի իրականացման հիմքը դրեցին պատերազմը Մեքսիկայի դեմ և Լուիզիանայի նվաճումը),
  • Միացյալ Նահանգների դեմ բոլոր սպառնալիքների լիարժեք չեզոքացում Արևմտյան կիսագնդում (քանի որ Հարավային Ամերիկան իրենից սպառնալիք չի ներկայացնում, պետք է զսպել Մեքսիկային և թույլ չտալ եվրոպական տերությունների ռազմական ներկայության ուժեղացումը Կարիբյան ծովի ավազանում. այս խնդիրները լուծելու համար էլ ձևակերպվեց Մոնրոյի դոկտրինը ),
  • դեպի Միացյալ Նահանգների ափերը տանող ծովային բոլոր ուղիների ամբողջական վերահսկողություն ռազմածովային ուժերի կողմից՝ ներխուժումն արգելելու նպատակով (այս խնդիրը նշանակալից չափով լուծված է Առաջին և Երկորդ աշխարհամարտերի արդյունքներով, որոնց ընթացքում թուլացել էին բրիտանական և ճապոնական ռազմածովային նավատորմները),
  • Համաշխարհային օվկիանոսի ամբողջական վերահսկողություն՝ ԱՄՆ ֆիզիկական բացարձակ անվտանգության ապահովման և միջազգային առևտրական համակարգի կարգավորման նպատակով (այս խնդիրը մեծ մասամբ լուծվել է արբանյակային հսկողության համակարգի ստեղծման և աշխարհի բոլոր օվկիանոսներում ամերիկյան նավատորմի ռազմական մշտական ներկայության միջոցով),
  • ԱՄՆ համաշխարհային ռազմածովային հզորությանը մարտահրավեր նետելու հնարավորությունից հետ պահել ցանկացած պետության: Երկրորդ աշխարհամարտից հետո ԱՄՆ-ը զգալի ջանքեր է գործադրել՝ ձգտելով թույլ չտալ եվրոպական նավատորմների ուժեղացումը:

ԱՄՆ-ը Իրաք ներխուժեց ոչ թե հանուն հաղթանակի, այլ որպեսզի թույլ չտա ուժեղ և հեռանկարում վանգավոր պետության առաջացումը:

Ակնհայտ է, որ այսօր ոչ ոք չի կարող արդյունավետ ազդել ԱՄՆ-ի վրա:

Այուամենայնիվ, տեսանելի ապագայում ԱՄՆ-ի ոչ մի գործողություն չի կարող կանխել իսլամական բողոքը աշխարհում ամերիկյան հեգեմոնիայի դեմ, որը, կարտահայտվի իսլամական աշխարհի նոր լիդերի առաջացմամբ. Այդ լիդերը Թուրքիան է:


 Պիտակներ
         Ջորջ Ֆրիդման


 Նմանատիպ նյութեր

 Մեկնաբանություններ 0
Copyright © 2018 ScanNEWS. Design created by Fon uWeb