Ջիանի Ինֆանտինոն ցավակցական ուղերձ է հղել Արկադի Անդրիասյանի մահվան կապակցությամբ

Սպորտ 24.12.2020   12:55   83

ՖԻՖԱ-ի նախագահ Ջիանի Ինֆանտինոն ցավակցական ուղերձ է հղել ՀՖՖ նախագահ Արմեն Մելիքբեկյանին՝ Արկադի Անդրիասյանի մահվան կապակցությամբ:

Այս մասին հայտնում է ՀՖՖ-ն: 

«Ցանկանում եմ ուղղել իմ անկեղծ և սրտանց ցավակցությունը նախկին ֆուտբոլիստ և մարզիչ Արկադի Անդրիասյանի մահվան կապակցությամբ: Բառերն անկարող են արտահայտել այս կորստի ողջ տխրությունը:

Իր կարիերայի ընթացքում Անդրիասյանն անցկացրել է մի քանի հանդիպում ԽՍՀՄ ազգային հավաքականում, իսկ օլիմպիական հավաքականի կազմում նվաճել է բրոնզե մեդալ 1972 թ. Օլիմպիական խաղերում: Ակումբային մակարդակում միշտ կհիշվեն նրա ելույթները Երևանի «Արարատի» կազմում, որի հետ 1973 թ. նա նվաճել է ԽՍՀՄ չեմպիոնի կոչումը և երկու անգամ (1973 և 1975) դարձել ԽՍՀՄ գավաթակիր: Ֆուտբոլիստի կարիերան ավարտելուց հետո Անդրիասյանն ունեցել է նաև մարզչական երկար և հաջողակ կարիերա՝ մարզելով մի շարք ակումբներ, այդ թվում՝ Երևանի «Արարատը»:

Հայկական ֆուտբոլի լեգենդին 1971 թ. շնորհվել է ԽՍՀՄ սպորտի վարպետի կոչում, 1982 թվականին՝ ՀԽՍՀ վաստակավոր մարզչի կոչում, իսկ 2011 թվականին՝ Հայրենիքին մատուցած ծառայությունների համար շքանշան: Մենք չենք մոռանա և կկարոտենք նրա ժառանգությունը և նվաճումները, մասնավորապես, առաջատարի հատկությունները, անհատականությունը և մարդկային որակները: 

Ֆուտբոլային միջազգային ընտանիքի անդամների անունից ցանկանում եմ Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիային և Արկադի Անդրիասյանի ընտանիքին, ընկերներին և սիրելիներին փոխանցել խորին ցավակցություններս: 

Հուսով եմ, որ այս հիշողությունները և կարեկցանքի խոսքերը խաղաղություն և սփոփանք կբերեն այս դժվարին ժամանակաշրջանում»,-ասված է ՖԻՖԱ-ի նախագահի ցավակցական խոսքում։


 Պիտակներ
         Ջիանի Ինֆանտինո


 Նմանատիպ նյութեր

 Մեկնաբանություններ 0
Copyright © 2018 ScanNEWS. Design created by Fon uWeb