«Ժողովուրդ». Նոր մարդիկ և հանգամանքներ են ներգրավվում Գագիկ Խաչատրյանի գործում

Մամուլ 18.12.2019   08:44   245

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է․

««Ժողովուրդ» օրաթերթին մանրամասներ են հայտնի դարձել ՊԵԿ նախկին նախագահ Գագիկ Խաչատրյանին վերաբերող քրեական գործից: Նշենք, որ Գագիկ Խաչատրյանին կալանավորելու որոշումից անցել է շուրջ 5 ամիս, և նախաքննական մարմինը տարվող քննության մասով ոչինչ չի հայտնում: Սակայն «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով` քրեական գործի շրջանակներում հարցաքննել են ֆինանսների նախկին փոխնախարար Տիգրան Բարսեղյանին, ում անունը կապված է եղել քրեական գործով անցնող ընկերություններից մեկի հետ:

Ավելին, «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ քննության առարկա է դարձել դեռևս 2016 թվականին ՊԵԿ գործունեության մասին աղմկահարույց հրապարակային բարձրաձայնումներից մեկը. մի խումբ մաքսային աշխատակիցներ բաց նամակ էին հղել Սերժ Սարգսյանին և ԶԼՄ ներկայացուցիչներին, որտեղ նշվում էր, որ Գագիկ Խաչատրյանի եղբորորդին` Կարեն Խաչատրյանը, անձամբ համակարգել է, այսպես կոչված, մաքսային պապկաների աշխատանքները, որոնցով Հայաստանի միջին և մանր գործարարները Թուրքիայից, Չինաստանից և Արաբական Միացյալ Էմիրություններից տարբեր տեսակի ապրանքներ են ներմուծել հանրապետություն: Այդ «պապկաներով» ներմուծված ապրանքների մաքսազերծումն իրականացվել է չնչին գումարներով, իսկ գործարարներից «պապկաների» տերերը հավաքել են յուրաքանչյուր ներմուծված կիլոգրամ ապրանքի համար 2-ից 6 ԱՄՆ դոլարի գումար և այդ հավաքագրված գումարների հիմնական մասը փոխանցել են Կարեն Խաչատրյանին: Այսպիսով, օրեցօր նոր մարդիկ և հանգամանքներ են ներգրավվում ՊԵԿ նախկին նախագահի քրեական գործում, սակայն դեռ նախաքննական մարմինը տեղեկություններ չի հայտնում գործի քննության ընթացքի վերաբերյալ:

Հիշեցնենք, որ Գագիկ Խաչատրյանը Հատուկ քննչական ծառայությունում քննվող քրեական գործի շրջանակում ուներ մեղադրյալի կարգավիճակ, և գործը վերաբերում էր պետական սուբսիդավորման ծրագրով գյուղացիներին մատչելի գներով տրամադրված պարարտանյութերի գործընթացին: Խաչատրյանը անմիջապես 800 մլն դրամը վերականգնել էր պետբյուջե: Հիշեցնենք նաև, որ սա այն նույն քրգործն է, որով մեղադրանք է առաջադրված նաև նախկին նախագահ Սերժ Սարգսյանին»:

Ամբողջական՝ թերթի այսօրվա համարում



 Պիտակներ
         «Ժողովուրդ»


 Նմանատիպ նյութեր

 Մեկնաբանություններ 0
avatar
Copyright © 2018 ScanNEWS. Design created by Fon