«Ժողովուրդ». Մեծ ծախսեր՝ նոր դատարանի համար

Մամուլ 04.08.2020   09:45   541

«Ժողովուրդ» թերթը գրում է․

ՀՀ արդարադատության նախարարությունը երեկ հանրային քննարկման է ներկա­յացրել «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» եւ «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքում լրացումներ կատարելու վերաբերյալ նախագծերի փաթեթը: Նախագծերի այս փաթեթով առաջարկվում է ստեղծել մասնագիտացված հակակոռուպցիոն դատարան՝ առնվազն 25 դատավորի թվակազմով, ընդորում՝ նրանցից 20-ը կքննեն կոռուպցիոն հանցագործությունների վերաբերյալ գործերը, իսկ 5-ը՝ «Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման մասին» օրենքի հիման վրա ներկայացված դիմումներից եւ հայցապահանջներից բխող գործերը: Սակայն փաթեթում տեղ գտած փոփոխություններն այսքանով չեն ավարտվելու, եւ նա­խագծերի ընդունման պարագայում բարեվարքություն կանցնեն նաեւ դատախազների թեկնածուները:

Այսպիսով` նախագծերի փաթեթով սահմանվել են Հակակոռուպցիոն դատարանի եւ Վերաքննիչ հակակոռուպցիոն դատարանի դատավոր նշանվելու ավելի խիստ սահմանափակումներ, մասնավորապես՝ հաշվի են առնվելու ստա­ցած կարգապահական տույժերը: Միեւնույն ժամանակ Վերաքննիչ հակակոռուպցիոն դատարանի դատավորների համար նախագծերի փաթեթով առաջարկվում է նախատեսել այլ դատավորների համեմատությամբ ավելի բարձր աշխատավարձ:

Ինչ­պես արդեն նշեցինք, բարեվարքության ուսումնասիրություն օրենքի ընդունումից հետո կացնեն ոչ միայն դատավորների թեկնածուների հավակնորդները, այլեւ Վերաքննիչ դատարանի կամ Վճռաբեկ դատարանի դատավոր դառնալու նպատակով առաջխաղացման ցուցակում ընդգրկվող անձինք եւ դատախազների թեկնածուները:

Նկատենք, որ այս դատարանի ստեղծումը նախատեսված է Հակակոռուպցիոն ռազ­մավարությամբ եւ դրա իրականացման 2019-2022 թվականների միջոցառումների ծրագրով: Ավելին, նախագծի հետ մեկտեղ նախարարությունը ներկայացրել է նաև այն ծախսերը, որոնք նախատեսված են լինելու: Այսպիսով, 2021-2023 թվականների համար աշխատավարձի, կոմունալ եւ գրասենյակային ծախսերը միասին կկազմեն 3 մլրդ 339 մլն 529 հազար դրամ, դատավորների տեխնիկական հագեցվածության համար՝ 198 մլն դրամ, տրանսպորտային հագեցվածության համար՝ 321 մլն դրամ, շենքային պայմանների համար՝ 2 մլրդ 800 մլն դրամ: Սա, իհարկե, նախնական հաշվարկներն են: Հավելենք, որ հանրային քննարկման ավարտի համար ժամկետ է նա­խատեսված օգոստոսի 15-ը:

Ամբողջական՝ թերթի այսօրվա համարում։



 Պիտակներ
         «Ժողովուրդ»


 Նմանատիպ նյութեր

 Մեկնաբանություններ 0
Copyright © 2018 ScanNEWS. Design created by Fon uWeb