«Ժողովուրդ». Հաջորդ շաբաթ Ազգային ժողովում թեժ է լինելու

Մամուլ 19.02.2021   09:23   73

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է.

«Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ փետրվարի 23-ին ՀՀ արտաքին գործերի նախարար Արա Այվազյանը գալու է Ազգային ժողով: Մեր տեղեկություններով՝ այդ օրը նա հանդիպելու է Տարածաշրջանային եւ եվրասիական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի անդամներին:

Մենք տեղեկացանք, որ քննարկման թեման տարածաշրջանային եւ եվրասիական ինտեգրման ներկա մարտահրավերներն են հետպատերազմյան Հայաստանում: Հավելենք, որ Ազգային ժողովը մյուս շաբաթ սկսելու է մշտական հանձնաժողովների նիստերը, քանի որ արդեն մարտի 2-ին մեկնարկելու է հերթական նստաշրջանը:

Նշենք, որ փետրվարի 24-ին Պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովը քննարկելու է «Հայաստանի Հանրապետության պաշտպանության ժամանակ զինծառայողների կյանքին կամ առողջությանը պատճառված վնասների հատուցման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին նախագիծը, որի հեղինակը «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Գեւորգ Պապոյանն է: Այս նախագծով վերջինս առաջարկում է փոփոխության ենթարկել Զինծառայողների ապահովագրության հիմնադրամին տրվող գումարների չափը:

Իսկ Պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովում էլ կքննարկվեն սահմանադրական օրենքներ. երկրորդ ընթերցում պետք է անցնի Հակակոռուպցիոն կոմիտե ստեղծելու մասին օրենքն ու Դատական օրենսգիրքը: Ընդհանուր առմամբ, խորհրդարանի հաջորդ նստաշրջանը թեժ է լինելու»:

Ամբողջական՝ թերթի այսօրվա համարում։


 Պիտակներ
         «Ժողովուրդ»


 Նմանատիպ նյութեր

 Մեկնաբանություններ 0
Copyright © 2018 ScanNEWS. Design created by Fon uWeb