«Ժողովուրդ». ԲՀԿ-ն ցանկանում է միայնակ առաջ գնալ

Մամուլ 03.09.2020   09:22   48

«Ժողովուրդ» թերթը գրում է․

«Դեռևս օգոստոսի 26-ին «Բարգավաճ Հայաստան» կուսակցության առաջնորդ Գագիկ Ծառուկյանը հայտարարեց մեծ հանրահավաք կազմակերպելու և խորհրդարանի առաջիկա նստաշրջանին ընդառաջ կուսակցության տարածքային կառույցների ներկայացուցիչների հետ հանդիպումներ սկսելու մասին:

Կոտայքի մարզի ակտիվի հետ բացօթյա հանդիպման ժամանակ Ծառուկյանը հիշեցրել էր, որ իր աշխատակիցներին հանձնարարել է ժողովրդի հետ շփվել, նրանց հուզող հարցերը լսել։ Հիմա էլ հետևություն է արել՝ խնդիրները բազմաթիվ են, բայց բոլոր հարցերի պատասխաններն ինքը պատրաստ է տալ:

Եվ, ահա, չնայած ամիսներ շարունակ Ծառուկյանի գլխավորած «Բարգավաճ Հայաստան» կուսակցության, ԱԱԾ նախկին տնօրեն Արթուր Վանեցյանի հիմնած «Հայրենիք» և ՀՅԴ կուսակցության ներկայացուցիչները հանդիպումներ են ունենում, սակայն, «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով, ԲՀԿ-ն ցանկանում է միայնակ առաջ գնալ: Եռյակի ֆորմատը, կարծես թե, այնքան էլ հեռանկարային չէ:

«Ժողովուրդ» օրաթերթի տեղեկությունների համաձայն՝ ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի խոստացված հանրահավաքը պլանավորված է իրականացնել հոկտեմբերին, սակայն ԲՀԿ-ում կուսակցականները կտրուկ դեմ են եղել, որ իրենց հանրահավաքին մասնակցեն նաև ՀՅԴ և «Հայրենիք» կուսակցությունները:

Ու ստացվում է, որ թեև այս ուժերը ամիսներ շարունակ համագործակցել են, սակայն քաղաքական ամենակարևոր միջոցառումներից մեկին, այն է՝ հանրահավաքին, միասնական ճակատով հարթակ չեն բարձրանալու: Ու հերթական անգամ ականատես ենք լինելու իրողության, որ ընդդիմադիր դաշտում կոնսոլիդացիան չի կայանում»:

Ամբողջական՝ թերթի այսօրվա համարում:



 Պիտակներ
         «Ժողովուրդ»


 Նմանատիպ նյութեր

 Մեկնաբանություններ 0
Copyright © 2018 ScanNEWS. Design created by Fon uWeb