Ջակոմո Կազանովա. « Իմ կյանքի պատմությունը» (համառոտ)

Դասեր 30.09.2020   22:30   816

Ջակոմո Կազանովա. « Իմ կյանքի պատմությունը» (համառոտ)

Որպես իսկական արկածախնդիր, Կազանովան կյանքի մեծ մասը ճամփորդում է: Հայտնվելով Կոստանդնուպոլսում, ծանոթանում է փիլիսոփա Յուսուփի և հարուստ թուրք Իսմաիլի հետ: Յուսուփին հիացնում են կյանքի մասին Կազանովայի դատողությունները և նա առաջարկում է իտալացուն ամուսնանալ իր դստեր հետ՝ դառնալով իր ժառանգը: Իսմաիլը նույնպես ոգևորված է Կազանովայի կերպարով և նրա ջերմ մասնակցությունն անգամ խրտնեցնում է հյուրին: Մի քանի մանր արկածներից և աննշան սիրավեպերից հետո Կազանովան վերադառնում է Եվրոպա:

Փարիզի ճանապարհին որոշ ժամանակ մնում է Տուրինում: Նրան դյութում է քաղաքը, հատկապես հավանում է պալատը, թատրոնը և, իհարկե, կանանց, որոնց թվում են Սավոյայի չքնաղ դքսուհիները: Եվ այդուհանդերձ, նրա սիրային հաղթանակների ցուցակը հարստացնում է սոսկ անշուք լվացարարուհին: Լիոնում Կազանովան դառնում է մասոնական օթյակի անդամ և հասնում է երրորդ աստիճանին, այսինքն՝ դառնում է մագիստրոս:

Փարիզում ուսումնասիրում է բարքերը, մարդկանց, շփվում է գրականության ներկայացուցիչների հետ: Կրեբիյոնը առաջարկում է նրան կատարելագործել ֆրանսերենը և դասեր է տալիս հերոսին: Վերջինս հաճախ է լինում թատրոնում և տիկին Փարիզի զվարճալի հաստատությունում, որի աղջիկները ստիպում են նրան հաստատության հավատարիմ այցելու մնալ մինչև Ֆոնտեմբլո տեղափոխվելը: Ֆոնտեմբլոյում ամեն տարի որսորդությամբ է զբաղվում թագավոր Լյուդովիկոս 15-րդը և  նրան ուղեկցում է գրեթե ողջ պալատը և օպերայի դերասաններն ու երգիչները:

Կազանովան ծանոթանում է արքայական ընտանիքի անդամների և տիկին դը Պոմպադուրի հետ, որն անկողծորեն սիրահարված է իր թագավորին: Այդ ընթացքում հասցնում է երեխա պարգևել իր տանտիրուհու դստերը: Մայրը դատի է տալիս Կազանովային և սա դատավորի մեղմ վճռով ստիպված է լինում տուգանք վճարել: Հետագայում իմանում է, որ այդ աղջիկը դարձել է օպերայի դերասանուհի: Տասներեքամյա մի չքավոր աղջկա ցնցոտիների տակ գուշակելով մարմնի գեղեցիկ ուրվագծերը, Կազանովան անձամբ լողացնում է նրան և ուղարկում է իր ծանոթ նկարչի մոտ որպես մոդել:

Դիմանկարը հայտնվում է թագավորի մոտ, որն իսկույն պահանջում է իր մոտ բերել բնօրինակը: Սիրավեպն ավարտելուց հետո Լյուդովիկոսը ամուսնացնում է այդ աղջկան իր սպաներից մեկի հետ:

Որպես իր ժամանակի զավակ Կազանովան տիրապետում է զանազան գիտելիքների, այդ թվում կաբալիստական խորհուրդների: Դրանց միջոցով նա բուժում է Շարտրի դքսուհու մաշկի անհարթությունները, ինչը բարձրացնում է հասարակության մեջ նրա հեղինակությունը:
Փարիզում, Դրեզդենում և Վենետիկում Կազանովան ծանոթանում ամեն տեսակ կանանց հետ՝ մեծ մասամբ դրանք հասարակական տներից են:

Արժանանալով փայլուն արկածախնդրի ուշադրությանը, կանայք խելքահան են լինում նրա համար: Մի վենետիկցի աղջիկ Կազանովայի հետ սիրավեպ ունենալուց հետո անգամ բուժվում է իր հիվանդությունից: Նրանք ուզում են ամուսնանալ, սակայն խանգարում է Վենետիկի դատարանի որոշումը, որով Կազանովան ձերբակալվում է որպես սրիկա, հասարակական անդորրի խախտող և բանսարկու: Խուզարկության ժամանակ նրա բնակարանում գտնված գրքերը թույլ են տալիս մեղադրել նրան նաև սև մոգության մեջ:

Բանտում Կազանովան համախոհ է գտնում, որի հետ կարողանում են փախչել՝ անցք փորելով դեպի բանտի կտուրը: Հերոսը ստիպված է լքել Վենետիկի հանրապետությունը: Նա նորից Փարիզում է, զբաղվում է օկկուլտ գիտություններով, բժշկությամբ… Իր ծանոթ մարկիզուհու հետ այցելում է Ռուսոյին, որի ո՛չ արտաքինը, ո՛չ էլ խելքը չեն տպավորում արկածախնդրին:

Կազանովան փորձում է հիմնել մանուֆակտուրա և հարստանալ: Սակայն նրան ավելի շատ հետաքրքրում են երիտասարդ աշխատակցուհիները, քան եկամուտների ճիշտ նախագիծը: Նա թողնում է այդ նախաձեռնությունը և տեղափոխվում է Շվեյցարիա, որտեղ ծանոթանում է մեծն Վոլտերի հետ: Նրանք հանդիպում և զրուցում են մի քանի անգամ:

Լինում է Լոնդոնում, սակայն Անգլիան նրան դուր չի գալիս: Տեղափոխվում է Գերմանիա, որտեղ նրան ընդունում է թագավոր Ֆրիդրիխը, իսկ հետո մեկնում է Ռուսաստան: Սանկտ Պետերբուրգում ուսումնասիրում է հյուսիսային բարքերը, այցելում է ռուսական բաղնիքները, հանդիպում է կայսրուհի Եկատերինա Երկրորդի հետ, որը շատ հետաքրքրական է համարում իտալացու դատողությունները: Սակայն Կազանովային ձգում է Փարիզը: Մինչ այդ հարկ է այցելել Վարշավան: Ամեն բան շարունակվում է… սիրավեպեր, ինտրիգներ, մեքենայություններ… 



 Պիտակներ
         Ջակոմո Կազանովա


 Նմանատիպ նյութեր

 Մեկնաբանություններ 0
Copyright © 2018 ScanNEWS. Design created by Fon uWeb