Իտալիայի ննջեցյալների թանգարանը

Art News 01.03.2019   22:30   532

Հանդերձյալ կյանքի մասին առեղծվածային պատմության սիրահարների համար հետաքրքիր կլինի այցելել Հռոմում գտնվող Ննջեցյալների թանգարանը։ Այն տեղավորված է դել Սակրո Կուորե դել Սուֆրաջիո հին եկեղեցու խորանում։ Թանգարան մտնելուց առաջ այցելուները պարտադիր պետք է ստանան քահանայի օրհնությունը։ Բայց այս պաշտոնական ծեսից վախենալ պետք չէ, քանի որ այն թանգարանի յուրահատկություններից մեկն է ու լրիվ ձևական բնույթ է կրում։

Ամեն օր հետաքրքրասեր զբոսաշրջիկներն ու տեղի բնակիչները այցելում են այս թանգարան մեկ նպատակով՝ համոզվելու հանդերձյալ կյանքի գոյության և այն բանի մեջ, որ մեռնելուց հետո հոգիները շարունակում են ապրել։ Թանգարանում ներկայացված են ամենատարբեր ցուցանմուշներ, որոնցից յուրաքանչյուրի հետ հետաքրքիր լեգենդ կամ ուրվականների մասին պատմություն է կապված՝ ուրվականների մատնահետքերով հագուստի մասեր, տախտակին ոտնահետքեր ու գրքեր, որոնց էջերին տարօրինակ մատնահետքեր են հայտնվել։

Թանգարանի ուղեկցող անձը եկեղեցու քահանան է, ով էլ հենց պատմում է ուրվականների մասին աներևակայելի պատմությունները։ Քահանայի համոզմամբ՝ հանգուցյալների հոգիներն այնքան էլ չեն սիրում կենդանի մարդկանց միջամտությունն իրենց գործերին, այնպես որ՝ թանգարան այցելությունը պետք է ուղեկցվի նրանց հանդեպ հարգանքով։

Աշխարհի ամենաառեղծվածային թանգարաններից մեկի հետ զարմանալի մի փաստ է կապված։ Թանգարան այցելել ու ցուցանմուշները նկարել կարելի է անվճար, բայց դրանք նկարելն անիմաստ է։ Մինչև օրս այցելուներից ոչ մեկին չի հաջողվել որակյալ նկարներ ստանալ, և պատճառը ամենևին էլ լուսավորության կամ տեխնիկայի անսարք լինելը չէ։

Պատրաստեց Լուսինե Բրուտյանը



 Պիտակներ
         անսովոր թանգարաններ


 Նմանատիպ նյութեր

 Մեկնաբանություններ 0
avatar
Copyright © 2018 ScanNEWS. Design created by Fon