Իսրայելում խորհրդարանական ընտրությունների առաջատարը Նեթանյահուի կուսակցությունն է

Աշխարհ 24.03.2021   14:00   48

Իսրայելում արտահերթ խորհրդարանական ընտրությունների առաջին էքզիթ փոլի արդյունքների  համաձայն՝ ներկայիս վարչապետ Բենիամին Նեթանյահուի «Լիքուդ» կուսակցությունն առաջատարն է և 120 պատգամավորական տեղերից զբաղեցնում է 31-ը: Սակայն սա չի նշանակում, որ կառավարության ներկայիս ղեկավարը կստանա նոր կաբինետ կազմելու մանդատ: Այս մասին գրում է Euronews-ը։

Ընտրություններում երկրորդ տեղը զբաղեցնում է ընդդիմության առաջնորդ Յաիր Լապիդի «Յեշ Ատիդ» կուսակցությունը, որը կարող է ստանալ 18 պատգամավորական մանդատ:

24-րդ Քնեսետի արտահերթ ընտրություններին մասնակցությունը կազմել է 60,9%, ինչը գրեթե 5% -ով ցածր է նախորդ ընտրությունների՝ 2020 թ. մարտի 2-ին մասնակցությունից։ Սա 2009-ից ի վեր ամենացածր մասնակցությունն է:

Վերջին երկու տարվա ընթացքում սա արդեն չորրորդ խորհրդարանական ընտրություններն են Իսրայելում: 23-րդ Քնեսետը ավտոմատ կերպով լուծարվեց անցյալ տարվա դեկտեմբերի 23-ին՝ երկրի պետական բյուջեի հաստատման ժամկետի ավարտի պատճառով:

Դիտորդները հաշվարկել են, որ Նաֆթալի Բենետի «Յամին» աջակողմյան դաշինքի աջակցությունը կարող է վարչապետի կոալիցիային 61 մանդատ բերել: Նեթանյահուի հակառակորդները հավաքում են 59 տեղ, ինչը բավարար չէ կաբինետ կազմելու համար:

Վերլուծաբանները վստահ են, որ Իսրայելում, քվեարկության արդյունքները ամփոփելուց հետո, բախվելու են երկար կոալիցիոն բանակցությունների, և, հնարավոր է, աննախադեպ հինգերորդ ընտրությունների այսքան կարճ ժամանակահատվածում:


 Պիտակներ



 Նմանատիպ նյութեր

 Մեկնաբանություններ 0
Copyright © 2018 ScanNEWS. Design created by Fon uWeb