Իշխանությունների կանխատեսումները սխալ էին․ Սուրեն Պարսյան

Տեսանկյուն 10.02.2021   15:40   61

Կորոնավիրուսը մեծ հարված է հասցրել համաշխարհային տնտեսությանը։ Պայմանավորված կարանտինային վիճակով և տնտեսական սահմանափակումներով՝ հատկապես շատ է տուժել ծառայությունների ոլորտը։ Հայաստանի տնտեսությունն անմասը չի մնացել այս համաշխարհային ճգնաժամից, սակայն, եթե համաշխարհային տնտեսության անկումը գնահատվում է 4,3 տոկոս, ապա Հայաստանի համախառն ներքին արդյունքը անկում է գրանցել մոտ 8,5 տոկոս, այսինքն՝ համաշխարհային միջինից երկու անգամ ավելի խորը ճգնաժամ է գրանցվել Հայաստանում։ Ի դեպ Արցախյան պատերազմի ազդեցությունը տնտեսական ակտիվության վրա գործող իշխանությունները գնահատում են ընդամենը՝ -0,7 տոկոս։

2020 թվականի ընթացքում անկում են գրանցել տնտեսության գրեթե բոլոր ճյուղերը, մասնավորապես՝ արդյունավերությունը՝ -0,9 տոկոս, առևտրի շրջանառությունը՝ -14 տոկոս, շինարարությունը՝ -9,5 տոկոս, ծառայության ոլորտը՝ -14,7 տոկոս։ Ըստ պաշտոնական տվյալների՝ գյուղատնտեսության ոլորտը գրանցել է +1,2 տոկոս աճ, ինչը խիստ կասկածելի ցուցանիշ է։ Նման վատ ցուցանիշներ չենք ունեցել վերջին տասը տարիների ընթացքում։

Նույնիսկ այս տնտեսական աղետի պայմաններում գործող իշխանությունների ներկայացուցիչները հայտարարում էին, որ կարանտինային ռեժիմով պայմանավորված մեր քաղաքացիները հանգստի նպատակներով չեն մեկնի Հայաստանից և իրենց գումարները կծախսեն Հայաստանում, դրանով կխրախուսեն ծառայության ոլորտը՝ լրացնելով զբոսաշրջիկների բացակայությունը, սակայն գործնականում ունենք ճիշտ հակառակ պատկերը։ Մասնավորապես՝ ակտիվ հանգստի հուլիս ամսին ծառայության ոլորտը անկում է գրանցել -21,7 տոկոսով, օգոստոսին՝ -19,5 տոկոսով, դեկտեմբերին՝ -22,6 տոկոսով։

Անտեսելով օրեցօր աղքատացող բնակչության խնդիրները և 22000-ից ավելի բիզնեսի գործունեության դադարները՝ այս կառավարությունը ավելի է խորացնում տնտեսական ճգնաժամը, իսկ քաղաքական անորոշությունը և հնարավոր ցնցումներն էլ ավելի են խորացնում բացասական սպասումներն արդեն 2021 թվականի համար։

տնտեսագետ Սուրեն Պարսյան


 Պիտակներ



 Նմանատիպ նյութեր

 Մեկնաբանություններ 0
Copyright © 2018 ScanNEWS. Design created by Fon uWeb