Իշխանությունն ունակ չէ ոչնչի․ Արթուր Խաչատրյան

Տեսանկյուն 08.01.2021   13:09   67

ՀԱՅԱՍՏԱՆՅԱՆ ՊԱՐԱԴՈՔՍ

Ես «հայկական ունիկալության» թեզին շատ թերահավատ եմ վերաբերվում, բայց պետք է ընդունենք, որ մի հարցում մենք իրոք ունիկալ ենք: Թե՛ ընդդիմությունը, թե՛ հպարտ քաղաքացիներն ընդունում են, որ Հայաստանում գործուն կառավարություն, որը կպաշտպաներ մեր ազգային շահը՝ չկա:

Ընդդիմության պարագայում դա հասկանալի է: Ընդդիմությունը հայտարարում է, որ իշխանությունը պարտավոր է ապահովել Արցախի Հանրապետության ու Հայաստանի Հանրապետության անվտանգությունն ու տարածքային ամբողջականությունը: Քանի որ օրվա իշխանությունները չեն կարող կամ չեն ցանկանում դա անել, նրանք պետք է իրենց տեղը զիջեն ազգային ունակ ուժերին: Վերջիվերջո, որքան էլ իշխանությունները մեղադրեն աբստրակտ «նախկիններին» (իսկ նախկինությունը որոշեն իշխանությունների նկատմամբ քաղաքական ուժի վերաբերմունքով), փաստ է, որ պատերազմը բռնկվեց հիմա, կապիտուլյացիոն համաձայնագիրը ստորագրվեց հիմա, Հայաստանի սահմաններին թուրքերը մոտեցան հիմա:

Զվարճալին իշխանության աջակից հպարտ քաղաքացիների պահվածքն է: «Հանրահավաք անելու փոխարեն գնացե՛ք սահման» ասողներն իշխանությունների գործառույթը «պատվիրակում» են ընդդիմությանը, այսինքն՝ ակամայից ընդունում են, որ կառավարությունը չի կարող կամ չի ուզում կազմակերպել սահմանների պաշտպանությունը և այդ գործը պետք է անի ընդդիմությունը: Զարմանալի է, չէ՞: Չեն պահանջում, որ իշխանությունը կազմակերպի սահմանների պաշտպանությունը, չեն պահանջում, որ զորքը ետ չքաշվի, չեն պահանջում, որ զորահավաք կազմակերպվի ու բանակը համալրվի:

Պահանջում են, որ հանրահավաքների մասնակիցները գնան առաջնագիծ, կարծես թե առաջնագիծը քաղաքային բուլվար է, ուր ցանկացած մարդ կարող է գնալ, իր առջև դնել մարտական առաջադրանք ու լուծել այն: (Զենքի մասին էլ չեմ խոսում:) Հարգելի՛ հպարտ քաղաքացիներ, եթե ընդունում եք, որ սահմանները պետք է պաշտպանվեն (այլապես չէիք ասի. «Հանրահավաք անելու փոխարեն գնացե՛ք սահման»), ինչու՞ եք դա ընդդիմությունից պահանջում, այլ ոչ թե ձեր ժողովրդական վարչապետից: Դուք էլ չէք հավատում չէ՞, որ նա դա ունակ է կամ ցանկանում է անել ու ձեր միակ հույսն ընդդիմությունն է:

Իսկ ընդդիմությունն ապացուցել է, որ պատրաստ է գնալ առաջնագիծ: Դաշնակցական գումարտակի մասին շատերը գիտեն: Գիտեն, թե որտեղ է կռվել, գիտեն քանի զոհ է տվել: Հետաքրքիր է Քաղաքացիական Պայմանագիրն առաջնագծում եղե՞լ է: 2016-ի ապրիլին չեն եղել, խաբել են: Վկան` ՊՆ պարզաբանումն էր:

Արթուր Խաչատրյանի ֆեյսբուքյան էջից


 Պիտակներ
         Արթուր Խաչատրյան


 Նմանատիպ նյութեր

 Մեկնաբանություններ 0
Copyright © 2018 ScanNEWS. Design created by Fon uWeb