Իշխանությունն իր լեգիտիմության ճշգրտման անհրաժեշտության մասով առարկություն չունի. Մակունց
Այսօր մեկնարկած ԱԺ նիստին «Լուսավոր Հայաստան»-ի կողմից ներկայացված՝ «Հայաստանի Հանրապետությունում ստեղծված իրավիճակից դուրս գալու գործողությունների ծրագիր» սահմանելու մասին հայտարարության նախագիծը լիագումար նիստերի օրակարգ ընդգրկելու հարցը մերժվեց։
«Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը հայտարարեց, թե իշխանությունը առարկություն չի ներկայացրել ընդդիմության կողմից հնչեցվող այն թեզի վերաբերյալ, որ իշխանության լեգիտիմությունը ճշգրտման կարիք ունի:
«Ընդդիմության կողմից հնչեցվող այն թեզի հետ կապված, որ իշխանության լեգիտիմությունը ճշգրտման անհրաժեշտություն ունի, մենք որևէ առարկություն չենք ներկայացրել, և նշել ենք, որ պատրաստ ենք արտահերթ ընտրությունների հետ կապված քննարկումներ ունենալ, այդ առումով քայլերի հերթականություն մշակել»,-ասաց Մակունցը:
Ըստ նրա՝ «Լուսավոր Հայաստան»-ն առաջարկում է այդ ամենը դնել մի կողմ, քննարկել միայն իրենց կողմից ներկայացված նախագիծը՝ իրենց օրակարգով: «Այդպես չի լինում: Հետևաբար, ձեր առաջարկը, որքան էլ դուք պնդեք, որ խնդիրների լուծմանն է ուղղված և լարվածության թուլացմանը, իմ շարադրածով կարելի է եզրակացնել, որ ձեր գործողությունները ոչ թե միտված են խնդիրների լուծմանն ու լարվածության թուլացմանը, այլ հակառակը՝ լարվածության էսկալացմանը»,-ասաց Մակունցն ու հավելեց, որ «Իմ քայլը» դեմ է քվեարկելու նախագծին:
Հիշեցնենք՝ հայտարարության նախագիծը քվեարկությամբ ստացավ 37 կողմ, 76 դեմ, 1 ձեռնպահ ձայներ, և չընդգրկվեց նիստերի օրակարգ:
Նմանատիպ նյութեր