Իշխանությանը՝ «100 փաստերը» լրացնելու առաջարկ

Տեսանկյուն 26.11.2019   15:52   159
  • »»» Աջակցեք անկախ լրատվամիջոցների կայացմանը

    Աջակցեք մեզ՝ փոխանցում կատարելով հատևյալ հաշվեհամարներից Ձեզ համար տարբերակով.

    InecoBank 2050032180751001 ARMEN GEVORGYAN PE

    Mobi Dram  110190189022

    Idram  ID952381517 Web Money  R397182815590, Scrill  109516795

    Հետհեղափոխական Հայաստանում անկախ լրատվիմիջոցներ չլինելու պատճառը հովանավորներ չունենալն է։ Անկախ են այն լրատվամիջոցները, որոնք գործում են ինքնաֆինանսավորմամբ։ Միմիայն ընթերցողից կախում ունենալու և միմիայն հանուն ընթերցողի աշխատելու նպատակով առաջարկում ենք հանգանակությունների միջոցով աջակցել անկախ լրատվամիջոցների կայացմանը։

    Եթե իսկապես ցանկություն ունեցաք աջակցել կայքին, մի զսպեսք այդ ցանկությունը։

2018թ. մայիսից հետո ևս պետությունը շարունակում է քայլ առ քայլ հեռանալ Սահմանադրությամբ ամրագրված իր սոցիալական պարտավորություններից՝ «թոթափելով» իր սոցիալական բեռը:

Այս ընթացքում ձևավորված կառավարությունների երկու ծրագրերն էլ չունեն չափելի բավարար թիրախներ, որոնք թույլ կտան գնահատել դրանց ընթացքն ու վերջնարդյունքը: Իշխանությունների որդեգրած այս տրամաբանությամբ՝ իրենք չեն խանգարելու, եթե մարդիկ ինքնուրույնաբար փորձեն լուծել իրենց սոցիալական խնդիրները:

Այսպիսով, օբյեկտիվորեն ակնկալվում են հետևյալ հարցերի համակողմանի պատասխանները.

«Հայաստանը սոցիալակա՞ն պետություն է: Մեր երկրի տնտեսական կարգի հիմքում ընկած է՞ արդեն սոցիալական շուկայական տնտեսությունը: Տրված խոստումներին համաչափ՝ պետական քաղաքականությունն ուղղված է՞ ընդհանուր տնտեսական բարեկեցությանը և սոցիալական արդարությանը: Իշխող քաղաքական ուժն ի՞նչ չափով է հասցեատեր, թե՞ արդեն քաղաքացին է մեղավոր իր կյանքի դժվարին իրավիճակի ու սոցիալական չլուծվող խնդիրների համար:»:

Իշխանության հռչակած չափելի թիրախները վերաբերում են միայն 2050թ.-ին՝ «միջին աշխատավարձի 7-ապատկում, 2,5 միլիոն մարդ լինելու է զբաղված, ՀՆԱ-ի 15-ապատկում, այսինքն՝ տարեկան միջինը առնվազն 9,5 տոկոս աճ»:

Նախորդ տարվա համեմատ՝ 2019թ. պետական բյուջեում զբաղվածության ոլորտին հատկացվող միջոցները մնացել են նույնը: Հաշմանդամություն ունեցող անձանց զբաղվածության ծրագրերին ուղղվող ֆինանսական միջոցները կրճատվել են 2 անգամ, շահառուների թիվը՝ 4 անգամ: 2020թ. պետական բյուջեով զբաղվածության պետական ծրագրերին կուղղվի 1,825 միլիարդ դրամ, աճն ընդամենը 9 տոկոս: 2018թ. զբաղվածության պետական ծրագրերի կատարողականը կազմել է աննախադեպ ցածր՝ 25 տոկոս: Առկա սուղ հնարավորությունների պայմաններում 3000-4000 գործազուրկներ չեն ստացել հնարավոր պետական աջակցություն և չեն տեղավորվել աշխատանքի: 2019թ. հունվար-հոկտեմբերին այդ ծրագրերի կատարողականը մնում է խիստ ցածր՝ 45 տոկոս: Այս ժամանակահատվաոում զբաղվածության պետական ծառայությունը ամսական միջինը 140 աշխատանք փնտրողների է տեղավորվել աշխատանքի, որոնք ըդգրկված են եղել զբաղվածության պետական ծրագրերում:

Ծրագրերի ինքնանպատակ կատարումն ապահովելու համար էլ 2019թ. շուրջ կիսով չափ նվազեցվել են դրանց արդյունքային թիրախները՝ կայուն զբաղվածության ապահովման ցուցանիշները: Վերացվում են կոռուպցիոն ռիսկերի կանխարգելման և ծախսարդյունավետության բաղադրիչները: Զբաղվածության պետական ծրագրերի միջոցներն այս փոփոխություններով ստանում են անսահման և առանց որևէ պատասխանատվության ծախսելու հնարավորություն: Ի դեպ, մինչև 2014թ. համակարգային փոփոխությունները զբաղվածության ոլորտում կար նույն այսպիսի խնդրահարույց վիճակ:

Գործազրկության մակարդակը 2018թ. հունվար-դեկտեմբեր ամիսներին մնացել է ամփոփոխ՝ 20,6 տոկոս: 2019թ. առաջին եռամսյակին՝ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ գործազուրկների թիվն աճել է 16000-ով: 2019թ. առաջին եռամսյակի համեմատ՝ երկրորդ եռամսյակում շուրջ 60000-ով նվազել է աշխատուժից դուրս բնակչության թիվը: Այսինքն` աշխատանքային տարիքի աշխատունակ բնակչության այն հատվածը, որոնք աշատանք չեն փնտրում կամ պատրաստ չեն անցնել աշխատանքի կամ չեն ցանկանում աշխատել: Գրեթե նույն չափով (60000-ով) ավելացել է զբաղվածների թիվը: Այս փոփոխությունը հիմնականում բացատրվում է ստվերային զբաղվածության կրճատմամբ: Շուրջ 51500-ով նվազել են նաև աշխատանքային ռեսուրսները՝ աշխատուժից դուրս բնակչության, զբաղվածների և գործազուրկների թվերի հանրագումարը: Այսինքն՝ աշխատուժից դուրս բնակչության թվի նվազմանը համարժեք ավելացել է զբաղվածների թիվը: Հետևաբար՝ գործազուրկների թվի կրճատումն արձանագրվել է աշխատանքային ռեսուրսների նվազման հետևանքով: Այլ կերպ ասած՝ 2019թ. երկրորդ եռամսյակում գործազուրկների 18,3 տոկոսը կամ 46400 գործազուրկներ մեկնել են արտագնա աշխատանքի՝ հայրենիքում չգտնելով աշխատանք:

2018թ. հունվար-ապրիլին օրինական գրանցված աշխատողների թվի ամսական միջին աճը եղել է 7095, իսկ 2018թ. մայիսից մինչև 2019թ. սեպտեմբեր աճի այս ցուցանիշը նվազել է 43 տոկոսով և կազմել է 4062: Ընդ որում՝ ոչ ֆորմալ զբաղվածության կրճատումն ազդեցություն չի ունեցել իրական գործազրկության և միջին իրական աշխատավարձի ցուցանիշնների վրա:

Աշխատանքային օրենսդրությունան մեջ շարունակում են չլուծված մնալ բազում առարկայական խնդիրներ: Վերջին մեկ տարում կատարված օրենսդրական փոփոխություններով էլ այդ խնդիրներն ավելանում են:

2019թ. հունվար-հոկտեմբերին միջին աշխատավարձը նախորդ տարվա համեմատ աճել է ընդամենը 5,9 տոկոսով՝ առաջին անհրաժեշտության ապրանքների իրական գնաճից ավելի քիչ չափով: 2020թ. նախատեսված է նվազագույն ամսական աշխատավարձի չափի բարձրացում՝ 55000 դրամից 68000 դրամ: Սակայն 2020թ. կանխատեսվող միջին աշատավարձի աճը գրեթե հավասար է գնաճի ցուցանիշին: Պետական համակարգի վարձատրության չափերը որոշող ցուցանիշը (բազային աշխատավարձը) նորից մնալու է անփոփոխ՝ 66140 դրամ:

Նման իրավիճակում 2020թ. համահարթեցվում է եկամտային հարկի եռաստիճան պրոգրեսիվ սանդղակը և սահմանվում է միասնական մեկ դրույքաչափ: Մինչև 150000 դրամ ամսական աշխատավարձ ստացող՝ 370000 աշխատողների կամ վարձու աշխատողների 65 տոկոսի եկամտային հարկի բեռը մնալու է նույնը:

2018թ. հունվար-ապրիլին տնտեսական ակտիվության ցուցանիշը հասել էր 9,5 տոկոս, որը հետագայում չգերազանցվեց: 2018թ. հաջորդ ամիսներին նվազեց և տարին ամփոփվեց 5,6 տոկոսով: 2019թ. հունվար-սեպտեմբերին այս ցուցանիշը 7,1 տոկոս է, իսկ 2020թ. պետական բյուջեով նախատեսվում է 4,9 տոկոս:

Օտարերկրյա ուղղակի ներդրումների զուտ ներհոսքը (ներհոսքից հանած արտահոսք) 30 միլիարդ դրամով կրճատվել է՝ 2019թ. առաջին կիսամյակում այն եղել է 7,8 միլիարդ դրամ, իսկ 2018թ. առաջին կիսամյակում՝ 38,6 միլիարդ դրամ:

Ներդրումների ներգրավման ու տնտեսական ակտիվության խթանման առաջնային ազդեցություն ունեցող՝ պետական բյուջեի կապիտալ ծախսերի կատարողականը 2019թ. կազմել է աննախադեպ ցածր՝ 26 տոկոս:

Գործող կառավարությունը իր ծրագրով նախատեսել է՝ Հայաստանը ունենալու է արտահանմանը միտված տնտեսական զարգացման մոդել: Իսկ 2019թ. առաջին կիսամյակում արտահանումը նվազել էր 0,5 տոկոսով, հունվար-սեպտեմբերին աճել է ընդամենը 7,9 տոկոսով: Ընդ որում՝ 2018թ. հունվար-ապրիլին արձանագրվել էր 25,7 տոկոս արտահանման աճ:

Այսպիսով՝ առարկայական պատասխանի է սպասում նաև հետևյալ ընդհանրական հարցը.

«Սոցիալ-տնտեսական ոլորտում արձանագրվող իրավիճակային նման փոփոխությունների ու տեմպերի պարագայում իրատեսակա՞ն են դրված երկարաժամկետ նպատակադրումները, թե՞ …»:

«100 փաստեր» ձևաչափը լրացնելու նպատակով առաջիկայում կներկայացնենք այլ կետեր, որոնք ևս բխում են օբյեկտիվ իրականությունից:

Թադևոս Ավետիսյան

ՀՅԴ Բյուրոյի տնտեսական հետազոտությունների գրասենյակի ծրագրերի համակարգող, տնտեսագետ



 Պիտակներ
         բյուջե, առաջարկ


 Նմանատիպ նյութեր

 Մեկնաբանություններ 0
avatar
Copyright © 2018 ScanNEWS. Design created by Fon