Իռլանդիայի Գինես գարեջրի թանգարանը

Art News 16.05.2020   22:00   1472

Դուբլինում գտնվող Գինես գարեջրի թանգարանը տաս տարուց ավել է այս խմիչքի սիրահարների համար իսկական ուրախություն է դարձել։ Թանգարանը բացվել է 2006 թվականին։ Թանգարանի ցուցանմուշները տեղավորված են մեծ շինության երեք հարկերում։ Մի հարկը զբաղեցնում է գարեջրի հին շշերի ու տարաների, գովազդային ցուցապաստառների հավաքածուն։ Վերջինիս օգնությամբ բառիս բուն իմաստով կարելի է ծանոթանալ գարեջրի գործի ողջ պատմության հետ։

Երկրորդ հարկի լայնարձակ սրահներում տեղավորված են գարեջուր պատրաստելու համար նախատեսված հին սարքավորումները։ Այս սրահը դուր կգա այն այցելուներին, ովքեր սիրում են էքսկուրսիայի ընթացքում ցուցանմուշները մոտիկից դիտել ու նույնիսկ ձեռք տալ դրանք։ Այստեղ կարող եք հին ագրեգատների՝ ժամանակակից մարդու համար անհասկանալի կոճակները սեղմել ու պտտել շարժիչները։

Թանգարանի առաջին հարկում համտեսելու սրահն է, որտեղ կարելի է փորձել իռլանդական գարեջրի լավագույն տեսակները։ Այս հարկում նաև հուշանվերների խանութ կա, որտեղից կարելի է անսովոր ու հետաքրքիր գարեջրային հուշանվերներ գնել՝ բաժակներ, թեմատիկ շապիկներ ու նույնիսկ անսովոր գարեջրային միջուկով շոկոլադներ։

Շինության վերջին հարկում հանգստի զոնա է։ Այստեղ կարելի է առանց շտապելու համտեսել լեգենդար Գինես գարեջուրն ու հիանալ գարեջրի գործարան բացվող տեսարանով, ինչպես նաև պատմական շինություններով, որոնք գործարանի մեծության հետ համեմատած չափազանց փոքր կթվան։

Պատրաստեց Լուսինե Բրուտյանը



 Պիտակներ
         անսովոր թանգարաններ


 Նմանատիպ նյութեր

 Մեկնաբանություններ 0
Copyright © 2018 ScanNEWS. Design created by Fon