Իրավունք չունենք ապրել երևակայական աշխարհում․ Կապանի քաղաքապետ

Տեսանկյուն 28.01.2021   14:10   100

Կապան համայնքի ղեկավար Գևորգ Փարսյանի ուղերձը՝ Բանակի օրվա կապակցությամբ․

Սիրելի՛ համաքաղաքացիներ

Հայոց Բանակի սիրելի՛ հրամանատարներ, պարոնայք սպաներ և զինվորներ 

Բանակի օրվան նվիրված օրը մեր պետական տոնացույցում առանձնահատուկ տեղ է գրավում։ Այն բոլորիս համար կարևորագույն արժեքների՝ հայրենիքի, անկախության, անվտանգության ու խաղաղության վերաիմաստավորման օրն է, ինչի կապակցությամբ շնորհավորում եմ բոլորիս։

Ցավոք, այսօր ապրում ենք այնպիսի ժամանակներ, որ հայկական զինված ուժերը պարտադրված են լինում իրենց մարտական բարձր պատրաստականությունը, զինտեխնիկային տիրապետելու բացառիկ հմտությունները ապացուցել ոչ միայն զորավարժությունների, այլև մարտական ռեալ գործողությունների ժամանակ, որոնց արդյունքը միշտ չէ որ գոհացուցիչ է լինում։ Եվ այսօր առիթից օգտվելով, մենք մեր երախտիքն ենք հայտնում բոլոր այն նվիրյալ տղաներին, ովքեր անգամ նման իրավիճակներում կարողանում են արագ արձագանքել և պատվով կատարել իրենց առջև դրված խնդիրները՝ պաշտպանելով հայրենիքի և ժողովրդի անվտանգությունը։

Այսուհետ մենք պետք է սովորենք գնահատել և հարգել զինվորական համազգեստ կրող յուրաքանչյուր անձի, քանի որ նման ծանր իրավիճակում, ինչպիսին 2020 թվականի սեպտեմբերի 27–ի պատերազմն էր, մենք առավել պատկերավոր տեսանք, որ հենց այդ նույն համազգեստ կրողն է գիտակցաբար կանգնում մեր և մեր կյանքը խլել ցանկացող թշնամու միջև և զոհաբերում ամենաթանկը՝ կյանքը, հանուն մեզ, հանուն թիկունքում գտնվող ծնողների և հարազատների անվտանգության։ Կարծում եմ, դա ամենավեհ արարքն է՝ ուրիշին քո անձից առաջ դասելը, որն արժանի է հասարակության ամենաբարձր գնահատանքին ու մեծ հարգանքին։ 

Սիրելի՛ համաքաղաքացիներ, եկել է այն պահը, որ մենք պարզապես իրավունք չունենք ապրել երևակայական աշխարհում, պետք է իրականությանը նայենք բաց աչքերով, համախմբենք մեր ուժերը, բազմապատկենք ջանքերը, փոխենք կարծրացած մտածելակերպը, վերարժևորենք մեր ունեցածը, որպեսզի գալիք տարի կարողանանք արժանապատվորեն նշել Հայոց Բանակի կազմավորման 30-ամյակը։


 Պիտակներ
         Կապանի քաղաքապետ


 Նմանատիպ նյութեր

 Մեկնաբանություններ 0
Copyright © 2018 ScanNEWS. Design created by Fon uWeb