Իրանը խոստանում է դաժանորեն վրեժ լուծել միջուկագետ-ֆիզիկոսի սպանության համար

Աշխարհ 28.11.2020   17:00   63

Իրանի ԶՈՒ Գլխավոր շտաբի ղեկավար, գեներալ-մայոր Մոհամմադ Հոսեյն Բաքերին հայտարարել է, որ երկիրը դաժան պատասխան կտա իրանցի հայտնի ֆիզիկոս-միջուկագետ Մոհսեն Ֆահրիզադեի սպանության պատասխանատուներին, հայտնում է Tasnim-ը։ 

Նա գիտնականի վրա հարձակման մեջ մեղադրել է «ահաբեկիչներին, որոնք կապված են գլոբալ ամբարտավանության եւ չար սիոնիստական ռեժիմի հետ»։

Իրանի ԶՈՒ Գլխավոր շտաբի ղեկավարի խոսքով՝ դաժան վրեժխնդրություն է սպասում ահաբեկչական խմբավորումներին եւ նրանց, ում ձեռքերը թաթախված են Ֆահրիզադեի սպանության մեջ։

Նա միաժամանակ շեշտել է, որ այնպիսի անձանց բացած ճանապարհը, ինչպիսին Մոհսեն Ֆահրիզադեն էր, երբեք չի փակվի։

Բաքերին հավաստիացրել է, որ հարձակման մեջ բոլոր մեղավորները պատասխանատվության են ենթարկվելու։

Նույն կերպ է արձագանքել նաեւ այաթոլլահ Խոմեյնիի ռազմական խորհրդատու, բրիգադային գեներալ Հոսեյն Դեհքանը, որը հանցագործներին խոստացել է ջախջապիչ պատասխան։

Fars գործակալությունն ավելի վաղ հայտնել էր, որ նա դարձել է բազմակողմանի հարձակման զոհ, որի ժամանակ Աբսարդ քաղաքում մի քանի հարձակվողներ պայթյուն եւ ոչ մեծ հրդեհ են կազմակերպել։

Տեղեկությունների համաձայն՝ մարդասպանները պայթեցրել են մեկ ուրիշ ավտոմեքենա նախքան կրակելը այն ավտոմեքենայի վրա, որում եղել է Ֆահրիզադեն։ Միջադեպի հետեւանքով զոհվել են մի քանի մարդիկ, որոնց ինքնությունը մինչեւ հիմա հայտնի չէ։ Ըստ տեղեկությունների՝ հարձակման ժամանակ գիտնականի հետ են եղել նրա մի քանի ազգականներ։


 Պիտակներ
         միջուկագետ-ֆիզիկոս


 Նմանատիպ նյութեր

 Մեկնաբանություններ 0
Copyright © 2018 ScanNEWS. Design created by Fon uWeb