Ինչպե՞ս ճիշտ ընդունել հակաբիոտիկները

Իրազեկիչ 01.09.2020   21:30   3753

Ըստ բժիշկների՝ հակաբիոտիկները բուժում են բակտերիալ վարակները: Սակայն միաժամանակ կարող են ունենալ կողմնակի ազդեցություն, որը դառնում է առողջության համար սպառնալիք: Հակաբիոտիկներ օգտագործելիս անհրաժեշտ է պարբերաբար խորհրդակցել բժիշկների հետ, հատկապես այն դեպքում, երբ առկա են անհանգստացնող ախտանշաններ:
Կողմնակի ազդեցություններից ամենատարածվածը մարսողության հետ կապված խնդիրներն են (ստամոքսի խանգարում, փսխում, սրտխառնոց, փքվածություն, փորլուծություն, ցավ ստամոքսի շրջանում, ախորժակի կորուստ):

Սովորաբար դրանք անհետանում են, երբ մարդ դադարում է հակաբիոտիկներ օգտագործել:  

Մարսողության խնդիրները նվազեցնելու համար հարկավոր է անպայման կարդալ հրահանգները, որոնք նշված են դեղորայքն օգտագործելու ուղեցույցում:

Քանի որ հակաբիոտիկները նախատեսված են վնասակար բակտերիաներից ազատվելու համար, դրանք երբեմն էլ սպանում են «լավ» բակտերիաներին, որոնք պաշտպանում են մարդուն սնկային վարակներից: Սրա հետևանքով՝ հակաբիոտիկներ օգտագործելուց շատերի մոտ զարգանում են սնկային հիվանդություններ (սեռական օրգաններում, բերանում, կոկորդում):
Հակաբիոտիկների շատ տեսակներ մարդկանց մոտ  մաշկային խնդիրներ ու ալերգիաներ են առաջացնում ու մաշկը  դարձնում ավելի զգայուն (հատկապես արևի ճառագայթներից):
 
Ինչպե՞ս ընդունել հակաբիոտիկները

  1. Անհրաժեշտ է իրականացնել արյան, մեզի, խորխի մանրէաբանական հետազոտություն՝ հակաբիոտիկների հանդեպ զգայնությությունը պարզելու համար: Քանի որ այսպիսի հետազոտությունները սովորաբար տևում են 3-ից 7 օր, այդ պատճառով էլ հակաբիոտիկները հիմնականում նշանակվում են էմպիրիկ ձևով, այսինքն՝ հաշվի առնելով կլինիկական փորձը:
  2. Բուժումը արդյունավետ է, թե ոչ պարզ է դառնում առաջին 48-ից 72 ժամում: Այս ժամանակահատվածում պետք է վիճակը զգալիորեն լավանա. հիվանդի ջերմաստիճանն իջնի և լաբորատոր հետազոտության արդյունքներն էլ դրական լինեն: Իսկ եթե վիճակը չի փոխվում, ապա անհրաժեշտ է փոփոխել դեղամիջոցները:
  3. Եթե նկատում եք վիճակի բարելավում՝ չի կարելի ընդհատել բուժումը: Հենց սա է վարակը դարձնում քրոնիկ:
  4. Երբեք մի՛ ավելացրեք նշանակված չափաբաժինը, դա կարող է հանգեցնել կողմնակի ազդեցությունների: Նաև պետք չէ չափաբաժինն ինքնուրույն նվազեցնել: Այդ դեպքում բուժումը կարող է արդյունավետ չլինել:
  5. Բաց մի՛ թողեք հակաբիոտիկների ընդունման ժամերը, իսկ եթե բաց եք թողել, ապա ընդունելիս կրկնակի չափաբաժին մի վերցրեք:
  6. Եթե պարբերաբար ընդունում եք նաև այլ դեղամիջոցներ, ապա այդ մասին անպայման զգուշացրեք բժշկին՝ հակաբիոտիկների հետ հնարավոր վատ փոխազդեցություններից  խուսափելու համար:
  7. Հաճախ ծնողներն ինքնուրույն որոշում են կայացնում. թե ինչ հակաբիոտիկ տան երեխային և ինչ չափաբաժնով: Շատ հաճախ երեխային տալիս են մեծահասակների համար նախատեսված չափաբաժին, ինչը կարող է վատ հետևանքների հանգեցնել:
  8. Եթե ձեզ մոտ նկատվում է հակաբիոտիկից ալերգիկ ռեակցիա, ապա անհապաղ դիմեք բժշկի:

Թարգմանված նյութի սկզբնաղբյուրը՝ medical news today

Աղբյուրը՝ Doctors.am



 Պիտակներ
         հակաբիոտիկներ


 Նմանատիպ նյութեր

 Մեկնաբանություններ 0
Copyright © 2018 ScanNEWS. Design created by Fon uWeb