Ինչո՞ւ է քաղցի պատճառով գլխացավ առաջանում

Առողջական 02.06.2021   20:30   206

Քաղցած գլխացավեր. նախանշան, որ ուղեղի նորմալ աշխատանքի համար չկա գլյուկոզայի և այլ սննդարար նյութերի անհրաժեշտ քանակ:

Բժշկությանը հայտնի են գլխացավի բազմաթիվ պատճառներ: Այն կարող է լինել միգրենի նշան, առաջանալ հարբուխի, զարկերակային հիպերտոնիայի, գլխի վնասվածքների, զգացմունքային գերլարվածության և այլ պատճառներով: Սովորաբար, մարդը տեղյակ է լինում կամ գլխի է ընկնում, թե ինչ պատճառով է իր մոտ գլխացավ առաջանում, սակայն կա գլխացավի առաջացման ևս մեկ, մեծ տարածում ունեցող պատճառ, որն այնքան էլ ակնհայտ կարող է չլինել՝ քաղցը: Այն մարդիկ, ովքեր հետևում են դիետայի կամ ինչ-ինչ պատճառներով չեն կարող ժամանակին սնվել, հաճախ են գանգատվում գլխացավի խնդրից:

Ինչպե՞ս ախտորոշել «քաղցած» գլխացավը

Ցավի այս տեսակն ունի հետևյալ առանձնահատկությունները՝

  • Ցավն ունի ցածր կամ միջին հաճախականություն,
  • Ցավի կենտրոնը գտնվում է ճակատի շրջանում, այնուհետև տարածվում է գլխի ամբողջ վերևի հատվածում,
  • Ցավը համաչափ է, անընդհատ՝ առանց պուլսացիայի:

Եթե գլուխը սկսում է ցավել քաղցած ժամանակ և սննդակարգի կարգավորումից հետո՝ 3 օրվա ընթացքում դադարում է, ապա սա «քաղցած» գլխացավի ակնհայտ ախտանիշ է: Ոմանց մոտ գլխացավ է սկսվում, եթե չեն սնվել 16 ժամ և ավելի, ոմանց դեպքում՝ 5-6 ժամ առանց սննդի անցկացնելը կարող է տհաճ զգացողությունների պատճառ դառնալ: Գլխացավը հաճախ ուղեկցվում է թուլության զգացողությամբ:


Ինչու՞ է քաղցի պատճառով գլխացավ առաջանում

Գլխուղեղին՝ աշխատանքի համար գլյուկոզա է անհրաժեշտ: Եթե օրգանիզմում առկա է սննդի պակաս՝ արյան մեջ գլյուկոզայի մակարդակն ընկնում է: Ի տարբերություն մարդու օրգանիզմի այլ բջիջների, ուղեղը չի կարողանում օգտագործել ածխաջրային պաշարները և մշտապես կարիք ունի այդ նյութերով սնուցման: Հակառակ դեպքում գլխուղեղը քաղցին արձագանքում է ուշադրության անկմամբ, նյարդայինությամբ, հոգնածությամբ և գլխացավով: «Քաղցած» գլխացավերի առաջացման այլ գործոն է մագնիումի դեֆիցիտը և սննդակարգում ածխաջրերի օգտագործման բացառումը: Սերոտոնինի պակասը ևս կարող է դառնալ գլխացավի պատճառ:

Ինչպե՞ս ազատվել ցավից

Թվում է, թե պատասխանն ակնհայտ է. «Քաղցած» գլխացավը պետք է բուժել սնունդ ընդունելով: Սակայն ոչ բոլոր մթերքները կարող են ապահովել ցանկալի արդյունք:
Խորհուրդ չի տրվում հագեցնել քաղցը շոկոլադի, պինդ պանրի, մսային կիսաֆաբրիկատնրի  միջոցով: Այս դեպքում Ձեզ արդյունավետ կերպով կօգնի սպիտակուցային, ավելի հստակ՝ մսային կերակուրները: Դրանք երկար ժամանակով կհագեցնեն քաղցը: Ավելի նպատակահարմար է միսը համադրել բանջարեղենային խավարտի հետ: Ինչպես նաև կարելի է ուտել ձկնամթերք, հացահատիկային շիլաներ, ամբողջական ցորենից պատրաստված հաց, կաթնային և կաթնաթթվային մթերթներ:

Դրական արդյունքը կամրապնդեն մագնիումով հարուստ մթերքները՝ լոբազգիներ, ընկուզեղեն, կանաչ բանջարեղեն: Եթե Դուք հետևում եք դիետայի և այդ ընթացքում ունենում եք «քաղցած» գլխացավեր՝ պարզ է, որ տվյալ սննդակարգը համապատասխան չէ Ձեր օրգանիզմին: Քաղցած չլինելու և նմանատիպ գլխացավերը կանխարգելելու համար օրվա ընթացքում պետք է սնվել 4-5 անգամ՝ փոքր չափաբաժիններով

Պե՞տք է արդյոք դեղորայք ընդունել

Եթե արդեն քաղցած չեք, սակայն գլուխը շարունակում է ցավել՝ կարելի է ընդունել ցավազրկող հաբեր՝ պարացետամոլի կամ մետամիզոլի հիմքով: Իսկ ահա սպազմոլիտիկ դեղորայքը չի օգնի: Դրանց գործառույթն է լայնացնել ուղեղի անոթները սպազմի ժամանակ, սակայն դա որևէ առնչություն չունի քաղցի զգացողության հետ:  Չի կարելի կիրառել նաև ոչ ստերոիդային հակաբորբոքային միջոցներ: Դատարկ ստամոքսի դեպքում, դրանք կարող են առաջացնել ընդհուպ ստամոքսի և 12-մատնյա աղիքի խոց: Եթե ախտանիշները կրկնվում են և Ձեզ լուրջ անհանգստություն են պատճառում՝ այցը բժշկին լավագույն տարբերակն է:

Աղբյուրը՝ Doctors.am


 Պիտակներ
         գլխացավ


 Նմանատիպ նյութեր

 Մեկնաբանություններ 0
Copyright © 2018 ScanNEWS. Design created by Fon uWeb