Ինչո՞ւ է մեջքի վրա քնելն ավելի առողջարար

Առողջական 09.04.2021   12:00   55

Քունը մարդու կյանքի կարեւորագույն մասն է կազմում: Քնի ժամանակ թուլանում են մկանները, օրգաններն աշխատում են հանգիստ ռեժիմում, օրգանիզմը լցվում է էներգիայով՝ նոր օրվա համար:

Հայտնի է, որ մարդը չպետք է 8 ժամից պակաս քնի: Այդ ժամանակահատվածում օրգանիզմում տեղի են ունենում կարեւոր գործընթացներ, որոնք ուղղված են առողջության պահպանմանն ու էներգիայի կուտակմանը:

Քնելու դիրքից է կախված, թե ինչպես կգործի մարսողական համակարգը, ինչպես կկատարվի արյան շրջանառությունը, շնչառությունը եւ նյութափոխանակությունը: 

Ո՞ր դիրքով է ճիշտ քնել՝ լավագույնս հանգստանալու եւ առողջ քնելու համար: Այս հարցը շատերին է մտահոգում: Պատասխանը՝ մեջքի վրա: Ինչո՞ւ. որովհետեւ մեջքի վրա քնելիս օրգանիզմը լավագույնս հանգստանում է: 

Եկեք համեմատենք:

  • Կողքի վրա ութ ժամ քնելու արդյունքում միկրոկնճիռներ են հայտնվում պարանոցի եւ կզակի վրա: Իհարկե, արթնանալուց հետո դրանք անհետանում են, սակայն տարիքի հետ մաշկում էլաստինի քանակը պակասում է, եւ սկսված պրոցեսն այլեւս հնարավոր չէ կանգնեցնել:
  • Կողքի վրա քնելու արդյունքում կնոջ կուրծքը կորցնում է իր առաձգականությունը, իսկ ողնաշարը նման դիրքով երկար քնելու հետեւանքով կարող է կորանալ:
  • Որովայնի վրա քնելն ավելի վնասակար է, քանի որ դեմքի վրա կարող են ավելի շատ կնճիռներ առաջանալ, իսկ մարմինը ոչ թե հանգստացած, այլ ճմրթված տեսք կունենա: Որովայնի վրա քնելու ընթացքում ողնաշարը լարված վիճակում է, ինչի հետեւանքով ցավեր են առաջանում ինչպես մեջքի, այնպես էլ պարանոցի հատվածում:
  • Այսպես ասած, էմբրիոնի դիրքում քնելը նույնպես լավ միտք չէ, հատկապես՝ կանանց համար, քանի որ այդ դիրքով սեղմվում են բոլոր ներքին օրգանները:
  • Մեջքի վրա քնելն այդքան էլ հարմար եւ պոպուլյար չէ, սակայն հենց այս դիրքով քնելու արդյունքում է, որ օրգանիզմը թուլանում է, կրծքի, դեմքի մկանները չեն լարվում, ողնաշարն ամբողջությամբ հանգստացած վիճակում է:

Ինչպես սովորել քնել մեջքի վրա 

Առաջին հերթին, ուշադրություն դարձրեք ներքնակին. եթե այն անհարթ է, ապա դժվար թե մեջքի վրա հեշտությամբ քնել ստացվի: 

Պակաս կարևոր չէ բարձի ընտրությունը: Այն չպետք է շատ բարձրացնի գլուխը: Եթե բարձը շատ բարձր եւ փափուկ, կամ ցածր եւ կոշտ, ապա դեն նետեք այն: Ամենալավ տարբերակը՝ գնել ժամանակակից օրթոպեդիկ բարձ:

Կարող եք բարձ օգտագործել նաեւ՝ դնելով այն թեւի տակ, եւ մարմնի համար ստեղծել առավելագույն կոմֆորտ՝ նպաստելով մեջքի վրա քնելու սովորությանը: Հիշեք, որ միանգամից մեջքի վրա քնել չի ստացվի, սակայն եթե մի փոքր ջանք գործադրեք, ապա մի օր անպայման կստացվի:

Աղբյուրը՝ Doctors.am


 Պիտակներ



 Նմանատիպ նյութեր

 Մեկնաբանություններ 0
Copyright © 2018 ScanNEWS. Design created by Fon uWeb