«Ինչ որ Մեկը. առաջին մեկնությունը»․ Գար Սու Գագիկի Հովհաննիսյան

Մտորման համար 13.01.2021   20:45   70

Հիասթափված Մեկը
01.12.2018 Երևան

Հիասթափությունը բյուրեղանում ու սողում է թոքերի մեջ: Հարականջային թքագեղձերի աճող թթվայնությունը վերածվում է արհամարհանքի, խղճահարության, ու մահը հաստատում, որպես սովորություն: Լինում են դեպքեր, երբ դու սկսում ես պատմությունդ, բայց պարզվում է, որ հիշողությանդ սկիզբն իրականում պատումիդ ավարտն է. սա էլ այդպես կլինի, այ, կտեսնես (կլսես, կհիշես և այլն):
Մեկ Զրոյի Միքանիսյան. սա դու ես:

Մեկ զրոյի Միքանիսյան. սա ես եմ: Դու, այսինքն՝ ես, քայլել ես փողոցով, վարընթաց փողոցով, դեպի ավելի վարընթաց մի փողոց, որտեղով կարող ես հասնել քաղաքի կենտրոնն ուր ոչ ոք չունես, ոչինչ չունես, բացի բազմամյա տրտմությունից, որն արտահայտվել է տարբեր ժամանակներում տարբեր ձևակերպումներով: Իմ, այսինքն քո, գրպանում քիչ առաջ գնած մի տուփ լուցկի է՝ ներքնահարկի հին պահարանի տակից գտած, ճմրթված փաթեթով պահպանակ ու հին հեռախոս, որով հնարավոր չէ միանալ համացանցին. այն խելացի հեռախոս չէ, քանի որ կատարում է միայն իր՝ հեռախոսային գործը, միայն ու վերջ: Հիմա ինչ, նա հիմար հեռախոս է՞…

Կարծում եմ՝ ոչ: Դու մի քանի քայլ ես անում, կանգնում, պտտվում, մի քայլ անում, էլի կանգնում, մտածում, թե ինչու չես կարողանում քայլել մինչև վերջ, թեկուզ դեպի դատարկություն, թեկուզ այնտեղ, ուր ոչ ոք չկա քեզական: Ի դեպ, դու դեռ չես հոգնել մաքուր լեզվով մտածելուց. հոգնել եմ, դեռ չես հոգնել խոսելուց այն լեզվով, որով մտաածում ես, հոգնել եմ, չես հոգնել լռել այն լեզվով, որով խոսում ես, ոչ, չեմ հոգնել, լավ, դե նորից պտտվիր ու շարունակիր վարընթաց փողոցով քայլել, հասնել հաջորդ վարընթաց փողոցին, որը մի քիչ նեղ է, բայց ոտատեղ ունի: Դու, այսինքն ես, ունե՞մ այնպիսի մեկն այս կյանքում, որին կարող եմ զանգել իմ պես՝ նախնական, իրական նշանակությանը ծառայող հեռախոսով ու հարցնել՝ խնդրում եմ, ասա, ինչ անեմ, ես Մեկն եմ այս իրականության մեջ, որը չգիտի ինչ աանել հիմա, որը չի հասկանում՝ ինչ են անում, երբ անելիքը չգիտեն:

Ունե՞ս, հա, ունես, բայց ի հիասթափություն քեզ ու ի անհարմարավետության նրա՝ նա էլ չգիտի ինչ անես դու, երբ ինքդ չգիտես ինչ անել: Ուրեմն, իզո՞ւր զանգեցի: Արդեն զանգե՞լ ես: Հա: Ուրեմն իզուր չի, շարունակիր վարընթացը. փողոցի սկիզբն ու քեզ հեռվացրու իրարից: Մոռացար շարունակությունը: Չէ: ԲԱ ինչի ես դադարել: Ժպտում էի: Ուզում ես՝ ծխի մի հատ: Ուզում եմ, բայց թողել եմ ծխելը: Ոչինչ, մեկ չի՞: Մեկ է: Դե վառի: ՎԱռեցի: Ներշնչ թույնը: Հը՜… Կուզեի՞ր, Մեկը լիներ հիմա, շշով սառը ջուր բերեր, դներ կողքիդ, որ չշեղվեիր բյուրեղանալուց, խմեիր ջուրը մի պահ դառնայիր մի քիչ ուրիշ ու վերջապես, կյանքումդ առաջին անգամ պահպանակ օգտագործեիր: Կուզեի, բայց ոչ թե լիներ մեկը, այլ
Երկո՞ւ
Չէ
Երե՞ք
Չէ
Չո՞րս
Չէ
Հի՞նգ
Չէ
Վե՞ց
Չէ
Յո՞թ
Չէ
Ո՞ւթ
Չէ
Ի՞նը
Չէ: Զրո:

Դու զրոյապատկան Մեկն ե՞ս: Ես զրոյապատկան մեկն եմ, ու դա ամենասկզբում արդեն փաստագրված էր: Լավ: Ջուրը խմեցիր: Ջուրը խմեցի: Մի քիչ ուրիշ ես հիմա: Հիմա էլ եմ մի քիչ ուրիշ: Պահպանակն օգտագործիր, ժամանակն է: Ինչի՞ց հասկացա որ ժամանակն է: Որովհետև, անսպասելի կլինի:

Ոչ: ԻՆչու: Որովհետև, չգիտեմ ինչու է էս պահպանակը հայտնվել ներքնահարկի հին գրապահարանի ոտի տակ, թեկուզ դա էական չէ, երկրորդը՝ սա վստահ եմ ավելի հին է, քան Թութանհամոն փարավոնի դամբարանում հայտնաբերվածը՝ մետաքսեն, չնայած, սա էլ էդքան կարևոր չէ, երրորդ՝ սա առաջին անգամը չի լինի, եթե լինի, որ դու, այսինքն՝ ես, պահպանակ եմ օգտագործելու ու չորրորդ՝ այս պատմությունը անցանկալի հղիության կամ սեռավարակի մտահոգությամբ չի ծնվում: Ա՞յլ… Այս պատմությունն աշնան վերջին օրվա մասին է: Ի՜նչ հուզիչ էր Մեկ: Դե սիկտիր: Լավ:

– Բարև ձեզ:
– Բարև,- օձիքի մեջ դեմքը ձախ թեքելով՝ հազաց տաքսու ծեր, նիհար, հիվանդոտ վարորդը՝ ծխախոտն ամուր սեղմած մատներով:
– Սա ձե՞ր մեքենան է:
– Հա:
– Կարող ենք գնա՞լ:
– Ո՞ւր:
– Դեռ չգիտեմ, ընթացքում կասեմ:
– Հա, խի՞ չէ:

Մեկը նայեց նրա մատներին, որոնք սեղմել էին կարմիր ավարտումով վառվող ծխախոտի ֆիլտրը ու հիշեց, թե ինչպես էր բերանը դնելուց առաջ մայրն իր պտուկը սեղմում նույն երկու ցուցա և միջնամատերով: Նստեց մեքենան:

Դիմապակու տակ՝ պարաֆինե վահանակին, որի մեջ մեքենայի արագության և այլ գործողությունների ցուցասանդղակներն են, դրված էր «Իմ քայլը» դաշինքի նախընտրական քարոզարշավի թռուցիկը. բաց ափերը վեր պարզած առաջնորդը ժպտում էր իրեն հավատացող հանրույթին, չնայած, հանրույթը չէր երևում տպագիր թռուցիկին: Ճիշտն ասած՝ հանրույթը ոչ մի թռուցիկի վրա էլ չի սիրում երևալ, այն մի տեսակ մնայուն բան է, այսպես ասած՝ անթիռ: Մի սկսի էլի ախմախ-ախմախ դուրս տալ: Լավ, չեմ սկսի, թող վարորդը ասի.

– Մեկը նստավ, ասեց կտանես կենտրոն, ասի՝ հա, մոռացավ ավտոյի մեջ:
– Բա ի՞նչ եք անելու:
– Մեկին կտամ էլի:
– Իսկ կարդացե՞լ եք՝ ինչ է գրված:
– Ա՜յ ախպե՜ր,- ըհը, ըհը, ըհը:
– Շատ եք ծխում ոնց որ:
– Բա ի՞նչ անեմ:
Իրոք, ինչ անի մարդը, եթե չգիտի ինչ անել. ստիպված պիտի շատ ծխի: Մի րոպե, Մեկ, գուցե դու էլ սկսես շատ ծխել, եթե չգիտես ինչ անել: Ձենդ: Ձենս:
– Որոշեցիր ո՞ւր ենք գնում:
– Դե սկզբի համար գնանք էն փողոցներով, որտեղ խցանում չկա:
Մենք արդեն անցել ենք Հանրապետության փողոցով, Հանրապետության հրապարակով. Պատմության ավարտին, դուք կվերադառնաք Ազատության պողոտայով ու կանցնեք հաղթանակի զբոսայգու մոտով: Ու ի՞նչ: Ոչինչ:
– Սաղ քաղաքն ա էս վիճակում ապերս,- ծխախոտը վառեց հորս թայ մարդը:

Մեր ընթացքին հետևեցին Լուսավորները, Բարգավաճները, Քաղաքացու Որոշումները, Դաշնակները, Օրինացները, Հանրապետականները, Սասնա ծռերը, Սոցիալ դեմոկրատ քրիստոնյաները, մի խոսքով, Առաջադրված է տասնմեկ քաղաքական ուժ՝ «Իմ քայլը» և «Մենք» դաշինքները, «Ազգային առաջընթաց», «Բարգավաճ Հայաստան», «Լուսավոր Հայաստան», «Հայ հեղափոխական դաշնակցություն», «Հայաստանի Հանրապետական», «Օրինաց երկիր», «Սասնա ծռեր» համահայկական, «Քաղաքացու որոշում» սոցիալ-դեմոկրատական, Քրիստոնեա-ժողովրդական վերածնունդ, կուսակցությունները: Հասանք: Էստեղ սպասեք, գումարը բերեմ:

Հորս թայ մարդը սպասեց՝ «սաղ քաղաքը էս վիճակումից» հետո երրորդ գլանակը վառելով ու հավատալով, որ այս մեկն էլ չի խաբի, չի փախնի ու կվճարի իր վաստակած հազարերկուհայրուր դրամը: Նրան, ում զանգել էիր, նա ով ինքն էլ չգիտի ինչ անես, երբ ինքդ չգիտես ինչ անես, պատշգամբից երկու հատ հազարանոց ցած գցեց.

– Երկու հատ փոքր մատնաքաշ հետդ հանի վերև:
Մեկը խանութ մտավ՝ սպասող վարորդի հայացքի զգալով ձախ ուսի և աջ բռում սեղմած հազարանոցներին:
– Երկու հատ փոքր մատնաքաշ կտա՞ք:
– Խնդրեմ:
– Ստացեք:

Ստացողը ոչ մտահոգ էր, ոչ էլ հակառակը: Ստացողը երիտասարդ կին էր. դատելով նայելու ձևից, ինչպես կնայեր երիտասարդ կինը անելիքը չիմացող տղամարդուն, որը նույնպես երիտասրադ Մեկն էր՝ մարզված կրծքավանդակով, որովայնով, ուսերով, բազուկներով և այլն, նա կուզեր մերձ, քիպ, մոտ, խորամխվող հարաբերություն ունենալ, թեկուզ մի անգամ, բայց անպայման ապահաովագրված լինելով սեռավարակներից և անցանկալի հղիությունից:

Ստանալը, որ ոչ այլ ինչ էր, քան արագ վերցնել սեղանին դրված հազարանոցն ու վերադարձնել ութ հարյուր քսան դրամը, աստիճանաբար նմանվում էր քվեաթերթիկին համապատասխան վանդակում նշում անելուն, որից առաջ երկար մտածում է նա, ով չգիտի ինչ անել:

– Կներեք, կարո՞ղ եք երկու հարյուր դրամը հիմա տալ՝ տաքսուն ճանապարհեմ:
– Հա, իհարկե:
Երկուհարյուր դրամանոց դեղին, տաք մետաղադրամը դրեց Մեկի մեկնված ափի մեջ. Մատները հեռացնելուց առաջ ճառագայթաձև պարզեց՝ Մեկի կյանքի ու բախտի գծերին մեղմ գրգիռ ու խուտուտ տալով:

Մեկը ճանապարհեց տաքսուն: Վերադրաձավ երկու փոքր մատնաքաշի ու վեց հարյուր քսան դրամի ետևից: Ստացողը նայեց նրան՝ ցածր շրթի ձախ անկյունը թեթև կծելով ու անտեսանելի հոգոցով: Էսօր էլ տուն կգնա, կփոխի հագուստը, հաց կուտի, կցայվի, խելացի հեռախոսը կվերցնի, բարակ, շոյելի սրունքները կծալի թարմ, տրորելի ազդրերի տակ, կմերձենա բազմոցին ու կխրվի ամենաապահով՝ վիրտուալ իրականության մեջ, ուր վաղուց բոլորը բոլորին գիտեն, ուր վաղուց բոլոր հեղափոխություններն ու հակահեղափոխության ձգտումներն են պատերին փակցված, քարոզարշավներն ու հմայիլները, բարի գործերն ու զրպարտանքները, ուր բոլորը գիտեն ինչ անել, ուր ոչ ոք կարիքը չունի զանգել գոնե այն միակ-Մեկին, ով կարող է ասել՝ ինչ անել, երբ ինքդ չգիտես անելիքդ:

Միակ Մեկի բնակարանը վերջին հարկում է: Դու միշտ շփոթում ես շենքի տեղը, բայց հարկը չես մոռանում, քանի որ վերջինն է, էլ տեղ չկա բարձրանալու: Այսինքն, կա, բայց դու չես կարող, քանի որ… Ես մենակ եմ մտնելու, քիթդ չխոթես: ԼԱվ:

Վերջին հարկի բնակիչը բացեց տուկ-տուկ եղած դուռը: Մեկը ներսվեց՝ հուսահատությունը թիկունքին, հոնքերին, բբերի մեջ, բարևելու խորքում: Վեց հարյու րքսանը դրեց միջանցքի հայելու դիմաց՝ կոշիկների դարակին: Հանեց կոշիկները՝ վարընթաց ճամփի թացը ներբաններին ու ճզմված կրունկների դրսային եզրերին:

– Մի հանի, արի առաջ:
– Ցեխոտ են:
– Դե ցեխ ա էլի, կմաքրվի:
Ճիշտ է ասում. ցեխը հնարավոր է մաքրել, մանավանդ, եթե խոհանոցի հատակը փայլուն է:
– Ձվածե՞ղ կուտես:
– Չէ, ախորժակ չունեմ. սառը ջուր եմ ուզում:

Մի քանի տուփ սիգարետից ընտրեց կիսադատարկն ու հանեց գլանակը, վառեց, սկսեց ծխել: Մեկն իր ծխելու վաղուց խեղդած սովորության զսպանակվող վերածնունդը սեղմեց՝ գրպանի լուցկու տուփը բռունցքի մեջ: Ջուրը խմելիս, երբ դառնում էր մի քիչ ուրիշ, հիշեց զրոյակերպ խաշած ձուն, որը փշրվեց կրծքին անհիշելի ժամանակ առաջ, հայրենիքից հեռանալիս, երբ իրեն ասվեցին բոլոր խոսքերը, որոնք խեղդվել էին քո հոգու խորքում, սիրելիս, երբ ինձ, այսինքն՝ Մեկին, հավատում էիր ավելի, քան Աստծուն, երբ Մեկին, այսինքն ինձ, սիրում էիր ավելի, քան քեզ, ու հիմա, երբ նա, այսինքն Մեկը, չգիտի իր անելիքը, ծխելը թողել է ու ճարպակալում է անիմաստ, մարզվում է, որ կույսերն ու երիտասարդ կանայք ավելի ցանկասեր լինեն իր ներկայությամբ, թեկուզ շատ կարճ ներկայությամբ. ասենք, երկու հատ փոքր մատնաքաշ գնելու չափով:

Պատմության վերջում, Մեկը կվառի ծխախոտը հետևյալ եղանակով. կվերցնի բազմաթիվ լուցկու տուփերից հենց սա, գրպանում ճմրթվողը, կբացի, կհանի կիսաանվնաս հատիկ, կբռնի հատիկը ոչ այնպես, ինչպես բռնվում է՝ հարմար, որը մշակվել, հղկվել է մի քանի սերունդների փորձառությամբ, կչխկացնի տուփի եզրի գրգռուն շերտին կիթառահարի պես ու մի, մեն մի ակորդ կհնչի՝ չըխկ-հը՜շշշ, ու կրակը, որպես լարի իններտիվ թրթիռ-արձագանք, նախ կուռճանա, կհամակերպվի իր հզորությանը, ապա սահելով փայտիկի վրայով՝ աստիճանաբար կնվազի, բայց ներսով կխտանա, կբարկանա ու երբ հասնի բթամատին ու ցուցամատին, վրաթեք գլանակի ծայրը կմոտեցնի ու կվառի ծխախոտը՝ մատները վառելու ցավին համահունչ:

Ձվածեղը սեղանին է: Մեկը երկրորդ փոքր մատնաքաշից պտղունց պտղունց պոկում, թաթախում է դեղնուցի մեջ, ուտում, ընթացքում մտածելով՝ ինչ անի էս մարդը, ինչի համար զանգեց, ինչի համար եկավ.
– Ես չեմ եկել, որ պատմեմ՝ ինչ է եղել, ես եկել եմ, որովհետև չգիտեի ուր գնալ:
– Լավ ես արել: Կեր:
– Որ պատմեմ, չես հավատա, կծիծաղես, չես հավատա, որ էս դարում, հնարավոր ա մեր տարիքում լուցկու պատճառով տենց կռիվ ու պատմություն լինի:
– Կեր ապեր, հաց կեր:
Ապերը հաց ուտելով հիշում է, հիշում ու ուտում, թե ոնց կատաղեց Զրոն, երբ տեսավ հերթական լուցկու տուփերը, որոնք Մեկը խանութից բերեց երկու քսան ու մեկ տասը դրամանոց մետաղադրամների փոխարեն: Բայց ինչո՞ւ: Ինչ վատ բան կա լուցկի ունենալու մեջ, հետո ինչ, որ հիմա լուցկի չի օգտագործվում: Լուցկի վառելը մեկի համար արարողակարգ է: Ո՞ւմ է խանգարում:
– Դնելու տեղ չկա:

Ուրեմն, Մեկը այսուհետ կեղծանուն կընտրի իրեն, կնստի սեղանի դիմաց, կվառի լուցկու հատիկը, կսպասի՝ կրակը կհասնի մատներին, կթքոտի մյուս ձեռքի ցուցամատն ու բթամատը, կբռնի հատիկի արդեն վառված, բայց դեռ այրող գլխիկից, որ մինչև վերջ, մինչև պոչ մոխրանա հատիկը, ու կդնի սեղանին: Այսպես՝ ամբողջը, ինչքան կա:

Սևացած կույտով կհիանա, կհամեմատի սարերի հետ, գյուղերի հետ, քաղաքի հետ, սգացող ու տոնող հանրային կուտակման հետ, կհավաքի խոշոր ափերի մեջ հետո այս ամենը, կտրորի, կքսի դեմքին ու դուրս կգա փողոց, վերընթաց ճանապարհով կքայլի տուն, ու բոլորը կհասկանան, որ նա իր անելիքը գիտի, նա իր անելիքն իմացել է վաղուց, պարզապես հոգնել է, հուսալքվել է, հարբեցող է դառել, իգամոլ է դառել, սերմնացանից դառել է սպերմաթափ, բայց հիմա, մի քիչ ուրիշ է ամեն ինչ, և, վերջապես, ինքն իր մարզվածությունը կարող է օգտագործել սթափեցնող ապտակ հասցնելու համար:

– Ես հո Աստված չեմ, որ քեզ ասեմ ինչ անես: Դու լավ գիտես՝ ինչ պիտի անես:
– Ըհը,- վերջին պտղունց հացով, վերջին անգամ սրբեց ափսեի հյութեղ դեղինն ու մի փոքր հրեց իրենից առաջ՝ հասկանալով, որ ինքն էլ Աստված չէ, բայց կարող է լինել:
Մեկը հրաշալի հասկանում է, որ Զրոն իրեն ոչնչացնում է որպես մեկ, բայց առանց նրա, ինքը չի կարող դառնալ տասը, հարյուր, հազար, միլիոն և այլն: Է՜, մի դառի, այ ախպեր, ով ասեց, որ պիտի դառնաս: Դու ստե՞ղ ես: Հա բա: Դե առաջ ընկի: Գնո՞ւմ ենք: Հա: Իմացա՞ր անելիքդ: Քո գործը չի: Լավ:

Հայելու դիմաց մի պահ կանգնեց Մեկը կոշիկները հագնելիս. նույն Մեկն էր, ուղղակի մի քիչ ուրիշ: Վեց հարյուր քսանը չկար. ձվածեղ սարքողը վերցրել էր, որ դուրս գալուց դնի իր, այսինքն՝ իմ՝ Մեկի գրպանը: Մյուս գրպանում, անընդհատ ծխող, «ես հո Աստված չեմ» ասող վերջին հարկի բնակչի տված տասը հազարանոցն էր:
– Շնորհակալ եմ, բայց ես չէի եկել, որ…
– Տաքսու փող ա: Գիտեմ, որ չէիր եկել, որ…
– Լավ մնացեք, հաջողություն:
– Հաջող ապեր,- դուռը ծածկեց ծերացող մեկը՝ թիկունքում զգալով իր՝ համեղ ձվածեղ պատրաստող, ծերացող Զրոյի ձվաձև հուսալիությունը:

Անձրևի պատրաստվող, այսինքն՝ վերսկսմանը պատրաստվող դրսում, տաքսուն մոտենալուց առաջ, մտավ խանութ: Հերթ էր՝ տարբեր զրոների ու մեկերի, մեծ ու փոքր, հաստ ու բարակ, լայն ու նեղ, ծեր ու ջահել: Աչքը ծխախոտի ցուցափեղկին՝ սպասում է՝ չնայելով նույն երիտասարդ կնոջը, ով քնելոց առաջ, սպառված ու մեղկ, հանրագիր է գրելու իր իրականության անիրական պատին. «Էն պահը, երբ սպառված ես հոգով, մտքով, մարմնով, սրտով… կներեք, բայց ես չեմ հավատում էլ՝ ամեն տեղ նույն անպտուղ ձեռնաշարժությունն է… խաղաղ ու դատարկ գիշեր ու քուն…»,- ու բազմանշանակ, մի քանի, իրարից անկապ էմոջիներ:

– Ախպերս, ես պապիրոս եմ վեգալըմ մենակ, ոչի՞նչ,- հերթից առաջ ընկած, չոր ու ցամաք մեկի ձայնը Մեկին հետ բերեց պայծառատեսության անշնորհակալ ներհայեցումից:

– Սաղս է պապիրոս ենք վեգալըմ, ախպերս, ոչինչ,- ագրեսիայի բացարձակ բացակայությամբ հենց հիմայով սկսեց ապրել ախպերը:
Վեց հարյուր քսան դրամով մի տուփ ծխախոտ, մի շոկոլադ ու… մի տուփ լուցկի: Դուրս գալուց մի քիչ ուրիշ ժպիտով ժպտաց երիտասարդ կնոջը՝ հավատով, որ գիշերը նա կանխատեսած հանրագիրը չի ավելացնի նախընտրական քարոզարշավից տնքացող իրականության ճակատագրին: Մեկին տուն տանող տաքսին նախ կհարցնի՝ ծխո՞ղ ես, կասի՝ չէ, ինչո՞ւ: Ուզում էի ծխել, ասի չխանգարեմ:

Ծխեք հանգիստ, ես էլ եմ նոր ծխել, բա էդ ոնց եղավ, որ ծխող չես, դե թարգել եմ, ուղղակի, մեկ մեկ ծխում եմ, որ չմոռանամ, կարող ա նենց հիշես, որ էլ չուզենաս մոռանաս, այ ախպեր, ծխախոտը վառելիս, հազիվ կխուսափի վթարից հերիք չի, մի հատ էլ ես քու լավի բերանը կքունի անհասցե, Մեկն էլ կասի՝ ի՞նչ եղավ, կասի՝ խփում էր բոզի տղեն ու կծխի, կծխի, անցնելով՝ «ծխելը կրճատում է կյանքը» սոց գովազդային վահանակի տակով ու արգելակելով, «եթե մտահոգ ես, ընտրիր ինձ» վահանակի մոտ:

Հետո, երբ կարմիր լույսը կդառնա կանաչ, դանդաղ կքշի՝ ընթացքում վերլուծելով սպասվելիք ընտրություններն ու կանխատեսելով ներգաղթի ու արտագաղթի համեմատական ցուցանիշները, կհասնի Ազատության պողոտա, կանցնի Հաղթանակի զբոսայգու մոտով, Մեկին տուն կհասցնի, ինքն էլ իր տուն կգնա՝ տասհազարանոցի մանր չունենալուց ներվայնացած, իսկ մինչ այդ, ես, այսինքն, դու, այսինքն՝ Մեկը, դուրս կգա խանութից: Դուրս եկավ խանութից:

Թաց նստարանին նստեց, կանխավայելումը չարագացնելով բացեց ծխախոտի տուփը, ինչպես ջահել ժամանակներում ատամներով տուփից հանեց գլանակը, չմարող վարպետությամբ ուղղեց շուրթերի արանքում ու վառեց նույն՝ կիթառահարի լուցկով ակորդահարելու պես: Առաջին ներշնչումը վերդարձրեց նրան կյանք, երկրորդը գրկախառնեց կյանքին, երրորդը ավելի պինդ ու ամուր, չորրորդը մերձեցրեց, հինգը ներծծեց նրանց զմիմյանս, վեցերորդը հասցրեց հաճույքի գագաթնակետին, յոթերորդը պահեց գագաթում, ութերորդը ժայթքումի նախապատրաստեց, իններրոդ ներքաշն ու վերջ:

Կտտացրեց ֆիլտի ծայրին մխացող կայծոռիկին, մատների մեջ տրորեց ու գնդված ֆիլտրը միջնամատի եղունգին դրած հպեց բթամատի մատնահետքին, կտրուկ ցատկեցնելով նետեց աղբամանը: Չէ, դեռ կարողանում է լինել յան, ինչ եղել է: Տաքսին կանգնեց: Նստեց: Ո՞ւր: Ասեց: Շարժվեցին:

Զրոն շոկոլադ էր ուզում: Հղի է:

01.12.2018
Երևան

Աղբյուրը՝ granish.org


 Պիտակներ



 Նմանատիպ նյութեր

 Մեկնաբանություններ 0
Copyright © 2018 ScanNEWS. Design created by Fon uWeb