«Իմ քայլը» հակված է համամասնական ընտրակարգով ընտրությունների գնալուն. Մակունց

Քաղաքական 23.03.2021   12:34   70

ԱԺ «Իմ քայլը» խմբակցությունը հակված է Ընտրական օրենսգրքում ամբողջապես համամասնական համակարգին անցում կատարելու փոփոխություններն ընդունել: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը:

««Իմ քայլը» խմբակցությունը հակված է Ընտրական օրենսգրքում ամբողջապես համամասնական համակարգին անցում կատարելու փոփոխություններն ընդունելուն և համամասնական ընտրակարգով արտահերթ ընտրություններին գնալուն: Այս պահին քննարկումներ են ընթանում»,-ասաց Մակունցն ու հավելեց՝ քննարկումներից հետո իրենց դիրքորոշումը կհայտնեն:

Քննարկումը ներառում է տարբեր սեգմենտներ: Մակունցի վստահեցմամբ՝ Ընտրական օրենսգրքի փոփոխությունների մասին փաթեթը եղել է բավականին ներառական, մասնակցություն են ունեցել տարբեր ուժեր: 

Անդրադառնալով հարցին, թե կփոխեն միայն ընտրակա՞րգը և անցում կկատարեն ամբողջությամբ համամասնականի՞, թե՞ այլ փոփոխություններ էլ կընդունվեն՝ Մակունցն ասաց. «Ընտրական օրենսգրքի փոփոխությունները բավականին մեծ փոփոխություններ են ենթադրում, և այդ հատվածով նույնպես պետք է որոշում կայացնել, նաև փոփոխությունները պետք է իրատեսական լինեն առաջիկա արտահերթ ընտրությունների համար»:

Անդրադառնալով ԼՀԿ ղեկավար Էդմոն Մարուքյանի դիտարկմանը, որ եթե Ընտրական օրենսգրքում փոփոխություններ արվեն, ԼՀԿ-ի հետ պայմանավորվածությունները ջուրը կընկնեն, Մակունցն ասաց, որ եթե հասկանան, թե պայմանավորվածությունն ինչ է ամբողջապես ներառում, այդ ժամանակ կմեկնաբանի:

Մակունցը նշեց նաև, որ նախընտրական ցուցակը կգլխավորի Նիկոլ Փաշինյանը: Ցուցակի մասին այլ քննարկումներ և հրապարակումներ անելը դեռ վաղ համարեց:


 Պիտակներ
         «Իմ քայլը»


 Նմանատիպ նյութեր

 Մեկնաբանություններ 0
Copyright © 2018 ScanNEWS. Design created by Fon uWeb